«Ռադիոլուր»-ի թղթակից Արմեն Դավթյանը Մեղրի էր գնացել՝ թզի մթերման հետ կապված ռեպորտաժ պատրաստելու։ Երբ ֆերմերներից մեկի այգի է մտնում, Հանրային ռադիոյի ձայն է լսում։ Մեղրեցի ամուսինները, տեսնելով մեր թղթակցի զարմանքը, անմիջապես պարզաբանում են․ արդեն քանի տարի է՝ առավոտից իրիկուն Հանրային ռադիո են լսում։
Սյունիքի մարզի չիր արտադրողների միության նախագահ Վանիկ Քարամյանի այգին մտնելիս՝ լսեցինք Հանրային ռադիոյի ձայնը։ Զարմացանք, բայց երկարամյա ֆերմերը բացատրեց, որ միշտ են լսել, մանավանդ երբ ամուսիններով այս սեզոնին այգում են մնում։
Տիկին Գայանեն Մեղրիի քաղցրահամ մրգերով սեղան է բացում։ Վանիկ Քարամյանն առաջարկում է այն այգու զրուցարանում դնել։ Տիկին Գայանեն փորձում է չհամաձայնել՝ ռադիոյի ձայնը չի լսվի։ Ամուսինը հիշեցնում է՝ բարձրախոսով կմիացնենք։
Վանիկ Քարամյան․ «Առավոտը ժամը 8-ից միացնում ենք Հանրային ռադիոն։ Լսում ենք, շատ գեղեցիկ թեմաներ, հաղորդումներ ենք լսում։ Ոգևորված ենք, ոնց որ մեր զրուցընկերը լինի։ Հանրային ռադիոն մեզ համար շատ մեծ կարևորություն ունի»։
15 տարի շինարարության ոլորտում աշխատելուց հետո՝ 1989թ-ին, երբ հանրապետությունում շինարարական ծավալները նվազեցին, Վանիկ Քարամյանը սկսեց զբաղվել հողագործությամբ։ 2000 թվականից այգի է հիմնել՝ մոտ 3000 քմ տարածքով, միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներով չորանոցներ է կառուցել՝ արտադրամասերով ու սառնարանային համակարգով։
Ընտանեկան բիզնես է հիմնել, իսկ սեզոնին նաև 4-5 մարդու է աշխատանքով ապահովում։ Անցած ուղին է պատմում Վանիկ Քարամյանն ու հարցնում՝ իր մասին կլսի՞ Հանրային ռադիոյով։ Դրական պատասխան ստանալով՝ կատակում է՝ դե, ուրեմն՝
«Ամենահին չրագործը ես եմ այսօրվա դրությամբ Մեղրիում, ամենահին արտադրողը ես եմ, Մեղրիի դպրոցում ես դասընթացներ եմ անցկացնում՝ մարկետինգ ու չրագործության արտադրություն։ Կանչում եմ մեզ մոտ տարածքում դասընթացներ եմ անցկացնում։ Դա ողջունել են և ամերիկյան կողմը, և մեր կառավարությունը»։
Կես կատակ, կես լուրջ՝ «Ռադիոլուրից» է «բողոքում»։ Ասում է՝ շատ խիտ գրաֆիկով են աշխատում, ժամը մեկ լուրեր են, այնքան, որ հասցնում է անգիր անել ու հարևաններին պատմել։ Տեղեկանալով, որ իր մասին պատմող ռեպորտաժն էլ է «Ռադիոլուրով» եթեր հեռարձակվելու, Վանիկ Քարամյանը անմիջապես մտափոխվում է՝ «այդ դեպքում կես ժամը մեկ տվեք լուրերը»։
Տիկին Գայանեն է միանում մեր զրույցին։ Ամուսիններով ներկայացնում են իրենց սիրած հաղորդումները։
«Պատկերացրեք՝ բոլոր հաղորդումներն եմ լսում, բժշկականներն եմ լավ լսում։ Ռուբեն Մաթևոսյանի ու Մարտին Վարդազարյանի հաղորդումն ենք լսում, «Մեր բառը»՝ Վարդգես Ավետիսյանի, դա ենք շատ լավ լսում։ Ուսուցողական ծրագրեր շատ կան։ Ամեն դեպքում, հաճույքով ենք լսում, առավոտից իրիկուն միացրած է մեր ռադիոն։ Մի պահ չէր աշխատում՝ շատ վատ էինք զգում»։
Դե իհարկե, ինչ հոբելյան՝ առանց շնորհավորանքի, ասում են մեր զրուցակիցները։
«Շնորհավորում ենք 100 ամյակը։ Թող Աստված անի, մենք մի 100 տարի էլ ապրենք, 100 տարի հետո Հանրային ռադիոյի ավելի կատարելագործված ձայնը մենք միշտ լսենք»։
Տիկին Գայանեն սուրճ է եփում։ Ամուսինը նայելով ժամին, նրան է կանչում՝ «Գայան, արի, լուրերն է»։
Հայաստանում ժամը 14-ն է՝ լսում է տիկին Գայանեն ու աչքի տակով նաև ժամացույցը ստուգում։
«Հայաստանում ժամը 14-ն է։ Լուրեր Հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը։ Տաղավարում Կարեն Ղազարյանն է․․․»։