«Ուժեղ Հայաստանը» առաջարկում է քննիչ հանձնաժողով ստեղծել ԶՈՒ մահերի և Շաքիի միջադեպի հարցերով

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում առաջարկել է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։

«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով», – հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Քննարկումն ուղեկցվել է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Աբրահամյանի հարցադրմանը, թե «պետք է պարզել Պաշտպանության նախարարը ֆեյք է, թե ոչ», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ժողովրդի մանդատով է ձևավորել իշխանությունը։

«Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի, որը պարզվեց՝ ոչ հաջորդն է, ոչ էլ երբևէ լինելու է վարչապետ», – հայտարարել է Ռուբինյանը։ Նա նաև արձագանքել է պնդմանը, թե Սամվել Կարապետյանն իրենից լավ է տիրապետում հայերենին՝ առաջարկելով միասին շարադրություն կամ թելադրություն գրել։

Ավելի ուշ իրավիճակը դահլիճում լարվել է ընդդիմադիր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։ ԱԺ նախագահ Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը՝ պատճառաբանելով, որ պատգամավորը օրակարգից չի խոսում։ Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցները վատնելու մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։

Դրանից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ և քաշքշուկ է սկսվել։ Ռուբինյանն ընդմիջում է հայտարարել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment