
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը երևանյան հանդիսատեսի համար միավորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի թիվ 38 և Պյոտր Չայկովսկու 4-րդ սիմֆոնիաները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել աշխարհահռչակ դիրիժոր Իոն Մարինի ղեկավարությամբ, ով առաջին անգամ էր Երևանում։

Մաեստրոն նշել է, որ տարիներ շարունակ ղեկավարելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ միշտ խորը կապ է զգացել հայկական մշակույթի հետ, իսկ իր ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովից, ով նույնպես ներկա էր դահլիճում, լսել էր նվագախմբի բացառիկ մակարդակի ու հայ հանդիսատեսի ջերմության մասին։
Իոն Մարինը նախկինում ղեկավարել է այնպիսի հանրահայտ կոլեկտիվներ, ինչպիսիք են Բեռլինի և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ և Ֆրանսիայի ազգային նվագախմբերը։ 2017 թվականին Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Արմենիա» փառատոնն այս տարի իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, իսկ նվագախմբի համերգաշրջանի գլխավոր գործընկերն է «GTB Development» ընկերությունը։