Եթե վարկը մարեք վաղաժամկետ, բանկը կարո՞ղ է տուժանք կիրառել

Վարկը ժամկետից շուտ մարելու իրավունքն օրենքով սահմանված է անվերապահորեն՝ անկախ նրանից, թե պայմանագրում այդ մասին գրված է, թե ոչ։ Ավելին, այդ դեպքում կրեդիտավորողն իրավունք չունի կիրառել տույժ կամ սպառողի վիճակը վատթարացնող այլ միջոց, իսկ վարկավորման ընդհանուր ծախսը պետք է համամասնորեն նվազեցվի։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով։

Ի՞նչ է սահմանում օրենքը

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սպառողն իրավունք ունի պարտավորությունները ժամկետից շուտ կատարել անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք պայմանագրով նախատեսված է, թե ոչ։

2-րդ մասով այդ դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը, այսինքն՝ բոլոր տոկոսներն ու վճարումները, որոնք սպառողը պարտավոր էր վճարել կրեդիտավորման համար։

Տույժ կարո՞ղ են կիրառել

Ոչ։ 10-րդ հոդվածի 4-րդ մասով այդ իրավունքն իրականացնելու դեպքում կրեդիտավորողը չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ՝ տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց։

Իսկ 3-րդ մասը ավելի հեռուն է գնում. այդ իրավունքը սահմանափակող, ինչպես նաև տույժ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է։ Այսինքն՝ եթե պայմանագրում նման կետ կա, այն իրավական ուժ չունի, նույնիսկ եթե դուք ստորագրել եք։

Ո՞ր վարկերի վրա է տարածվում օրենքը

Օրենքը տարածվում է սպառողական կրեդիտների վրա՝ անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված։ Այն կիրառվում է նաև մինչև 5 միլիոն դրամ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների, ինչպես նաև գերփոքր կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված՝ նույն չափի կրեդիտների վրա։

Ո՞ր դեպքերում օրենքը չի գործում

3-րդ հոդվածով օրենքի պահանջները չեն տարածվում՝

  • 15 միլիոն դրամը գերազանցողկրեդիտավորման պայմանագրերի վրա,
  • բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի վրա, որոնք կարգավորվում են առանձին օրենքով,
  • այն պայմանագրերի վրա, որոնցով տոկոս կամ այլ հատուցում նախատեսված չէ,
  • վարձակալության պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականության իրավունքն անցնելու է վարձակալին։

Այսինքն՝ 15 միլիոնից ավելի վարկերի և հիփոթեքի դեպքում գործում են այլ կանոններ, և պայմանագրի պայմանները որոշիչ են։

Յոթ օրվա մտածելու ժամանակը

Օրենքի 9-րդ հոդվածով սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանությանմիակողմանիորեն լուծել կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ։

Այդ դեպքում սպառողը վճարում է միայն գումարն օգտագործելու տոկոսները՝ տարեկան փաստացի տոկոսադրույքով։ Որևէ այլ հատուցում նրանից պահանջվել չի կարող։

Նույն իրավունքը գործում է նաև այն դեպքում, երբ լուծվել է այն գործարքը, որը ֆինանսավորվում էր վարկով՝ օրինակ, ապրանքի առքուվաճառքի պայմանագիրը։

Ի՞նչ պետք է լինի պայմանագրում

4-րդ հոդվածով պայմանագիրը կնքվում է գրավոր, և սպառողը պարտադիր ստանում է մեկ բնօրինակ։ Պայմանագիրը պետք է ներառի տարեկան փաստացի տոկոսադրույքը, դրա փոփոխման կարգը, վճարումների չափը և ժամկետները, պատասխանատվության միջոցները, վաղաժամկետ մարման իրավունքի և մտածելու ժամանակի մասին նշումները։

Ընդ որում, 5-րդ մասով պայմանագրի պայմանները պետք է շարադրվեն պարզ գրական հայերենով, իսկ 3.1-ին մասով սպառողը ձեռագրով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը։

Ի՞նչ տեղեկատվություն պետք է ստանաք ամեն ամիս

17-րդ հոդվածի 2-րդ մասով կրեդիտավորողը պարտավոր է ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամսպառողին ներկայացնել գրավոր տեղեկատվություն պարտավորությունների, դրանց առաջացման հիմքերի և մարումների մասին, ներառյալ՝ կիրառվող տույժերի սպառիչ ցանկը և դրանց կիրառման կարգը։

Սպառողն իրավունք ունի ընտրել հաղորդակցման միջոցը և փոխել այն տարին մեկ անգամ, իսկ այդ իրավունքը սահմանափակող պայմանը առ ոչինչ է։

Ի՞նչ կարող եք պահանջել իրավունքի խախտման դեպքում

20-րդ հոդվածով խախտման դեպքում սպառողն իրավունք ունի դիմել դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին։

Իսկ եթե խախտումը հաստատվի, հօգուտ սպառողի գանձվում է 300 000 դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ կրեդիտավորողը մինչև դիմելու օրը վերացրել է խախտումը և հատուցել իրական վնասը։

Առանձին կանոն կա պայմանագրի թերությունների մասին. եթե պայմանագրում ներառված չեն պարտադիր տեղեկությունները, կրեդիտավորողը պարտավոր է այն համապատասխանեցնել օրենքին երեք աշխատանքային օրվա ընթացքում, և բոլոր ծախսերը կրում է ինքը։

Ամփոփում

Ամփոփելով՝ վարկը ժամկետից շուտ մարելու իրավունքը սահմանված է օրենքով՝ անկախ պայմանագրի բովանդակությունից, այդ դեպքում տույժ կամ այլ պատասխանատվության միջոց կիրառել չի կարելի, իսկ նման պայման նախատեսող համաձայնությունն առ ոչինչ է, վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկավորման ընդհանուր ծախսը, պայմանագիրը կարելի է առանց պատճառաբանության լուծել կնքմանը հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում, օրենքը չի տարածվում 15 միլիոն դրամը գերազանցող վարկերի և բնակարանային հիփոթեքի վրա, իսկ իրավունքի խախտման դեպքում հօգուտ սպառողի գանձվում է 300 000 դրամ,  տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Վարկային պայմանագրերի հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment