Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված 39-ամյա կնոջ առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, այսօր հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն։ Կյանքին սպառնացող վտանգ չունենք», – գրել է նախարարը։

Նրա խոսքով՝ կնոջ երեխաների առողջական վիճակը բավարար է, նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։

Երեկ ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղ և կրակել տեղի բնակչուհու ոտքին՝ նրա երեք երեխաների ներկայությամբ։ Վնասվածքներ էին ստացել նաև կնոջ 15 և 12 տարեկան երեխաները․ մեկի մոտ ախտորոշվել էր դաստակի կոտրվածք, մյուսի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։

Ավելի ուշ ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր։ ԱԱԾ-ի տվյալներով՝ Բաքուն դեռ սեպտեմբերի 29-ին հայկական կողմին տեղեկացրել էր, որ զինծառայողը լքել է զորամասը և հնարավոր է՝ հատած լինի Հայաստանի սահմանը։

Leave a Comment