Սաղեմահայ Վիլիամի վրա հարձակումը արձակեց Ջորջ Դիիքի լեզվի քարկապը

Սեպտեմբերից ի վեր արդեն որերորդ դեպքն է, երբ Երուսաղեմի Հին քաղաքում հրեա ծայրահեղականները անարգում են սուրբ Հակոբյանց վանքը, թքում պատերին, թքում դռան առջեւ հավաքված հավատացյալների վրա, նույնիսկ փորձում են հարմար վայր նկատել բնական կարիքները հոգալու համար:

Սեպտեմբերի 28-ին սաղեմահայ լրագրող Գեղամ Բալյանը գրառում էր արել՝ «մենք հոգնել ենք, բավակա՛ն է, դադարեցրե՛ք: Ամեն օր նոր միջադեպ է լինում, ավելի նողկալի, մեր արժանապատվությունն անընդհատ նսեմացվում է»: Գրառմանը կից տեսանյութը պատկերում էր հետեւյալը՝ սուրբ Հակոբյանց վանական համալիրի պահակը նկատելով, որ մի երիտասարդ բնական կարիքներն է ուզում հոգալ՝ միզել վանական համալիրի պատին, նրան արագ հեռացնում է, ապա առաջարկում օգտվել իրենց միաբանության զուգարանից: Եւ միջադեպը «հարթվում» է՝ հրեա երիտասարդը շնորհակալություն է հայտնում, հեռանում:

Սա թերեւս բացառիկ միջադեպ է, որ նման ավարտ է ունեցել: Սաղեմահայ լրագրող Գեղամ Բալյանը, նաեւ իսրայելական լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ ծանուցում են հայերի եւ հայապատկան կառույցների վրա կրոնամոլ ծայրահեղականների հարձակումների մասին՝ x-ում գրառումներով: Դրանք, ավաղ, ոչ միշտ են հանրային պարսավանքի փոթորիկ առաջացնում, իսկ ոստիկանությունը պատշաճ քննություն անցկացնում՝ անհրաժեշտ հետեւողականությամբ:

9-ամյա սաղեմահայ Վիլիամը, որի դեմքին սեպտեմբերի 24-ին պղպեղի գազավորված հեղուկ էր փչել (pepper spray) 22-ամյա իսրայելցի մի հրեա ծայրահեղական  հուդայականության սուրբ տոնին՝ Յոմ Կիպուրի օրը, տեղական եւ արտերկրի բազմաթիվ լրագրողների ու հասարակական կազմակերպությունների ուշադրությունը գրավեց: Տեղական Channel 13-ի եթերում Յոսի Էլիի հետ հարցազրույցում իննամյա Վիլիամը պատմել էր, որ դեպքի օրը, ականջակալներով երաժշտություն լսելով Հին քաղաքից հեծանվով կից թաղամաս էր գնում, երբ իր անգլերեն խոսքը լսելուց հետո, հարձակվել են, այնուհետ դեմքն ու աչքերը սկսել են այրվել, իսկ այդ օրվանից հետո դեռ տագնապի մեջ է, դրսում, նույնիսկ տանը հեծանվորդի սաղավարտով է ման գալիս՝ պատճառաբանելով, թե այդպես կարող է պաշտպանել գլուխը:

Հայ քրիստոնյա պատանու մասին անընդհատ գրվեց, լուսաբանվեց, եւ լրագրողների հետեւողականությունն էր պատճառը, որ ոստիկանությունը փակված գործը վերաբացեց, ձերբակալեց հարձակվողին՝ 22 -ամյա ծայրահեղական իսրայելցուն:

Վիլիամին աջակցություն էր հայտնել, նրանից եւ ընտանիքից ներողություն խնդրել «Թագ Մեյր» հրեաների կրոնական կազմակերպությունը, որ պայքարում է ատելության եւ ռասիզմի դեմ:

Բայց նույն  x-ում մի ծայրահեղական Վիլիամի դեպքը նկատի ունենալով այսպիսի  բացատրություն էր գրել. «Հրեաներն իրավունք ունեն վրեժ լուծելու կրոնական ծայրահեղակաների դեմ, որ ապօրինի են: Իսրայելին ու հրեական պետությանը հակառակվող անօրինական աղանդի անդամների գործողություններին պետք է հակազդել»:

Իսրայելական աղբյուրները տարածեցին կասկածյալի ձերբակալման այս լուսանկարը: Ժողովրդավար Իսրայելում հայերի հանդեպ ատելությունը պատժվում է, Ալիեւի երկրում՝ զոհի պատմությունը վերաշարադրվում է:

Սեպտեմբերի 27-ին «The Times of Israel»-ի ծանուցմամբ, «կասկածյալը Երուսաղեմի ոստիկանական բաժանմունք է տարվել, որտեղ գիշերը հարցաքննվելու էր: Հարցաքննության արդյունքից կախված՝ կասկածյալը կարող է հաջորդ օրը դատարան ներկայանալ՝ կալանքի ժամկետը երկարաձգելու նպատակով: Իսրայելի ոստիկանությունը լուրջ է վերաբերվում անչափահասների նկատմամբ բռնության եւ ահաբեկման դեպքերին, մանավանդ երբ դրանք կատարվել են ազգայնական կամ ռասիստական դրդապատճառներով» , գրել էր իսրայելական «The Times of Israel»-ը:

Սեպտեմբերի 27-ին Իսրայելում քրիստոնյաների հարցերով հատուկ բանագնաց, Ադրբեջանում Իսրայելի առաջին դեսպանի պաշտոնակավարումն ավարտած, Իսրայելի առաջին քրիստոնյա արաբ դիվանագետ Ջորջ Դիիքը հետեւյալ գրառումն արեց x-ում. 

«Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում ձերբակալել է իննամյա հայ քրիստոնյա տղայի վրա պղպեղի «սփրեյ»ով հարձակման կասկածյալին: Ահա ինչպես պիտի վերաբերվել նման միջադեպերին՝ լուրջ, անհապաղ, զրո հանդուրժողականությամբ: Ոստիկանությունը հետեւողական է եղել հետաքննության հարցում, ապացույցներ է հավաքել, նույնականացրել, գտել կասկածյալին Իսրայելի հյուսիսում եւ ձերբակալել նրան: Այժմ հարցաքննում է՝ հարձակման հանգամանքները, դրդապատճառները պարզելու նպատակով: Իսրայելը լուրջ է վերաբերվում քրիստոնյաների հանդեպ բռնությանը: Երբ զոհը երեխա է, չի կարող անտեսում, արդարացում լինել: Ատելությունը պետք է դատապարտվի, կատարողները պատասխանատվության ենթարկվեն»:

 Դիիքը նաեւ Վիլիամին եւ նրա ընտանիքին է դիմել՝ «Ես մտածում եմ ձեր մասին, հուսով եմ, որ կզգաք Իսրայելում բազմաթիվ մարդկանց աջակցությունը, որ սարսափած են կատարվածից: Դուք լավին եք արժանի»:

Այս դեպքն ուրեմն դարձավ առաջին  «ազդակը», որ բացեց Ջորջ Դիիքի՝ հայերի հանդեպ բռնությունը չհանդուրժելու քարկապը:

Սույն դիվանագետի մասին խոսակցություն էր պտտվում, թե առաջին՝ սաղեմահայ արմատներ ունի, երկրորդ՝ հայ ընկերներ ունի, հայերին շատ լավ է ճանաչում, ծանոթ է նրանց մշակույթին, սովորույթներին, քանի որ տեւական ջերմ հարաբերություններ է պահպանում հայ ընկերների, նրանց ընտանիքների հետ: Որեւէ դեպք չի փաստել ո՛չ առաջինի, ՛ոչ էլ երկրորդի հավաստիությունը, իսկ Բաքվում դեսպան էր այն ժամանակ, երբ Արցախի հանդեպ ցեղասպանություն էր իրականացնում Ալիեւը՝ շրջափակմամբ, հայ բնակչությանը սովի մատելով, ի վերջո բռնի տեղահանությամբ: Անսպասելի չէր, որ արաբ քրիստոնյա Դիիքը հարցազրույցներում չէր դատապարտում Ալիեւի վարքը, նա միակ քրիստոնյա դիվանագետը չէր, որ Քրիստոսին ուրանում էր բռնակալի երկրում՝ շահը, քաղաքականությունը եւ պաշտոնը գերադասելով: Բայց Բաքվում պաշտոնավարումն ավարտելով, Իսրայել վերադարձած եւ քրիստոնյաների պաշտպանության հարցերով Նեթանյահուի հանձնակատարը հայերի մասին չէր խոսում, ուշադրություն եւ հոգատարություն ցույց չէր տալիս ամիսներ ի վեր, երբ հաճախակի նույն սոցհարթակում գրառումներով, տեսանյութերով պատմում էր Ավետյաց երկրում քրիստոնյաների հաստատման, նրանց հանդեպ Իսրայելի սիրո մասին: Լուռ էր:

Անչափահասի վրա հարձակումը լեզուն «արձակեց»:

Միգուցե իսկապես դառնա պաշտպանը քրիստոնյաների, հայության, նաեւ վկայություն տա, թե ինչ է տեսել Արցախում, ցեղասպանության ողջ ընթացքին հետեւելով ներսից:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Վիլիամը հեծանիվի սաղավարտով է անգամ տանը։

Leave a Comment