Հին նմուշի փաստաթուղթը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ անցումային գործընթացի կազմակերպման նպատակով 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը։

Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնական տեղեկատվական հարթակներում: Նոյեմբերի1-ից Հայաստանում կդադարեն տպագրվել հին նմուշի անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Կենսաչափական անձնագրերի ինքնարժեքը 28 650 դրամ է, նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։

Այս գումարը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի, ներառում է ոչ միայն փաստաթղթի, այլև ամբողջ ենթակառուցվածքի արժեքը՝ սպասարկում, անվտանգության համակարգեր և միջազգային նույնականացման հնարավորություն։ Դավթյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նոր համակարգի ներդրման հետ կապված մի շարք մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով՝ Նոր փաստաթղթերն ինքնին չեն ենթադրում առանց վիզայի մուտք եվրոպական երկրներ։ Դրանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի ամենակարևոր և ծավալուն ենթակառուցվածքային նախապայմանն են։

Leave a Comment