Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ և րացումներ կատարելու մասին նախագիծ։
Iravaban.net-ը ներկայացնում է, թե որ օրենքներում և ինչ փոփոխություններ են նախատեսվում։
Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվում է լրացում կատարել։
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-195-Ն օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով․
«3. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված անձի մահվան դեպքում օրենքով սահմանված կարգով նշանակվել է թաղման նպաստ, ապա հուղարկավորության ծախսերի հատուցումը նշանակվում և վճարվում է հուղարկավորության ծախսերի հատուցման գումարի ու թաղման նպաստի տարբերության չափով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից և տարածվում է այն դեպքերի վրա, երբ անձը մահացել է 2027 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կկատարվի
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ մասով․
«8. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, երբ սույն հոդվածի 1-4-րդ մասերում նշված անձը մահացել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
«Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կկատարվի
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը «սահմանված՝» բառից հետո լրացնել «թաղման նպաստը,» բառերով։
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով․
«7. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, երբ սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձը մահացել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։»։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.2-րդ գլխով.
Հոդված 36.1. Թաղման նպաստ նշանակելը և վճարելը
- Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի` Հայաստանի Հանրապետությունում մահացած անդամի Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
- Թաղման նպաստը նշանակվում է, եթե գրավոր դիմումը և անհրաժեշտ տվյալները տարածքային կենտրոն են ներկայացվել անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
- Թաղման նպաստ նշանակելը մերժվում է, եթե՝
1) դիմողը չունի թաղման նպաստի իրավունք.
2) դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները․
3) դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո.
4) անձի մահվան կապակցությամբ արդեն նշանակվել է թաղման նպաստ․
5) անձի մահվան կապակցությամբ օրենքով սահմանված կարգով նշանակվել է հուղարկավորության ծախսերի հատուցում․
6) առկա է պետական բյուջե վերականգման ենթակա՝ ավել վճարված կենսաթոշակի կամ նպաստի գումար։
- Թաղման նպաստ նշանակելու կամ նշանակելը մերժելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմողին՝ մերժման դեպքում նշելով մերժման հիմքը:
- Թաղման նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:
- Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, երբ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը մահացել է 2027 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո:»։
Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կկատարվի
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ և 6-րդ հոդվածի 8-րդ մասերը «առանձնապես ծանր» բառերից հետո լրացնել «դիտավորյալ» բառով։
Հոդված 2. Օրեքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում «վճարվում է հուղարկավորության նպաստ» բառը փոխարինել «տրվում է հուղարկավորության ծախսերի հատուցում» բառերով․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«3. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության ծախսերի հատուցում նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության ծախսերի հատուցման և միանվագ դրամական օգնության չափերը սահմանում է Կառավարությունը։»․
3) Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով․
«4. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի մահվան դեպքում օրենքով սահմանված կարգով նշանակվել է թաղման նպաստ, ապա հուղարկավորության ծախսերի հատուցումը նշանակվում և վճարվում է հուղարկավորության ծախսերի հատուցման գումարի ու թաղման նպաստի տարբերության չափով։»։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, երբ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը մահացել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։»։
Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է այն դեպքերի վրա, երբ անձը մահացել է 2027 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում։