Որքա՞ն գումար է հավաքելու պետությունը, որքա՞ն է ծախսելու և ինչպե՞ս․ գործադիրը հաստատել է 2027-ի բյուջեի նախագիծը

Եկամուտները՝ շուրջ 3 տրլն 604 մլրդ , ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ, դեֆիցիցտը՝ 468 մլրդ դրամ։ Կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում չզեկուցվող նախագծերի շարքում հաստատել է նաև 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Այն 2026-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված կառավարության ծրագրի կատարման առաջին տարվա բյուջեն է: Փաստաթղթով գործադիրն առաջիկա հինգ տարիների համար միջինը 6 % աճ է խոստանում։

Գործադիրի հաստատումից հետո փաստաթուղթը կգնա խորհրդարան, որտեղ կքննարկվի նախ մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստում։

2027-ին 5,8, դրանից հետո՝ տարեկան առնվազն 6 % տնտեսական աճ. 2027թ բյուջեի նախագծում ամրագրված ցուցանիշներն են։

Գործադիրն արձանագրում է, որ վերջին հինգ տարիներին Հայաստանում գրանցված տնտեսական բարձր աճն ընդլայնել է երկրի զարգացման հնարավորությունները։ Առաջիկա հինգ տարիների համար կառավարությունը խոստանում է պահպանել աճի բարձր տեմպը և դրանով պայմանավորված հնարավորությունները վերածել զարգացման կայուն ներուժի և քաղաքացիների բարեկեցության բարձրացման իրական ու չափելի արդյունքների։

Աճի հիմնական պոտենցիալը գործադիրը տեսնում է երեք ոլորտներում՝ արդյունաբերություն, շինարարություն և ծառայություններ։ Առաջին երկուսում 2027-ին կանխատեսվում է 7,4 %, երրորդում՝ 5,5 % աճ։ Մեծ ակնկալիք կա նաև Ամուլսարի շահագործումից։

Հարկային վարչարարության բարելավմամբ, ստվերի դեմ պայքարով և հարկային միջոցառումներով կառավարությունն ակնկալում է բարելավել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։

Ցուցանիշը, ըստ նախագծի, 2026-ին կբարձրանա 0,8 տոկոսային կետով, 2027-ին՝ ևս 0,6-ով, 2029-ին կհասնի 25,7 %-ի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է․ «2026 թ․ օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5,2 % է։ Շատ մեծ տեմպով աճում է շինարարությունը։ ՀՀ անշարժ գույքի շուկայում շատ մեծ ակտիվություն կա»։

Մինչև 2029 թվականը կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում նախատեսվում է հասցնել 5,9 %-ի, իսկ ընթացիկ ծախսերի կշիռը՝ նվազեցնել մինչև 22,5 %։

Ինչ վերաբերում է ոլորտային հատկացումներին, ապա 2027-ին պաշտպանության ոլորտին ուղղվող միջոցները կավելանան շուրջ 10 %-ով՝ 563 մլրդից հասնելով 616,5 մլրդ դրամի։ Սոցիալական ոլորտի հատկացումները կաճեն շուրջ 7 %-ով։

Փաստաղթում նշվում է, որ այս ոլորտում 2027 թվականի բյուջետային քաղաքականության նպատակը սոցիալական աջակցության և պաշտպանության համակարգերի հասցեականության և արդյունավետության բարձրացումն է, սոցիալապես խոցելի խմբերի պաշտպանության ապահովումը, ինչպես նաև սոցիալական ծրագրերի և զբաղվածության քաղաքականության փոխկապվածության ուժեղացմանը։

2027–ին կենսաթոշակի ինդեքսավորում չի լինի, բայց բարձացում կլինի՝ ասում է ԱԲՆ Արսեն Թորոսյանը․

«Կենսաթոշակները կբարձրացնենք, նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46․000 դրամ է, այն կդառնա 47․000 դրամ։ Կբարձրանան նաև տարատեսակ նպաստները։ 500 դրամով կավելանա աշխատանքային կենսաթոշակի ստաժը»։

Կենսաթոշակների բարձրացմանը կուղղվեն թաղման նպաստների համար նախատեսված միջոցները, որոնք, նախարարի տեղեկացմամբ, 2027-ից այլևս համատարած չեն տրամադրվի։ Այս աջակցությունը կպահպանվի բացառապես խիստ կարիքավոր խմբերի համար, որոնք ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում։

2027-ից կդադարեցվի նաև պետծառայողների համար նախատեսված սոցփաթեթի ծրագիրը։

Նախարարը հիշեցնում է, որ սոցփաթեթի գումարը ծախսվում էր կոնկրետ ուղղություններով՝ հանգիստ, կրթություն և առողջապահություն։ 2027–ից, ի դեպ, առողջության պարտադիր ապահովագրության համակարգ կներառվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները․

«Եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը։ Մեր քաղաքացիները, որոնք ունեն հիմա սոցիալական փաթեթ, իհարկե, կշարունակեն տիրապետել այն գումարներին, որոնք որ իրենց հաշիվներին կան, որովհետև մենք ունենք մոտավորապես 13 մլրդ դրամ կուտակված գումարներ բանկերում։ Թե սոցփաթեթի շահառուները ինչպես կծախսեն գումարները, կառավարության որոշումներով կհստակեցվեն»։

2027-28-ին կառավարության պարտքը, ըստ բյուջեի նախագծի, կպահպանվի ՀՆԱ-ի շուրջ 47 %-ի մակարդակում։ Փաստաթուղթն արդեն ուղարկվել է խորհրդարան։ Ըստ ոլորտների այն կքննարկվի նախ մշտական հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստում։

Leave a Comment