Շինհրապարակի ողբերգությունից հետո․ ի՞նչ բացահայտումներ է անում տեսչական մարմինը

Երևանում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի հետևանքով շինհրապարակում վերամբարձ կռունկի ընկնելու պատճառով երեք մարդ զոհվեց, կրկին ուշադրության կենտրոնում է դրել աշխատանքի անվտանգության ապահովման հարցը։ Ինչո՞ւ տվյալ շինհրապարակը պլանային ստուգումների ցանկում չէր, ի՞նչ վերահսկողություն է իրականացրել տեսչական մարմինը մինչ դեպքը, ինչպիսի՞ խախտումներ են ամենահաճախը արձանագրվում շինարարության ոլորտում, և ի՞նչ փուլում են դեպքի ուսումնասիրություններն ու ջրի որակի վերաբերյալ ստուգումները։

Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ շինհրապարակում ընկած վերամբարձ կռունկի հետևանքով 3 մարդ զոհվեց, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է նախաձեռնել։ Դեպքի օրը կատարվել է զննություն, իսկ ուսումնասիրությունները շարունակվում են։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է․

«Նախ պետք է պարզենք՝ տվյալ շինհրապարակում և տվյալ կազմակերպության կողմից պահպանվել են անվտանգության նորմերը, թե ոչ։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել արդյունքների մասին»։

Նրա խոսքով՝ վերահսկողության ընթացքում ստուգվում է օրենսդրությամբ, կառավարության որոշումներով և նախարարի հրամաններով սահմանված բոլոր պահանջների պահպանումը։ Սակայն գնահատել, թե արձանագրված խախտումները պատճառահետևանքային կապ ունեն արդյոք դժբախտ պատահարի հետ, տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում չէ։ Այդ հարցի պատասխանը կտրվի վարչական և քրեական վարույթների ավարտից հետո։

Սարգսյանը նաև ընդգծում է, որ տեսչական մարմինը գործում է ոչ միայն դժբախտ դեպքերից հետո։ Նրա խոսքով՝ ամենօրյա ռեժիմով իրականացվում են վերահսկողական և կանխարգելիչ միջոցառումներ, պահպանվում է հետադարձ կապը տնտեսվարողների հետ, ինչպես նաև իրականացվում են աշխատանքի անվտանգության վերաբերյալ իրազեկման աշխատանքներ։ Միաժամանակ նա շեշտում է, որ վերահսկողության բացակայության մասին խոսել չի կարելի։ Տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է ինչպես տարեկան ծրագրով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ։

«Հայաստանում գործում է ավելի քան 100 հազար տնտեսավարող սուբյեկտ։ Աշխատանքի օրենսդրության վերահսկողությամբ զբաղվող տեսուչների թիվը շուրջ 60 է, իսկ աշխատանքի անվտանգության վերահսկողությամբ՝ մոտ 30։ Այդ պատճառով մեր ռեսուրսներն առաջին հերթին ուղղվում են առավել բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններին»։

Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ տվյալ շինհրապարակը այս տարվա պլանային ստուգումների ցանկում չի եղել, քանի որ տեսչական մարմինը ռիսկայնությունը գնահատում է ոչ թե շինհրապարակների, այլ կազմակերպությունների մակարդակով։ Սակայն դեռ մինչև դժբախտ պատահարը՝ սեպտեմբերի 11-ին, այստեղ իրականացվել էր իրազեկման այց՝ աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

«Այդպիսի այցերը պլանային ստուգումներ չեն և միտված են աշխատանքի անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Այցի ընթացքում տնտեսավարողներին ներկայացվում են անվտանգության պահանջները, տրվում են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ տեսանելի խախտումների դեպքում առաջարկվում է դրանք անհապաղ վերացնել։ Եթե հորդորը չի կատարվում, դա կարող է հիմք հանդիսանալ արդեն ստուգում իրականացնելու համար»։

Տեսչական մարմնի ղեկավարը նաև ներկայացնում է, թե ինչպիսի խախտումներ են ամենից հաճախ արձանագրվում շինարարության ոլորտում։

«Ամենահաճախ հանդիպող խախտումները վերաբերում են անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների բացակայությանը, տեխնիկական փորձաքննություն չանցած սարքավորումների շահագործմանը, աշխատակիցների ոչ բավարար իրազեկվածությանը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներին»։

Նրա խոսքով՝ կռունկ շահագործող յուրաքանչյուր կազմակերպություն պարտավոր է ապահովել սարքավորման տեխնիկական փորձաքննությունը, նշանակել անվտանգ շահագործման պատասխանատուներ և երաշխավորել, որ կռունկավարն ունի համապատասխան որակավորում։ 2026 թվականի ընթացքում տեսչական մարմինը շինհրապարակներում իրականացրել է 38 վերահսկողական միջոցառում, որոնցից 25-ի ընթացքում արձանագրվել են տարբեր խախտումներ։

«2025 թվականին  տեսչական մարմնում ստացված տեղեկատվությամբ 25 դժբախտ դեպք շինհրապարկներում, 10 մահ, 15 վնասվածք։ Հարուցվել է 30 վարչական վարու յթ։ 2026 թվականին  8 դժբախտ դեպք շինհրապարկներում , 10 վարչական վարւոյթ, 9 մահ»։

Եթե տնտեսավարողը չի վերացնում արձանագրված խախտումները, տեսչական մարմինը կատարում է վերստուգում և կիրառում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները։

«Կան տնտեսավարողներ, որոնք նույնիսկ առանց ստուգումների պահպանում են անվտանգության կանոնները։ Բայց կան նաև այնպիսիք, որոնք խախտումները վերացնում են միայն տեսչական ստուգման վտանգից ելնելով։ Մինչդեռ աշխատանքի անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն՝ անկախ վերահսկողությունից»։

Լրագրողների հետ զրույցում անդրադարձ եղավ նաև վերջին շրջանում հանրային լայն քննարկումների առիթ դարձած ջրի որակի խնդրին։ Խոսքը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանին, Բյուրեղավանին և Ծավ համայնքին։ Սլավիկ Սարգսյանի խոսքով՝ ջրի որակի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի դեպքում տեսչական մարմինը անմիջապես նախաձեռնում է ստուգումներ՝ անկախ պլանային վերահսկողությունից։

«Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացված ստուգումների ընթացքում ջրի որակի խախտումներ չեն արձանագրվել։ Միաժամանակ նախաձեռնվել է լայնածավալ ուսումնասիրություն՝ բոլոր ջրագծերի և ջրաղբյուրների վերաբերյալ։ Փորձաքննությունները դեռ ընթացքի մեջ են»։

Ստուգումները շարունակվում են նաև Բյուրեղավանում, իսկ Ծավ համայնքում, ըստ տեսչական մարմնի ղեկավարի, նախազգուշական նպատակով ժամանակավորապես սահմանափակվել է ջրի օգտագործումը և բնակիչներն ապահովվել են այլընտրանքային ջրամատակարարմամբ։

Թե շինհրապարակում տեղի ունեցած ողբերգության պատճառները, թե ջրի որակի վերաբերյալ շրջանառվող մտահոգությունները դեռևս վերջնական պատասխաններ չունեն։ Երկու դեպքում էլ տեսչական մարմնում վստահեցնում են՝ ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ վերջնական եզրակացությունները կհրապարակվեն միայն բոլոր վարչական և լաբորատոր գործընթացների ավարտից հետո։

Leave a Comment