Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ Այդ օրը Կարապի լճում մոմավառությամբ են հիշել են դեպքերը, երբ բռնության պատճառով կյանքեր են ընդհատվել կամ խեղվել։ Միջոցառմանը մասնակցել են իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարներ, նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Վերջինս ընտանեկան բռնության դեմ պայքարի և հանրային իրազեկման արշավ է նախաձեռնել, որի շրջանակում օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում։ Կառավարությունն արդեն հավանություն է տվել նախագծին, որով առաջարկվում է ընտանեկան և կենցաղային բռնությունը Քրեական օրենսգրքում սահմանել որպես առանձին հանցակազմ և խստացնել պատասխանատվությունը։
Կարապի լճում հոկտեմբերի 1-ին մի քանի տասնյակ լողացող մոմեր վառվեցին՝ ի հիշատակ ընտանեկան բռնության պատճառով կյանքը կորցրած կանանց։ Խորհրդանշական միջոցառումը միավորել էր այս հարցով մտահոգ հասարակական ու պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների։
Նախաձեռնությունն արդեն մի քանի տարի իրականացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»–ն, որը ստեղծվել է 2010–ին։ Շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների միավորման պատճառը դաժան ծեծից 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահն էր։ Կառույցի անդամներն ասում են Զարուհու դեպքը միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ Հայաստանում բռնության համակարգային դրսևորումների մասին խոսելու և դրանց դեմ պայքարելու պատճառ դարձավ:
Դեպքին հաջորդած մեկուկես տասնամյակի ընթացքում վիճակագրությունը շատ չի փոխվել՝ ասում է կոալիցիայի նախագահ Նաիրուհի Սաֆարյանը․
«2010-15 թթ. ներառող մեր առաջին զեկույցում առնվազն 30 կնոջ սպանության դեպք է ներկայացվել։ 2016-17 թթ. զեկույցում ուսումնասիրվել է 12 կնասպանության դեպք, 18-21 թթ. անդրադարձ է կատարվել 36 դեպքի, և 2022-24 թթ. կնասպանության զեկույց ներառված են 39 կնասպանության դեպքերի նկարագրություններ և վերլուծություններ»։
Այս թվերն իրական պատկերն ամբողջությամբ չեն ներկայացնում։ Կոալիցիայի զեկույցներ են ընդգրկվում այն դեպքերը, որոնք հնարավոր է եղել նույնականացնել տարբեր աղբյուրներով, իսկ մյուսները պարզապես դուրս են մնում տեսադաշտից։ Սակայն բոլոր դեպքերում, ըստ կոալիցիայի նախագահի, կրկնվող մի հանգամանք կա․ սպանությունները հաճախ կատարվում են կնոջ համար ամենամոտ միջավայրում․
«Սպանության դեպքերը մեծ մասամբ լինում են ներկա կամ նախկին ամուսնու կամ զուգընկերոջ ձեռքով։ Ուզում եմ շեշտել, որ մեծ մասամբ այդ սպանությունները կատարվել են կնոջ տանը, այնտեղ, որտեղ ինքը բնակվում է»։
Կանխարգելման կարևոր բաղադրիչներից է նաև բռնության մասին ժամանակին բարձրաձայնելը։ Լրագրողների հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշում է վերջին տարիներին այս ուղղությամբ նկատվող փոփոխությունները․
«Վերջին տարիներին ունենք դիմելիության աճ։ Ինչո՞ւ եմ ասում դիմելիության աճ․ որովհետև այն համոզմունքն ունենք, որ ոչ թե դեպքերն են աճել, այլ դրանց մասին բարձրաձայնումների թիվը։ Բայց միամտություն կլինի մտածելը, որ նույնիսկ աճի պայմաններում մենք ունենք այն իրական պատկերը, որը կա»։
Գլխավոր նպատակն է այնպիսի իրավական, հասարակական և մշակութային միջավայր ստեղծելը, որում բռնության յուրաքանչյուր դրսևորում կհանդիպի կտրուկ մերժման, իսկ հանցանքն անպատիժ չի մնա։ Նախարարի խոսքով՝ դրան է միտված նաև շրջանառության մեջ դրված օրենսդրական նոր փաթեթը, որ փորձում է արմատապես փոխել բռնության դեպքերով իրավական և քրեական ընթացքի տրամաբանությունը․
«Եթե տվյալը հայտնի է դարձել իրավապահ համակարգին, դա արդեն ավտոմատ բերելու է քրեական վարույթի նախաձեռնման։ Այսինքն՝ մենք մասնավոր գանգատի տիրույթից տեղափոխվում ենք հանրային մեղադրանքի տիրույթ։ Որովհետև պետությունն ասում է, որ դու չես այլևս միակ պատասխանատուն, որ պիտի բարձրաձայնի դեպքի մասին և հանրայնացնի այն»։
Բռնության կանխարգելումը միայն իրավապահ համակարգի աշխատանքի հարց չէ։ Կարևոր է նաև, թե ինչ հնարավորություններ ունի կինը բռնության միջավայրից դուրս գալու և ինքնուրույն կյանք սկսելու։ Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը կարևորում է նաև այս բաղադրիչը․
«Կանանց տնտեսական ակտիվությունն է շատ կարևոր էստեղ, որովհետև, երբ որ կանայք տնտեսապես ավելի անկախ և ակտիվ և կայացած են, իրենց նկատմամբ բռնությունն էլ ավելի քիչ է լինում։ Ու հաճախ, եթե նույնիսկ լինում էլ է, չի հանդուրժվում, որովհետև իրենք գիտեն, որ կարող են ինքնուրույն հա, ժողովրդական լեզվով ասած, իրենց գլուխը պահել և պարտավոր չեն մնալ բռնարարի հետ նույն տանիքի տակ»։
Բռնության մասին բարձրաձայնելու կարևորությունը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․կանխարգելման համար կարևոր է ոչ միայն կանանց պաշտպանությունը, այլև այն արժեքները, որոնցով մեծանում են աղջիկները․
«Մենք շատ հաճախ որպես աղջկա դուստր ունեցող մայր ենք խոսում՝ պաշտպանելու մեր աղջիկներին, բայց ես շատ կարևորում եմ նաև՝ որպես տղաներ դաստիարակող մայրեր այս հարցերը ևս պետք է մենք բարձրաձայնենք։ Պիտի մասնակիցը լինենք, որ տղաների դաստիարակության մեջ բռնության բացառումը, կնոջ նկատմամբ հարգանքը, իրավահավասարությունը ևս տեղ ունենան»։
Վերջին ամիսներին ընտանեկան բռնության դեմ պայքարի և հանրային իրազեկման արշավ է նախաձեռնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նա նշում է, որ նման նախաձեռնությունների ազդեցությունն արդեն տեսանելի է։
«Կանայք, այո՛, ավելի հեշտությամբ են խոսում այդ մասին, ավելի հեշտությամբ են իրենց խնդիրները բարձրացնում, ավելի շատ են ապավինում արդեն նաև իրավապահ մարմիններին՝ հույս ունենալով, որ կստանան աջակցություն և պաշտպանություն»։
Կարապի լճում վառված մոմերն այս երեկո հիշեցում էին այն կանանց մասին, որոնց կյանքը բռնությամբ ընդհատվել է։ Բայց հասարակական ու պետական գործիչների խոսքում հիշատակը միաժամանակ վերածվում էր հարցի․ ի՞նչ անել, որ հաջորդ մոմը վառելու առիթ չլինի։