Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների և դեռահասների առողջության, պատվաստումների, հոգեկան առողջության, առողջ ապրելակերպի և սնուցման, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

«Երեխաների առողջության և բարեկեցության ապահովումը մեր քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ երկարամյա և արդյունավետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս համատեղ առաջ մղել այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություններն ու ապահովել դրանց կայուն արդյունքը։ Վստահ եմ, որ նոր ծրագիրն ամուր հիմք կստեղծի մեր համատեղ աշխատանքի հետագա ընդլայնման և սահմանված նպատակների իրականացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու համակարգված աշխատանքը՝ ծրագրով նախատեսված առաջնահերթությունները գործնական արդյունքների վերածելու և յուրաքանչյուր երեխայի համար առողջ, անվտանգ և զարգացող միջավայր ապահովելու նպատակով։

Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը, որի շրջանակում առանձնացվել են չորս հիմնական առաջնահերթություններ՝ երեխաների առողջության և զարգացման խթանում, որակյալ կրթության հասանելիության ապահովում, երեխաների պաշտպանության համակարգի ամրապնդում, ինչպես նաև երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանության ու դիմակայունության ուժեղացում։

Leave a Comment