Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ հավաքված 1254 նամակները, որոնք հասցեագրված են Բաքվում պահվող հայ գերիներին, Արտակ Բեգլարյանի և այլ անձանց միջոցով փոխանցվել են ՀՀ կառավարությանը՝ ակնկալիքով, որ իշխանությունը դրանք տեղ հասցնելու եղանակներ կգտնի։
Վերջին ամիսներին Բաքու մարդասիրական կամ պատգամավորական այցեր կազմակերպելու տարբեր առաջարկներ են հնչել, խոսվել է նաև որպես միջնորդ երրորդ երկիր ներգրավելու մասին։ Ի պատասխան՝ իշխանությունը վստահեցրել է՝ Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցով աշխատանքը թեև հրապարակային չէ, բայց մի րոպե անգամ չի ընդհատվել։
1254 նամակ է փոխանցվել ՀՀ կառավարությանը՝ ուղղված Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նամակները հավաքվել են Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։
Նախաձեռնության շրջանակում Վերոնիկա Զոնաբենդը դիմել էր Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու նպատակով կանանց մարդասիրական խմբի այցը կազմակերպելու խնդրանքով։

Քանի որ նախաձեռնությունը մինչև այժմ գործնական փուլ չի մտել, Զոնաբենդը համաձայնել է փոխանցելու նամակները ՀՀ կառավարությանը Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և նախաձեռնության մեջ ներգրավված այլ անձանց միջոցով։
Մինչ նամակներով լի արկղը կառավարության ներկայացուցչին փոխանցելը Արտակ Բեգլարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է․
«Որոշեցինք, որ այս նամակները պետք է հանձնենք Հայաստանի կառավարությանը, քանի որ ՀՀ իշխանություններն ունեն պարտավորություն հայերի և ՀՀ քաղաքացիների հանդեպ, այդ թվում՝ բոլոր գերիների հանդեպ, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»։

Բեգլարյանի խոսքով՝ նախաձեռնությունը բացառապես մարդասիրական է, և կառավարությունը պետք է իր լիազորությունների շրջանակում գտնի նամակները հասցեատերերին փոխանցելու եղանակներ․
«Կարծում եմ, որ մարդասիրական այս քայլին իրենք հակընդդեմ փաստարկ չեն կարող ներկայացնել․ գոնե որևէ հոդաբաշխ փաստարկ մենք պետք է լսենք իրենցից։ Եթե ասում են՝ լուռ գործում են, չպետք է խանգարենք և այլն, ապա լուռ-լուռ կարող են այս նամակները տեղ հասցնել։ Կարող են բոլոր նամակներն իրենք էլ կարդալ, Ադրբեջանի իշխանություններն էլ կարդալ, որպեսզի վստահ լինեն, որ որևէ խնդիր չկա այստեղ»։
Բեգլարյանը նաև մեկ այլ՝ երրորդ երկրի միջոցով մարդասիրական այց կազմակերպելու առաջարկին է անդրադարձել։ Նրա խոսքով՝ դիմել են Շվեյցարիային Բաքվում պահվող հայերին այցելելու և նրանց վիճակին տեղում ծանոթանալու հարցով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու պայմաններում, ըստ Բեգլարյանի, Շվեյցարիայից ստացել են պաշտոնական պատասխան, որ նման քայլի համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիմումը։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առայժմ չի պարզաբանել՝ Երևանը նման դիմում պաշտոնապես ներկայացրել է, թե ոչ։ Գերատեսչությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի խնդիրը քննարկվում է հնարավոր բոլոր ձևաչափերով, այս ուղղությամբ աշխատանքը որևէ պահ չի դադարում։
Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցը վերջին օրերին հնչել է նաև միջազգային ամենաբարձր հարթակում։ ՄԱԿ գլխավոր ասամբելայի 81-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին․

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»։
Բաքվում պահվող հայերին տեսակցելու նախաձեռնությունները նոր չեն։ Ավելի վաղ նման առաջարկ հնչել էր նաև խորհրդարանական ընդդիմությունից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն առաջարկել էր տասը պատգամավորից կազմված պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու՝ տեսակցելու այնտեղ պահվող հայերին․

«Ձևավորել պատվիրակություն, «ՔՊ»-ից՝ 5 հոգի, «Ուժեղ Հայաստան»-ից՝ 3 հոգի, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ 2 հոգի և մեկնել Բաքու։ Նպատակը՝ հանդիպել բոլոր պատանդներին, ծանոթանալ պահման պայմաններին, առողջական վիճակին։ Վերցնել դատավճիռները, հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան խանումին, նաև փորձել հանդիպել Ադրբեջանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպաններին»։
Վարդանյանի առաջարկով՝ պատվիրակությունը պետք է գլխավորեր ԱԺ նախագահը, իսկ այցը պետք է կազմակերպվեր խորհրդարանական մեծամասնության և ադրբեջանական կողմի մասնակցությամբ։
Ընդդիմադիր պատգամավորի առաջարկին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձագանքել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը Բաքվում պահվող հայերի հարցում օգտագործում է տարբեր գործիքներ, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտությունը․

«Մեր խմբակցության դիրքորոշումը և քաղաքականությունը կառավարության քաղաքականությունն է։ Մենք բազմիցս խոսել ենք, որ այդ հարցով կողմ ենք և գործում ենք այն սկզբունքով, որ ավելի շատ պետք է գործել, քան խոսել, և խոսելը շատ հաճախ ավելի կարող է վնասել այս գործին, քան օգնել։ Այսինքն՝ անկախ նրանից ընդդիմադիր պատգամավորը, խմբակցությունը կամ որևէ այլ կազմակերպություն կամ անհատ ինչ կնախաձեռնի, սրան ուղղված քայլերը իրականացվում են»։
Իշխանությունը վստահեցնում է՝ Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի միջազգային օրակարգում։