Ուկրաինայի՝ ԵՄ–ին անդամակցությունը մինչև 2027 թ․ հունվարի 1-ը իրատեսական չէ։ Այս ամսաթիվը հստակ նշել էր Ուկրաինայի նախագահ Զելենսկին, սակայն պարզվում է՝ Բրյուսելը որևէ զիջման չի դիմի, եթե երկիրը պատրասատ չէ։ Եվրոպացի պաշտոնյաներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել ԵՄ անդամակցության հարցում նկատվող դանդաղկոտությունից։ Նրանք զգուշացրել էին, որ եթե ԵՄ–ն չբացի դռները թեկնածու երկրների առջև, ապա մրցակիցների համար նոր հնարավորություններ կստեղծի։
ԵՄ–ին անդամակցելու հարցում որևէ արտոնություն կամ զիջում չկա՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այս հայտարարությունն արվել է ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ակնկալիքների․
«2027 թ. հունվարի 1–ը ժամկետ սահմանել է նախագահ Զելենսկին։ Անդամակցության գործընթացը հիմնված է ձեռքբերումների վրա, և ակնհայտ է, որ այդ ժամկետն իրական չէ։ Ես հասկանում եմ, որ Կիևը և շատ ուրիշներ ԵՄ-ին անդամակցությունը դիտարկում են որպես անվտանգության երաշխիք։ Ուկրաինայում պատերազմը փոխեց եվրոպական աշխարհաքաղաքականությունը, և դրա հետևանքներից մեկն այն է, որ ընդլայնումը կրկին առաջնահերթություն է դարձել ոչ միայն Ուկրաինայի, այլև ուրիշ երկրների համար։ ԵՄ-ին անդամակցության գործընթացում չկա ոչ մի արտոնություն կամ զիջում»:
Ուկրաինայի՝ ԵՄ անդամ դառնալու հնարավորության մասին Մարթա Կոսը խոսել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այս պահին ԵՄ անդամակցության ճանապարհին ամենամոտը Չեռնոգորիան է, քանի որ այդ երկիրը համապատասխանում է անդամակցության համար նախատեսված պայմաններին։ Եվ երբ Ուկրաինան էլ համապատասխանի Եվրոպական բոլոր չափանիշներին, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի քննարկել այդ հարցը։ Այժմ ԵՄ անդամ դառնալու հերթացուցակում Չեռնոգորիայից հետո Ալբանիան է, որին հաջորդում են Մոլդովան և հետո միայն Ուկրաինան։
Բայց Կոսը նաև ասել է, որ 2027 թվականի հունվարին ԵՄ-ին Կիևի անդամակցության անհնարինությունը չի նշանակում, որ Ուկրաինային աջակցություն չի տրամադրվի։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան պայքարում է իր գոյության համար, հետևաբար Եվրոպայի պարտքն է օգնել այդ երկրին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս է հայտարարել ԵՄ անդամ դառնալու կարևորության մասին․
«Մենք դիմում ենք Եվրոպական միությանը Ուկրաինայի անհապաղ անդամակցության համար՝ նոր, հատուկ ընթացակարգով։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ հետ լինելու համար, բայց մեր նպատակն է՝ լինել բոլոր եվրոպացիների հետ միասին և, ամենակարևորը, լինել հավասար պայմաններում։ Վստահ եմ, որ սա արդար է։ Վստահ եմ, որ մենք արժանի ենք դրան։ Վստահ եմ, որ այս ամենը հնարավոր է»։
Մի քանի օր առաջ Politico-ն, հղում անելով Եվրահանձնաժողովի իր աղբյուրներին, գրել էր, որ ԵՄ–ն ծրագրում է տարբերակված մոտեցում կիրառել ավելի հեռանկարային թեկնածու երկրների ինտեգրման հարցում։
Ըստ այդմ՝ առանձին ճանապարհային քարտեզներ կպատրաստվեն Ուկրաինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի համար։
Յուրաքանչյուր փաստաթուղթ կպարունակի հստակ, քայլ առ քայլ նպատակային պլաններ՝ ներառյալ բարեփոխումների կոնկրետ պահանջները։
Նոր ռազմավարությունը ենթադրում է թեկնածուների բաժանում առաջատարների և, այսպես ասած, հետ մնացողների։ Վրաստանի, Թուրքիայի և Սերբիայի հայտերի համար առանձին պլաններ չեն մշակվի, քանի որ Բրյուսելը մտահոգություններ ունի այդ երկրներում ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում հետընթացի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Politico-ն նշում է, որ թեև Ուկրաինան, Մոլդովան, Չեռնոգորիան և Ալբանիան համարվում են «հեռանկարային», նրանց՝ միություն ընդունելու գործընթացը դանդաղ է, իսկ ժամկետը՝ անորոշ։
Ընդլայնման քաղաքականության վերանայումը թելադրված է խիստ աշխարհաքաղաքական անհրաժեշտությամբ՝ գրում է պարբերականը։ ԵՄ պաշտոնյաները մտահոգված են, որ ինտեգրման չափազանց դանդաղ ընթացքը կարող է հուսահատություն առաջացնել թեկնածու երկրներում և հնարավորությունների պատուհան բացել մրցակիցների ազդեցության համար։
Այս խնդիրը մեղմելու համար ԵՄ-ն դիտարկում է աստիճանական ինտեգրման հայեցակարգը։ Բրյուսելը ծրագրում է բարեփոխել հենց բլոկի ներքին աշխատանքային մեխանիզմները։
Հաշվի առնելով Հունգարիայի փորձը, որն օգտագործում էր վետոյի իրավունքը առանցքային որոշումները արգելափակելու համար, Եվրահանձնաժողովը ցանկանում է ներդնել մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա նոր անդամներին տապալել համաեվրոպական քաղաքականությունը։ Մասնավորապես՝ քննարկվում են արտակարգ իրավիճակների վերաբերյալ դրույթներ և անցումային շրջաններ այդ երկրների համար։
Ակնկալվում է, որ ընդլայնման քաղաքականության մանրամասները ԵՄ ղեկավարությանը կներկայացվեն հոկտեմբերի 6-ին, իսկ ինտեգրման ռազմավարությունը կդառնա հոկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի ունենալիք գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։