Ամուսինը մահացել է. ո՞վ է ժառանգում բնակարանը այսօր և ի՞նչ կփոխվի 2027 թվականի հունվարի 1-ից

Այսօր ամուսնու մահվան դեպքում համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի՝ մահացածին պատկանող բաժինը մտնում է ժառանգության զանգվածի մեջ և բաժանվում է բոլոր առաջին հերթի ժառանգների միջև՝ երեխաների, ողջ մնացած ամուսնու և ծնողների։ 2027 թվականի հունվարի 1-ից ամուսինները կստանան հնարավորություն գույքը գրանցել ամուսնու բացառիկ սեփականության իրավունքով, և այդ դեպքում բնակարանն առաջին մահվան պահին ժառանգության զանգվածում չի ներառվի։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, նոր կարգավորումը սահմանված է 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-321-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

Ո՞վ է ժառանգում այսօր

Քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածով առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները, իսկ թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։ Նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով։

201-րդ հոդվածով ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը ամուսինների համատեղ սեփականությունն է։ Այսինքն՝ մահվան դեպքում ժառանգվում է ոչ թե ամբողջ բնակարանը, այլ մահացածին պատկանող բաժինը, իսկ ողջ մնացած ամուսինն իր բաժինը պահպանում է որպես սեփականատեր և միաժամանակ մասնակցում է մյուս բաժնի ժառանգմանը։

Ի՞նչ գույք չի ժառանգվում որպես համատեղ

201-րդ հոդվածի 2-րդ մասով մինչև ամուսնությունը ձեռք բերված գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում նվեր կամ ժառանգություն ստացած գույքը այդ ամուսնու անձնական սեփականությունն է։

Սակայն 4-րդ մասով անձնական գույքը կարող է ճանաչվել համատեղ սեփականություն, եթե ամուսնության ընթացքում ընդհանուր միջոցներով կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են դրա արժեքը՝ հիմնական վերանորոգում, վերակառուցում կամ վերասարքավորում։

Գույքի բաժանման մանրամասները՝ այս նյութում։

Քանի՞ ամսում պետք է դիմել

1227-րդ հոդվածով ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։

1226-րդ հոդվածով այն ընդունվում է նոտարին դիմում հանձնելով, բայց նաև փաստացի տիրապետելու միջոցով՝ երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու համար, իր հաշվին կատարել է պահպանման ծախսեր կամ վճարել է ժառանգատուի պարտքերը։

Ուշադրություն. 1225-րդ հոդվածով ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում, իսկ մի մասի ընդունումը նշանակում է ամբողջի ընդունում։

Ի՞նչ է լինում, եթե ժամկետը բաց եք թողել

1228-րդ հոդվածով հնարավոր է երկու ճանապարհ։

Առանց դատարանի՝ եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը, որը վավերացվում է նոտարական կարգով։

Դատական կարգով՝ եթե ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին, և պատճառները վերացվելուց հետո վեց ամսվա ընթացքում դիմել է դատարան։ Մանրամասները՝ այստեղ։

Պարտքերը ևս ժառանգվո՞ւմ են

Այո։ 1244-րդ հոդվածով ժառանգները պատասխանատվություն են կրում իրենց անցած գույքի արժեքի սահմաններում, ընդ որում՝ համապարտ։ Պարտատերերը պահանջները կարող են ներկայացնել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։ Մանրամասները՝ այս նյութում։

Ի՞նչ է փոխվում 2027 թվականի հունվարի 1-ից

ՀՕ-321-Ն օրենքի 2-րդ հոդվածով Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը լրացվում է նոր 1.1-ին մասով, որով ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ ամուսինների համատեղ դիմումի հիման վրա գրանցվում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը։

Այդ գույքն ամուսիններից մեկի մահվան դեպքում չի ներառվում ժառանգության զանգվածում և մինչև մյուս ամուսնու մահը շարունակում է պատկանել ողջ մնացած ամուսնուն։

Օրենքի 6-րդ հոդվածով 1186-րդ հոդվածը լրացվում է նոր 3-րդ մասով, ըստ որի այդ գույքը ժառանգության զանգվածում ներառվում է երկու ամուսինների մահից հետո, իսկ առաջինը մահացած ամուսնու ժառանգությունն այդ գույքի մասով բացվում է երկրորդ ամուսնու մահվան օրը։

Վերաբերո՞ւմ է արդեն ձեռք բերված գույքին

Այո։ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով բացառիկ սեփականության իրավունքի կարգավորումները կիրառելի են նաև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ամուսնության ընթացքում ձեռք բերված և համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ։

Այսինքն՝ ամուսինները չեն սահմանափակվում միայն 2027 թվականից հետո ձեռք բերված գույքով։

Կարելի՞ է միայնակ որոշել

Ոչ։ 201-րդ հոդվածի նոր 1.1-ին մասով գրանցումն իրականացվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա։ Իսկ այն դեպքում, երբ բնակարանը գրանցված է միայն մեկի անվամբ, համատեղ սեփականությունը նախ պետք է գրանցվի. այդ կարգը ներկայացված է այս նյութում։

Ամփոփում

Ամփոփելով՝ այսօր ամուսնու մահվան դեպքում համատեղ գույքում նրա բաժինը մտնում է ժառանգության զանգվածի մեջ և բաժանվում է առաջին հերթի ժառանգների՝ երեխաների, ամուսնու և ծնողների միջև հավասար բաժիններով, ժառանգությունն ընդունվում է վեց ամսվա ընթացքում՝ նոտարին դիմելով կամ փաստացի տիրապետելով, ժամկետը բաց թողնելու դեպքում հնարավոր է վերականգնել մյուս ժառանգների համաձայնությամբ կամ դատական կարգով, ժառանգները պարտքերի համար պատասխանատու են ժառանգած գույքի արժեքի սահմաններում, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից ամուսինները կարող են համատեղ դիմումով գույքը գրանցել ամուսնու բացառիկ սեփականության իրավունքով, և այդ դեպքում այն առաջին մահվան պահին չի ժառանգվի, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Նոր ինստիտուտի մասին ավելի մանրամասն կարդացեք այս նյութում և այստեղ։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Ժառանգության ընդունման, ամուսինների գույքի բաժանման և կողակցի սեփականության իրավունքի գրանցման հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։






Կարդացեք նաև՝

Leave a Comment