Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից տուժած 39-ամյա Անի Ավետիսյանը կորցրել է ձախ ձեռքի 3 մատը, «Ազատությանը» հայտնել է նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Նա պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել քրոջ երկու երեխային, և մայրը նրանց պաշտպանելիս է կորցրել մատները:
Քույրը մանրամասնել է կատարվածը․ նրա խոսքով՝ ադրբեջանցուն առաջինը նկատել են կնոջ դպրոցական որդին ու դուստրը: Նա պատմել է, որ դպրոցից վերադարձառնալիս երեխաները հեռախոսով են խոսել ծնողների հետ, այդ ժամանակ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպքերը։ Նրա խոսքով՝ հետո մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվորին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից խլել է հեռախոսը:
Ըստ Ավետիսյանի՝ քույրը ամուսնու հետ մեքենայով արագ հասել են տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են կնոջ ձախ ձեռքի երեք մատը։
Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգը ու այդ ժամանակ ձեռքից և ոտքից վիրավոր Անին դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Վերջինս, ըստ քրոջ, հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը։ Քույրը հավելել է, որ ադրբեջանցին փորձել է փախչել, բայց կնոջ ամուսինը նրան բռնել է
«Հետո նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը»,- քրոջ խոսքը մեջբերելով՝ հավելել է «Ազատությունը»։
Նա տեղեկացրել է, որ գիշերը երեխային վիրահատել են, իսկ աղջիկ երեխան վախեցած է։
ՀՀ սահմանը հատած ադրբեջացի զինծառայողը հոկտեմբերի 1-ին էր կրակել էր կնոջ վրա, ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ տուժել են նաև նրա երեխաները։ Զինծառայողը նույն օրը ձերբակալվել էր, ավելի ուշ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Դեպքի առնչությամբ 5 հոդվածով քրեական վարույթներ էին նախաձեռնվել, որոնք կքննվեն միասին։ Առողջապահության նախարարության հայտնել էին, որ կնոջ վիճակը կայուն է, երկու երեխայինը՝ բավարար։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ ադրբեջանցին լքել է իր ծառայության վայրը, ինչի մասին հայկական կողմին Ադրբեջանից տեղեկացրել են դեռ սեպտեմբերի 29-ին, որից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել։
