Ադրբեջանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողներ Պակիստանում մասնակցել են հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Զորավարժություններն անցկացվել են Կարաչի քաղաքում՝ Ադրբեջանի և Պակիստանի պաշտպանության գերատեսչությունների միջև ստորագրված համագործակցության արձանագրության համաձայն։
Զորավարժությունների ընթացքում հատուկջոկատայինները կատարել են ահաբեկչական խմբերի կողմից գրավված նավի ազատագրման, պատանդների փրկության և ջրասուզակային գործողությունների հետ կապված առաջադրանքներ։
Ադրբեջանի ՊՆ-ի տվյալներով՝ զորավարժությունների նպատակն էր հատուկ գործողությունների անցկացման ոլորտում փորձի փոխանակումը, մասնակից երկրների ստանդարտ գործառնական ընթացակարգերին ծանոթանալը, հրաձգության և ծովային գործողությունների իրականացումը մարտական պայմաններին մոտ միջավայրում, ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների փոխգործակցության բարելավումը։
Հուլիսին Բաքուն հայտնել էր Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի մասնակցությամբ «Միասնության ուժ-2026» համատեղ զորավարժությունների մասին։
