Փարաքարում ջուրը ծորակից չեն խմում, իսկ Մուսալեռի շենքերի կոյուղին լցվում է ոռոգման համակարգ․ ինչ լուծումներ են առաջարկում

Փարաքարում խմելու ջուրը գրաֆիկով է հասնում բնակիչներին, իսկ ծորակից հոսող ջուրը շատերի համար վաղուց խմելու ջրի աղբյուր չէ։ Ջուրը հավաքում են տարաների մեջ, պոմպերով մղում տուն, իսկ խմելու համար՝ գնում ջրի վաճառքի սարքերից։ Պատճառներից մեկը մաշված ջրագծերն են, որոնց վթարներն ավելանում են։ Խնդիրը միայն ջրամատակարարմանը չի վերաբերում․ համայնքում փորձում են փոխել նաև հին կոյուղագծերը, իսկ որոշ բնակավայրերում դեռ կենտրոնացված ջրահեռացման համակարգ չկա։ Ի՞նչ է փոխվում Փարաքարում, և ո՞ր խնդիրներն են դեռ լուծման սպասում։

Փարաքարում փողոցների բարեկարգումը սկսվում է խմելու և կոյուղու նոր ցանցի կառուցումից և ավարտվում ասֆալտապատմամբ։ Համայնքի 9 բնակավայրերից միայն Փարաքարն ունի ջրահեռացման կենտրոնացված ցանց, որն անվճար սպասարկում է համայնքապետարանը։ Սակայն այստեղ էլ կոյուղագծերի և խմելու ջրի համակարգի մաշվածության հետևանքով ավելացել են վթարների ու խցանումների քանակը՝ ասում են բնակիչները։

«Վատ վիճակում էր, անընդհատ լցվում ու խցանվում»

«Մեր փողոցին կոնկրետ դա պետք էր, կոյուղին չէր քաշում։ Ամեն ամիս մենք փողոցի բնակիչներով փող էինք հավաքում, բայց արդեն վերջերս գյուղապետարանն էր աջակցում, գալիս մաքրում էին։ Խմելու ջրի խողովակներն էլ լրիվ փտած են, մի քանի տեղից վթարված»։

Բնակիչը մատնացույց է անում իրենց փողոցի սկզբնամասում վնասված ջրագիծն ու լավատեսորեն սպասում դրանց նորացմանը։ Իսկ կոյուղին արդեն փոխում են։

«Նոր խողովակներ ենք անցկացրել, հիմա միացնում ենք առանձնատների կոյուղագծերին։ Հինը հեռացնում ենք ու միացնում նորին»։

Խմելու ջրագծերից ու ջրի որակից դժգոհում են շատերը։ Ջուրը Փարաքարում մատակարարվում է գրաֆիկով։ Ծորակից գրեթե չեն խմում։ Բնակիչները նկատել են, որ ամռանն ու աշնանը ջրի որակի զգալի տարբերություն կա։

«Մենք առնում ենք, էս Գառնու ջուրն ենք վերցնում, որովհետև մերը խմելու չի։ Մի քանի անգամ ես ու երեխաներս աղիքային ինֆեկցիայով հիվանդացանք։ Իրոք, խմել չի լինում։ Շշի մեջ ջուր ենք լցնում, դնում, մի քանի օր անցնում է, ահավոր է, դեղին—դեղին է։ Խմելու ոչ պիտանի ջուր է, էլի։ Բայց, գիտե՞ք, դա նաև սեզոնային է, հոկտեմբեր ամսվանից ջուրը կարգավորվում է»։

«Խմելու ջրի խնդիր մենք վաղուց ունենք, ամռանը քլորն էնքան շատ են խառնում, որ չենք կարող օգտվել էդ ջրից։ Ամանները լվանում ենք, վրան ջրի հետքեր են մնում։ Սովորական օգտագործում ենք, բայց չենք խմում»։

«Ջրի մաքրության խնդիրն է, որ կասկածում ենք՝ ի՞նչ ենք խմում։ Առաջինը՝ կուզենայինք, որ մաքուր ջուր խմեինք, հետո ջրի մատակարարման ժամերն ավելացնեին։ Եթե թաղամասի դիրքն էլ լավ չի, բարձր է՝ ջուր չի գալիս, որոշ փողոցներ չի հասնում»։

Հիմնականում ջուր ունենում են առավոտյան ժամերին։ Բնակիչները հավաքում են տարաների մեջ, հետո պոմպերով մղում տուն։ Իսկ խմելու համար գնում են Գառնիի ջրի վաճառքի սարքերից՝ 1 լիտրը 10 դրամով։

Փարաքար համայնքում խմելու ջրագծերը սկսել են փոխել ջրամատակարար ընկերության հետ գործակցելով։ Ծախսերը կիսել են․ ընկերությունը տրամադրում է բոլոր նյութերը, իսկ համայնքապետարանը՝ փոխում։ Հաջորդ տարի Փարաքարում նախատեսել են խմելու ջրագծերը նույնպես նորոգել սուբվենցիոն ծրագրով՝ ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը։

«2027թ․ սուբվենցիոն ծրագրով արդեն սկսել ենք հայտեր ներկայացնել, նախատեսել ենք ամբողջ աշխատանքները ներառել մի նախագծում։ Այսինքն՝ կոյուղու, խմելու ջրի ցանցերի փոխարինումն ու ասֆալտապատումն իրականացվում է մի նախագծով, մի ծրագրի շրջանակում, և մի շինարարի կողմից»։

Այս տարի փոխարինվում է նաև Թաիրով բնակավայրի կոյուղու ցանցի մի հատվածը։ Փարաքարի բոլոր բնակավայրերում կան բազմահարկ շենքեր, որոնց ջրահեռացման համար հորեր են փորել։ Իսկ Մուսալեռի բազմաբնակարան շենքերի կոյուղին լցվում է ոռոգման համակարգ։

Ի՞նչ լուծում է նախատեսվում խնդրի կարգավորման նպատակով՝ «Ռադիոլուրի» հարցին համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը պատասխանեց․

«Մուսալեռում կոյուղու ջրահեռացման համակարգ չի եղել։ Սեպտիկ հորերը լուծումներից մեկն է, բացի նրանից, որ դա թանկ հաճույք է, պետք է նաև սպասարկել, որը բավականին ծախսատար է և համայնքի համար ֆինանասական լուրջ խնդիր է։ Էս պահին փորձում ենք հասկանալ՝ ուրիշ ինչ օպտիմալ, ավելի լավ լուծում կարող ենք գտնել»։

Այս տարի սուբվենցիոն ծրագրով Փարաքարում նորոգվելու է 5 փողոց՝ ստորգետնյա ենթակառուցվածքներով, իսկ Բաղրամյանում ու Նորակերտում՝ մեկական փողոց միայն ասֆալտապատվելու է։ Այդ գյուղերում խմելու ջրագծերը փոխվել են տարիներ առաջ, իսկ KFW գերմանական բանկի միջոցներով հիմնանորոգվում են Արևաշատի և Մուսալեռի խմելու ջրի համակարգերը։

Leave a Comment