Կրակոցներ Կոտայքում․ հրազենի կիրառման ու շրջանառության հարցը դարձյալ արդիական է դառնում

Կոտայքի մարզում պարեկային ծառայության երկու աշխատակիցներ հրազենային վնասվածք են ստացել։ Ըստ ՆԳՆ-ի՝ պարեկները իրավախախտ վարորդի են հայտնաբերել, որը չի ենթարկվել «կանգառ» ազդանշանին։ Այնուհետև մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ։ Այս դեպքը դարձյալ արդիական է դարձնում հրազենի շրջանառության և կիրառման նկատմամբ վերահսկողության հարցը։ Ի՞նչ սահմանափակումներ են գործում քաղաքացիական անձանց մոտ զենքի առկայության դեպքում, և ի՞նչ պայմաններում կարող է հրազեն կիրառել ոստիկանության ծառայողը։

Հոկտեմբերի 5-ին Կոտայքի մարզում պարեկային ծառայության հերթապահությունը վերածվել է հրազենային միջադեպի։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը պարեկային ծառայության կարգախմբերից մեկից տեղեկություն է ստացել, որ ծառայողները իրավախախտ վարորդի են հայտնաբերել։ Նա չի ենթարկվել պարեկների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին։ Դրանից հետո մեքենայից կրակել են ոստիկանների ուղղությամբ։ Երկու պարեկային ծառայող վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Մյուսի կյանքին վտանգ չի սպառնում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է հիվանդանոցում գտնվող ոստիկանին։ Նախարարը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը ծառայողի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել նախարարին։

Կոտայքում տեղի ունեցած միջադեպը կրկին արդիական է դարձրել հրազենի շրջանառության և կիրառման թեման։ Դեռ անցած տարի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, ՆԳ նախարարն անդրադարձել էր օրինական և ապօրինի զենքերի գործադրմամբ հանցագործությունների վիճակագրությանը․

«Վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, թե հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, այլևս չկա։ Մեր տվյալներով՝ բավականին շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք կատարվում են օրինական զենքերով»։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,2 տոկոսով։ Միաժամանակ 2024 թվականի համեմատ 2025-ին 42,2 տոկոսով ավելի զենք-զինամթերք է առգրավվել․

«Անդրադառնալով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններին և նաև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը՝ նշեմ, որ թեև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն աճել են 24 դեպքով, աճել են նաև դրանց բացահայտման դեպքերը։ Ընդհանուր առմամբ ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ»։

Քաղաքացիական զենքի շրջանառության վերահսկողությունից զատ՝ օրենսդրությամբ առանձին կարգավորվում է նաև ոստիկանության ծառայողների կողմից հրազենի կիրառումը։ «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողն իրավունք ունի հրազեն գործադրելու։ Մասնավորապես՝ հրազենի կիրառումը թույլատրվում է ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում։ Օրենքը նախատեսում է նաև տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելու հնարավորություն, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար և չի ենթարկվում ոստիկանության ծառայողի՝ մեքենան կանգնեցնելու ազդանշանին։

Հենց այս դրույթն է առանձնահատուկ նշանակություն ստանում Կոտայքում տեղի ունեցած դեպքի համատեքստում։ Ոստիկանության ծառայողների կողմից հրազենի կիրառման կարգը սահմանվում է նաև ՆԳ նախարարի համապատասխան հրամանով հաստատված գործելակարգով։

Մասնավորապես՝ ամրագրված է, որ ոստիկանության ծառայողին արգելվում է անհիմն և անհարկի պատրաստի վիճակի բերել հրազենը։

Միաժամանակ՝ ընթացող փոխադրամիջոցի նկատմամբ հրազեն կիրառելիս ծառայողը պետք է հաշվի առնի, թե արդյոք իրական սպառնալիքը վերացնելու այլ ողջամիտ միջոց չկա։ Այսինքն՝ հրազենի կիրառումը դիտարկվում է որպես բացառիկ միջոց, որի կիրառման համար օրենքն ու գործելակարգը նախատեսում են հստակ պայմաններ։

Կոտայքում տեղի ունեցած հրազենային միջադեպից հետո հայտնաբերվել են հանցագործությունը կատարելու համար կասկածվող երկու անձինք և «Հյունդայ» մակնիշի մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ մեքենայի վարորդն ու ուղևորը Կոտայքի մարզի բնակիչներ են։ Հայտնաբերման պահին նրանք եղել են անսթափ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment