Բժիշկները փորձում են փրկել Շաքիում վիրավորված կնոջ ոտքը․ նոր մանրամասներ

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հրազենից վիրավորված Անի Ավետիսյանին առնվազն ևս երեք վիրահատություն է սպասում, իսկ առողջության վերականգնումը կարող է ամիսներ տևել։ Միջադեպի ականատես երեք երեխաներն էլ, հարազատների խոսքով, հոգեբանական ծանր վիճակում են։

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հրազենից վիրավորված Անի Ավետիսյանի ոտքը վիրահատել են։ Ընտանիքի փոխանցմամբ՝ վիճակն այնպիսին է, որ բժիշկներն այժմ պայքարում են ոչ միայն նրա առողջությունը վերականգնելու, այլև ոտքը փրկելու համար։ Անի Ավետիսյանի քույրը՝ Լուսինե Ավետիսյանը, «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասաց, որ դեռ երեք վիրահատություն էլ պետք է անեն․

«Սկզբում մաքրել են ոտքը։ Բժիշկն ասում է՝ ոսկորը ամբողջությամբ փշրված էր, երկու բուռ ոսկորի փշրանքներ ու բեկորներ են հանել։ Երեք տեղից ջիլն էլ կտրված է։ Բժիշկն ասում է՝ չգիտի՝ դա ինչից է եղել, հնարավոր է՝ ընկնելուց, և կրակոցի հետ կապ չունենա։ Մատներից էլ երկուսը չկան՝ ճկույթի կողքի երկու մատները»։

Անի Ավետիսյանի բուժումը շարունակվում է։ Ընտանիքի անդամների փոխանցմամբ՝ վիրահատությունը կատարվել է շտապ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար․

«Հիմա ասում են՝ իմպլանտ պետք է դնեն, և դրանից հետո ոտքը կարճանալու է։ Այս պահին պայքարում ենք ոտքը պահպանելու համար։ Հետագայում նաև ապարատներ պետք է դնեն, որպեսզի ոտքը նորից երկարացնեն։ Բժիշկներն ասում են, որ դեռ չգիտեն՝ վերջնական արդյունքն ինչպիսին կլինի»։

Այս պահին ընտանիքը բուժման հետ կապված որևէ ֆինանսական աջակցության կարիք չունի։ Բուժման ծախսերը պետությունն է հոգում։

 ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան փոխանցել է, որ բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: «Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկների հսկողության տակ է»,— ասել է Ծատրյանը:

Զինված ադրբեջանցու՝ իրենց տուն մտնելու և մոր հետ պայքարի տեսարանին ականատես երեք երեխաները հոգեբանական բարդ վիճակում են։ Տուժածի քրոջ՝ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ երկու տղաներն այժմ իր մոտ են, իսկ աղջիկը՝ մյուս քրոջ։ Նրա փոխանցմամբ՝ խանգարվել է երեխաների քունը․ 

«Շատ սթրեսային վիճակում են։ Գիշերները չեն քնում, դեղ են խմում, որ կարողանան քնել։ Բժիշկն էլ ասել է, որ պետք է դեղորայքով օգնեն, որ երեխաները կարողանան հանգստանալ։ Շատ ծանր վիճակ է։ Ասում են՝ ձայները, նույնիսկ որոշ լուրեր ազդում են երեխաների վրա»։

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ պարզվել էր, որ հանցանքը կատարել է Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի զինծառայող, որ հանցագործությունից րոպեներ անց ձերբակալվել և կալանավորվել է։

ԱԱԾ-ն հայտնել էր նաև, որ ադրբեջանցի զինծառայողը դաստակի հատվածում վնասվածք է հասցրել Անի Ավետիսյանի անչափահաս որդուն։ Նրա անչափահաս քույրը, ըստ հաղորդագրության, հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել․

Ամենաբուռն քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես է ադրբեջանցին անցել սահմանը, և ինչպե՞ս համապատասխան ծառայությունները չեն նկատել նրան։ «Ռադիոլուր»–ին, սակայն, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռազմական ոստիկանությունն ու սահմանապահ ուժերը տեղյակ են եղել ներթափանցմանը։ Նրանց էլ այդ մասին իրենց հերթին փոխանցել էին գյուղացիները, որոնք Տեղ գյուղի անտառամերձ տարածքներում նկատել էին, ըստ որոշ աղբյուրների, ադրբեջանական զինվորական համազգեստով մարդու։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ռազմական ոստիկանությունը մի քանի օր ուժեղացված ստուգումներ է անցկացրել տեղանքում ու մարզից դուրս եկող ճանապարհներին։

Այս կապակցությամբ հայտնի դարձավ, որ Դավիթ Սանամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Արդյոք պաշտոնանկությունը որևէ կապ ունի Սյունիքում տեղի ունեցած միջադեպի հետ՝ պաշտոնապես չի հաղորդվել։
Պաշտպանության նախարարությունը, կրկին դեպքի հետ ուղիղ կապի մասին չհաղորդելով, փոխանցում է, որ նախարարը տեսակապային խորհրդակցություն է անցկացրել «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։

Միջադեպը շարունակում է մնալ հանրային ու քաղաքական քննարկումների կիզակետում։ Հարցերից մեկն էլ ադրբեջանցի զինծառայողի ճակատագիրն է։ Հնարավոր կամ նախանշվող քայլերի մասին «Ռադիոլուր»–ի հարցադրումներին ի պատասխան  դեռ որևէ պատկան կառույցից չեն արձագանքել։

Leave a Comment