Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Report-ը, Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այս մասին հայտարարել է Բաքվում անցկացվող CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումի ժամանակ։
Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն մտահոգված է հայ հասարակության ներսում առկա որոշակի միտումներով, մասնավորապես՝ ազդեցիկ ուժերի առկայությամբ։
«Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է այն, որ հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ։ Սա կարևոր կետ է։ Ուստի, մենք նաև կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է նա։
Հաջիևն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական վճռականությունը՝ հետամուտ լինելու խաղաղության օրակարգին, գործնականում ամրապնդելու այն և կառուցելու խաղաղության այնպիսի ճարտարապետություն, որն ի վիճակի կլինի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովել հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար։