Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը, որտեղ արձանագրվել էին խախտումների վերաբերյալ կետեր, այդ թվում ԲՀԿ-ի խորհրդարան չանցնելու հետ կապված խախտումները, այնքան էր ոգեւորել մեր ընդդիմությանը, որը «Ուժեղ Հայաստանն» անմիջապես ասուլիս հրավիրեց, իսկ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնական հայտարարությամբ դիմեց միջազգային կառույցներին եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ կոչ անելով չսահմանափակվել արձանագարված խնդիրների փաստմամբ։
Թե ինչ պիտի անի ԵԽԽՎ-ն, չգիտեմ՝ մենք-մեր ընտրությունները, անկախացումից հետո բոլոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի այդպիսի՞ զեկույցներ ենք տեսել, թե բա՝ խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել արդյունքների վրա։
Այնպես որ երկու այլ իրողության վրա կանգ առնենք, որոնց հանրային նշանակությունն ավելի կարեւոր է, քան հետընտրական բառուբանը, մանավանդ ընդդիմությունը լավ էլ սկսել է աշխատել խորհրդարանում, եւ այն, ինչ տեսանելի է խորհրդարանական հարթակից ընդդիմադիրների առումով՝ ընտրողների շատ պատրանքներ է ցրում։
Առաջինը սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հանրային հեռուստատեսության ոչ եզակի պահվածքն էր՝ հիշատակի օրը տաշի-տուշի համերգի ցուցադրությամբ եւ դրա բացասական լայն արձագանքով հանրության մեջ, որին հետեւեցին Թաթա Սիմոնյանի, Հանրային հեռուստաընկերության ներողությունները։ Հատկապես վերջինը ցուցիչ էր այն բանի, որ հանրության տրամադրությունների մեջ վերջին շրջանում այնպիսի փոփոխություններ կան, որ Հանրային հեռուստատեսությունը, իմա՝ իշխանությունը, ստիպված էր հաշվի նստել դրա հետ, նահանջել։ Ինչու եմ ասում՝ իշխանությունը, որովհետեւ Հայաստանի անկախացումից առաջ եւ հետո աշխատելով նախ պետական, հետո հանրային կոչվող հեռուստատեսությունում, հետագայում էլ մամուլի հարթակից հետեւելով այդ կառույցի աշխատանքի շատ դրվագների, կարող եմ պնդել, որ այդ հեռուստատեսությունը այդպես էլ իր ներքին տրամաբանությամբ հանրային չդարձավ , հանրության լայն շերտերի սպասարկողը չդարձավ,այլ մնաց պետական՝ պետության, օրվա իշխանությունների տեսակետները փոխանցելով։ Նրա բովանդակային եւ լրատվական քաղաքականության խնդիրները քննարկելն առանձին նյութ է, բայց որ այդ կառույցում ի սկզբանե, ողջ ընթացքում եւ հիմա առանձնապես առանց վերեւների գիտության ոչինչ չի շարժվում, սա իմ համոզմունքն է։ Այդ առումով պատերազմի տարելիցի օրը համերգի հեռարձակումը կարելի է իշխանության մոտեցումների փորձարկման հերթական օվերտոնի պատուհանը համարել, բայց այնպիսի մի պատուհան, որը մինչեւ հիմա կիրառվածների մեջ ամենառիսկայինն ու բարոյական առումով ամենակասկածելին էր, այն է՝ ստուգել հանրության դիմակայության ռեսուրսը հետագա բարձրզգայնության որոշումներին դիմադրելու առումով /ասենք՝ հետագայում Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելիս, Անկլավների վերբերյալ որոշում կայացնելիս, աննպաստ սահմանազատումների դեպքում կամ եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելիս, ԹՐԻՓՓ-ի հետ կապված եւ այլն/։
Ասենք, որ հանրությունը, թեեւ նրան հատկապես մեր ընդդիմությունն ինչ որակումներ ասես տվել է, քանի որ նրա մեծ մասը ընդդիմության խելքին չի ընկնում, իր համար գերզգայուն հարցի վերաբերյալ դիմակայելու մաստեր-կլաս ցույց տվեց՝ բացասական այնպիսի արձագանք տալով սոցիալական ցանցերում, բանավոր ու գրավոր խոսքում, որ իշխանությանը ստիպեց հետ կանգնել բազում անգամ այլ առիթներով դրսեւորած հակումից, այն է՝ հիշատակի օրերի բովանդակությանը հակառակ տոնական միջոցառումներ իրականացնելով, իբր այդպիսով ողբալու հայերիս ավանդույթը փոխելու մտայնությամբ։
Չստացվեց, չի՛ կարող ստացվել, ամեն ինչ իր բարոյական սահմանագծումներն ունի։ Չի կարող զոհված մեր տղերքի հիշատակի օր համարվող ամսաթիվը գինու փառատոնի կամ Թաթայի համերգի ամսաթիվ լինել։ Հանրության այս դիրքային հաղթանակն իր սկզբունքներին հակառակ մոտեցումների այս մի դիպվածով ապագայում կարող է ամրապնդվել նոր դրսեւորումներով, եւ սա եւ ուզումդաս պիտի լինի իշխանության համար։ Հանրության դիմակայությունը տարբեր առիթներով արդեն կարող է ավելի ցայտուն դրսեւորվել եւ վերածվել քաղաքականի, անկախ ընդդիմությունից հանրության մեծ մասի հիասթափություններից, ու դա տեսնում են ե՛ւ միջազգային կառույցները, ե՛ւ Հայաստանի քաղաքական դասի վրա ազդեցություն ունեցող գերտերությունները։Այնպես որ երբ իշխանությունն իր գլխից վեր է թռչում եւ ուզում Սփյուռքին թելադրել, ՀՀ քաղաքացիություն ստանալու-հանձնելու հարցերը դժվարացնել կամ անտանելի դարձնել, ամբողջ աշխարհում ազատ համացանցային խոսքը գրաքննել, Վահրամ Սահակյանին սահմանափակել, իսկ սեփական ֆեյք Սերիկ Գեւորգյանին ազատ թույլ տալ՝ կին պատգամավորներին համացանցով սեքսիստական բնորոշումների սուբյեկտ դարձնել, պետք է տասն անգամ չափի ու մեկ կտրի, քանի որ ինքն այդ բոլոր որոշումներով թուլանում է, իսկ հանրությունն ուժեղանում։
Ռեցեսիան տնտեսական, աստղագիտական, առողջապահական եւ այլ ոլորտներում կիրառվող տերմին է, սակայն բարձրակետից հետ նահանջելու նշանակությամբ կիրառելի է նաեւ մեր հանրային կյանքում։ Վերը դիտարկումները բերում են այն մտքին, որ ռեցեսիան այս պահին կարելի է պրոյեկտել իշխանության /ինչու չէ՝ նաեւ ընդդիմության/ վարկանիշին, նրա քայլերի եւ մոտեցումների հանդեպ հանրության վստահության խարխլմանը կամ մեծ արագությամբ ռեցեսիային։
Մյուս իրողությունը վերաբերում է Հայաստանում ստեղծված ԱԲ կենտրոններին, որոնց վտանգավորության վերաբերյալ ռուսական կողմից հնչող տեսակետներ շարժառիթները թեեւ հասկանալի են՝ մեր երկրում Արեւմուտքի հետ կապակցված ամեն բան այս երկիրն իր դեմ կատարվող քայլ է դիտարկում, ու սա մեր հոգսը պիտի չլինի։ Սակայն այդ վերաբերմամբ հարցերին Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության եւ ԱԲ փոխնախարար Դավիթ Թադեւոսյանի պատասխանը խորհրդարանում, թե այդ վտանգների մասին դիտարկումները քաղաքականացված են, մեզ ստիպեց ուսումնասիրել խնդիրը։ Տեսեք, թե ինչ վտանգներ է մատնանշում հենց ինքը, Արհեստական բանականությունը Հայաստանի համար։
Քանի որ մեր ԱԲ կենտրոնների տեխնիկական հագեցավածությունը կապ ունի ԱՄՆ-ի հետ՝ այդ երկրի օրենսդրությամբ ամերիկյան իրավապահ մարմինները կարող են հասանելիություն ստանալ սերվերներում պահվող տվյալներին։ Կամ՝ եթե հաշվարկային հզորությունները հասանելի դառնան պատժամիջոցների տակ գտնվող երկրներին/Ռուսաստանին, Իրանին/, Հայաստանը կարող է զրկվել տեխնոլոգիաներից։
ԱԲ կենտրոնները պահանջում են հսկայական քանակի էլեկտրաէներգիա,եթե էներգետիկ ցանցը պատրաստ չէ դրան՝ էներգիայի դեֆիցիտ , գների բարձրացում տեղի կունենան։ Աշխարհաքաղաքական առումով բախվող կողմերի կիբերհարձակումների եւ տվյալների գողության թիրախ կարող է դառնալ Հայաստանը։
ԱԲ կենտրոնների հաշվարկային հզորությունները մեծ մասամբ ամերիկյան ընկերությունների են սպասարկելու, մեր ռեսուրսներն են կիրառվելու, փաստորեն, բայց մեր գիտությունն ու կրթությունը շատ քիչ մասով են սպասարկվելու։ Եւ մեր ԱԲ ոլորտի մասնագետների հոսք կարող է տեղի ունենալ ԱԲ կենտրոններ, զուտ հայկական ենթակառուցվածքները թուլացնելով։
Դե իսկ լրտեսական, հետախուզական կիբերհարձակումները հատկապես վտանգավոր են՝ ոչ բարեկամ երկրների հարեւանության պարագայում։ Ճիշտ է, նշվում է, որ Հայաստանն այս բոլոր վտանգներին դիմակայող օրենսդրության եւ ռազմավարության ստեղծում է գործարկել։
Միգուցե բջջային կապի ծառայությունների մատուցման ժամանակ հեռախոսների IMEI կոդի համապատասխանության եւ գրանցման պարտադիր պահանջի վերաբերյալ նախագծի քննարկման հետաձգումը ԱԺ-ում եւս կարելի է դիտարկել ԱԲ գործիքներով անձնական տվյալների նույնականացման համատեքստում՝ լուծումներ գտնելու եւ այդ տվյալնեի շտեմարանների հուսալիության երաշխիքների ապահովման մտահոգությամբ։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀեղինակի յութուբյան հրապրակումներին հետեւեք հետեւյալ հղումով.