«Աղոթքի նախաճաշ 2026»-ի երկրորդ օրը նվիրված էր աղոթքին, խորհրդածությանը և միասնության գաղափարին։ Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ նախաձեռնությունն այս տարի մեկ հարկի տակ է համախմբել տարբեր եկեղեցիների, կրոնական համայնքների, պետական կառույցների, դիվանագիտական շրջանակների և հասարակական կյանքի ներկայացուցիչների՝ ստեղծելով երկխոսության և փոխըմբռնման հարթակ։
Միջոցառմանը ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչները, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների, ինչպես նաև բապտիստական և այլ քրիստոնեական համայնքների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների խոսքով՝ այս ամենը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության «Աղոթքի նախաճաշը» կարողացել է մեկ հարկի տակ համախմբել հասարակության տարբեր շերտերի, տարբեր համայնքների և տարբեր գաղափարական հայացքներ ունեցող մարդկանց։
Օրհներգով և աղոթքով մեկնարկեց Հայաստանի «Աղոթքի նախաճաշ 2026» միջոցառման երկրորդ օրը։ Միջոցառումը բացվեց Հայ Առաքելական եկեղեցու Սրբազան Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ։
Միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ հյուրեր՝ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ Հայաստանի «Աղոթքի նախաճաշը» համախմբում է խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության արժեքները կիսող մարդկանց։ Աղոթքի նախաճաշի կազմկոմիտեի հիմնադիր և նախագահ Ստեփան Սարգսյանի խոսքով՝ նախաձեռնության հեռահար նպատակը նաև տեսլական ձևավորելն է, որի համաձայն Հայաստանը պետք է ներկայանա որպես կրոնական ազատության, բարեկեցության, հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության արժեքների վրա հիմնված առաջատար երկիր։
Ծրագիրը մեկնարկեց քրիստոնեության պատմությանն ու արժեքներին նվիրված տեսանյութի ցուցադրությամբ։
«Աղոթքի ախաճաշի» երկրորդ օրվա հիմնական շեշտադրումը, ըստ կազմկոմիտեի հիմնադիր և նախագահ Ստեփան Սարգսյանի, աղոթքն է, խորհրդածությունն ու անհատի և Աստծու միջև երկխոսությունը։
«Կցանկանայի, որ այսօր ձեր աղոթքներում հիշեիք այդ մասին և աղոթեիք, որպեսզի մեր ժողովրդի և մեր երկրի մեջ հոգևոր արթնությունն ավելի լայն թափ ստանա, հոգևոր արժեհամակարգն ավելի խոր արմատներ գցի, իսկ յուրաքանչյուր մարդ իր առօրյայում և գործունեության ընթացքում առաջնորդվի հոգևոր արժեքներով»։
Ստեփան Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ նաև խաղաղության կարևորությանը՝ ընդգծելով, որ առանց խաղաղության հնարավոր չէ կառուցել անվտանգ և բարեկեցիկ ապագա։
«Մենք կարող ենք ունենալ հոգևոր արթնություն և ազգային համերաշխություն, սակայն եթե չկա խաղաղություն՝ թե՛ մեր հասարակության ներսում, թե՛ հարևանների և ամբողջ տարածաշրջանի հետ հարաբերություններում, չենք կարող կառուցել բարեկեցիկ և անվտանգ ապագա մեր և մեր երեխաների համար»։

Նա ներկաներին կոչ արեց աղոթել խաղաղության համար։
«Կցանկանայի, որ ձեր այսօրվա աղոթքներում խնդրեիք Ամենակարող Աստծուց խաղաղություն՝ մեր երկրի, մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»։
«Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումում ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հավատքի, ազգային ինքնության, քրիստոնեական արժեքների և պետականության փոխկապակցվածությանը։ Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշեց, որ հայ ժողովրդի ազգային ինքնության հիմնասյուներից մեկը հայոց այբուբենի ստեղծումն է։ Նա հիշեցրեց, որ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենով գրված առաջին տեքստը եղել է Աստվածաշնչի «Առակաց գրքի» առաջին հատվածը, որով էլ սկսեց իր ելույթը։
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, հասկանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի խորիմաստ դարձվածքները, ճանաչել ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն, իսկ երիտասարդներին՝ միտք ու հանճար տալու համար, որպեսզի իմաստունը, լսելով, ավելի իմաստուն դառնա, իսկ հանճարեղը՝ առաջնորդություն ստանա, թափանցի առակների ու խորին ասույթների, իմաստունների խոսքերի և նրանց այլաբանությունների մեջ»։
Փաշինյանն անդրադարձավ նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով հայ ժողովրդի Ավետյաց երկիրն է։ Նրա խոսքով՝ այս ընկալումն ունի նաև հոգևոր հիմքեր, քանի որ հայկական քրիստոնեական կարևորագույն սրբավայրերը՝ Օշականը, Խոր Վիրապը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանի Հանրապետության տարածքում են։

«Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, մեր քրիստոնեական ինքնության արտահայտությունն է։ Հայաստանի Հանրապետությունը մեր Ավետյաց երկիրն է»։
Վարչապետն անդրադարձավ նաև խորհրդային տարիներին ձևավորված հասարակական վերաբերմունքին՝ նշելով, որ այդ շրջանում հավատացյալ լինելը հաճախ ընկալվում էր որպես հասարակությունից առանձնացված կամ մերժված լինելու նշան։ Նրա գնահատմամբ՝ այդ մտածողության որոշ դրսևորումներ պահպանվել են նաև անկախությունից հետո։
«Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հավատա Աստծուն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր Ավետյաց երկիրն է։ Քրիստոնեությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և հայոց լեզուն մեր ազգային ինքնության հիմնասյուներն են։ Հետևաբար հավատացյալ լինելը չպետք է ընկալվի որպես հասարակությունից առանձնացված կամ արտասովոր երևույթ, այլ՝ որպես մեր ինքնության բնական դրսևորում»։
«Աղոթքի նախաճաշ 2026»-ի մասնակիցների համոզմամբ՝ նման ձևաչափերը նպաստում են երկխոսության, փոխըմբռնման և խաղաղության մշակույթի ամրապնդմանը՝ արժևորելով հավատքը, համերաշխությունն ու համագործակցությունը։