Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում տեղի ունեցածը հասավ նաև ԵԽԽՎ ամբիոն, որտեղ ներկայացվել են Խաղաղության օրակարգին զուգահեռ ընթացող իրադարձությունները, որոնք հանրության շրջանում աղմուկ, բուռն քննարկում ու տարատեսակ հարցեր են առաջացրել։ Հոկտեմբերի 1-ին՝ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինաբար մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և զենքից արձակել կրակոցներ՝ վիրավորելով տանտիրոջը: Մուսաևը դիմել է փախուստի, ապա հայտնաբերվել Շաքիի մեկ այլ հասցեում և ժամը 15:30-ի սահմաններում ձերբակալվել։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով Հայաստանի Գլխավոր դատախազությունը Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածների 6 կետով։ Ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Մուսաևը, ըստ Քննչական կոմիտեի, կալանավորվեց 2 ամսով։
«Առողջությանը ծանր վնաս հասցնելու» մեղադրանքն առաջադրվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տանը տեղի ունեցածի համար։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի հետ հանդիպումից հետո հիվանդանոցներում են հայտնվել երկու երեխա և նրանց մայրը։ Պաշտոնական տվյալներով՝ վիրավորվել է 1987 թվականին ծնված տան բնակիչը, իսկ նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երկու երեխաները ևս բժշկական օգնության են դիմել։ Ավագ երեխայի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։ Վերջինիս քույրը լրագրողներին պատմել է․
«Զենքով հարձակվել է երեխաների վրա, հեռախոսները ձեռքերից վերցրել է։ Երեխան այդ պահին հեռախոսը միացրած է եղել, գոռացել է, մայրը լսել է։ Երեխաները ձայն են տվել, ասել են՝ մամ, մի մոտեցի, զինված է։ Բայց ինչպե՞ս կարող էր չմոտենար։ Երեխայի վրա է պահել, որ խփի, քույրս ձեռքը պահել է, մատներն է կորցրել՝ 3 մատը, ոտքին է խփել»։
Իրավապահները թույլ չեն տալիս դեպքի անմիջական մասնակիցների հետ շփումը, բայց Շաքիի բնակիչները մանրամասն պատմում են եղելությունը։
Այս քննարկումների կողքին ակտիվորեն ծավալվում են նաև նոր քննարկումներ և պահանջ, որն ուղղվում է Հայաստանի ղեկավարությանը։ Մի խումբ երիտասարդներ այն բարձրաձայնեցին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ։
«Հիշելով 2024 թվականի մարտի 4–ի դեպքը, երբ ադրբեջանցի զինվորը արտահանձնվեց Ադրբեջանին բարի կամքի դրսևորմամբ, մինչդեռ ՀՀ քաղաքացիներ գերեվարված են ադրբեջանական բանտերում, մենք եկել ենք զգուշացնելու ու ասելու, որ այս անգամ այդ օրակարգը չսպասարկեք»։
Դեպքի մանրամասները քննարկելուն զուգահեռ՝ Հայաստանի հանրությանն այժմ մտահոգում է մեկ այլ հարց՝ ինչ քայլեր է ձեռնարկելու պետությունը ադրբեջանցի զինծառայողի հարցում։ Քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը, սակայն, առաջարկում է խաղաղության օրակարգից զատ՝ խնդիրը դիտարկել նաև այլ տեսանկյունից․
«ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի տալիս, որպեսզի մենք վերջնական եզրակացություն կայացնենք՝ տեղի ունեցածը մոլորված կամ դասալիք զինվորի արա՞րք է, թե՞ այլ տողատակներ կան։ Ես նման կասկած չէի հայտնի, եթե վերջին առնվազն 15 օրվա ընթացքում Ադրբեջանի հռետորաբանությունը ավելի ագրեսիվ դարձած չլիներ։ Ես ճիշտ եմ համարում, որ իրավաքրեական գնահատական տրվի ադրբեջանցի զինվորականի արարքներին, նա դատապարտվի, հետո նոր լուծվի փոխանակման հարցը։ Ճիշտ իրավական ընթացակարգը դա է։ Բայց՝ փոխանակման։ Միակողմանի հանձնում չպետք է թույլ տանք որպես հասարակություն»։
Ադրբեջանի փոխված հռետորաբանության մասին է խոսում նաև Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Ես մեծ կողմնակից եմ, որ Ադրբեջանի հետ շարունակենք խաղաղության օրակարգը, բայց համոզված չեմ, որ Ադրբեջանը վերջնականորեն կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Զուգահեռ գնացող պրոցեսները ցույց են տալիս, որ պարզապես «հալած յուղի պես» հավատալ Ադրբեջանին դժվար է։ Դատարանը պետք է պատիժ տա այս ադրբեջանցուն, որը կրակեց, վիրավորեց մեր քաղաքացիներին ու անպայման դատարանի որոշումը պետք է լինի։ Դրանից հետո, այո, կարելի է մտածել՝ ինչ անել։ Օրինակ՝ փոխանակել այդ ադրբեջանցուն այն հայերի հետ, որոնք Բաքվի բանտերում են։ Կամ եթե նույնիսկ մեր կառավարությունը բարի կամք դրսևորի, ինչ-որ քայլեր անի, ցանկացած դեպքում մինչև այդ մեր պատկան մարմինների միջոցով բոլոր գործընթացները պետք է անցնի»։
Ադրբեջանի փոխված հռետորաբանությունը վերջին օրերին նկատելի է թե՛ այդ երկրի ղեկավարի, թե նրա օգնականի խոսքում։ Իլհամ Ալիևը Հայաստանի նախկին իշխանություններին անվանել է «հանցագործ», Արցախի նախկին ղեկավարությանը՝ «պատերազմի հանցագործներ» և անգամ հորդորել չմոռանալ ՀՀ ներկայիս իշխանությունների հայտարարությունները՝ պնդելով, թե նրանք էլ ունեն տարածքային պահանջներ Ադրբեջանին։ Հիքմեթ Հաջիևն իր հերթին կրկին կարևորել է Հայաստանի սահմանադրությունը փոխելը և ակնարկել ռևանշիզմի մասին։
Խաղաղության օրակարգը կարևորելով հանդերձ՝ ադրբեջանցի զինծառայողի հանցագործության մանրամասները ներկայացվեցին նաև ԵԽԽՎ լիագումար նիստում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նարեկ Կարապետյանը խոսեց նաև եվրոպացիներից ակնկալվող պատասխանատվության մասին։
Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորականի ինքնավստահ պահվածքի մասին եվրոպացի պատգամավորներին հարց ուղղող Նարեկ Կարապետյանը նրանց հիշեցրեց նաև Հունգարիայում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ժամանակ քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության և Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնվելու դեպքը։ Կարապետյանը ԵԽԽՎ-ում այդ պատմությունը ներկայացրեց որպես նախադեպ, որը, իր գնահատմամբ, պետք է հաշվի առնել Շաքիի դեպքի համատեքստում։
ԵԽԽՎ ամբիոնից Կարապետյանը հայտարարեց, որ այս վտանգավոր շղթան պետք է ընդհատվի՝ կոչ անելով եվրոպական հանրությանը պարզապես դիտորդ չմնալ։ Նա նաև խոսեց այն մասին, որ արտահանձնում չպետք է տեղի ունենա, եթե արդարադատությունը երաշխավորված չէ։
Հանրության շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկն էլ ադրբեջանցի զինծառայողի ճակատագիրն է։ «Ռադիոլուրի» հարցադրումներին ի պատասխան պաշտոնապես դեռ որևէ կառույցից չեն արձագանքում հնարավոր կամ նախանշվող քայլերի մասին։