Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագայի վերաբերյալ նախկին հաշվարկները վերանայվում են։ Եթե մինչև վերջերս կառավարության քննարկումների առանցքում փոքր մոդուլային ատոմակայանն էր, ապա այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում նույնիսկ 1000 Մվտ հզորությամբ նոր ատոմակայանի կառուցումը։ Պատճառը Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճն ու արդեն հաստատված ներդրումային ծրագրերն են։
Միաժամանակ կառավարությունը տարբեր սցենարներ է քննարկում նաև գազի մատակարարման հետ կապված հնարավոր ռիսկերի դեպքում։ Մինչև 2027 թվականի վերջը Հայաստանը պետք է որոշի՝ երկարաձգո՞ւմ է գործող էներգաբլոկի կյանքը, կառուցում է մեծ հզորության նոր կայա՞ն, թե՞ ընտրում է փոքր մոդուլային ռեակտորի տարբերակը։
Հայաստանի էներգետիկ հաշվարկը փոխվում է։ Ընդամենը մեկ տարի առաջ երկրի էներգետիկ ոլորտն այլ հաշվարկով էր գործում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրավիճակն այսօր այլ է․
«Մի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք՝ մեր ավել էներգիան որտեղ սպառենք։ Մի տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դառել է էներգիայի, էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն»։
Փաշինյանը պատճառը կապում է արդեն հաստատված ներդրումային ծրագրերի հետ։ Նրա խոսքով՝ խնդիրը միայն արհեստական բանականության ոլորտի երկու գործարանները չեն։ Անցած տարի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրից բխող ներդրումների ընդհանուր ծավալն է ավելացել.
«Խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերը այն ծավալի են, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը այդ ներդրումային ծրագրերը արդեն ամբողջությամբ սպառում են»։
Այս փոփոխությունն էլ իրենց հերթին ստիպում է վերանայել ատոմային էներգետիկայի նկատմամբ նախկին մոտեցումները։ Փաշինյանը հիշեցնում է՝ նախկինում կառավարության դիրքորոշումն այն էր, որ Հայաստանին մեծ հզորության ատոմակայան պետք չէ, և բավարար է փոքր մոդուլային տարբերակը։ Այժմ այդ հաշվարկը կարող է փոփոխվել․
«Նախկինում ես տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավել ոչ մի բան պետք չի, և էս է եղել մեր դիրքորոշումը, բայց հիմա, էս փոփոխության բերումով, մենք հիմա պետք է հասկանանք, որովհետև մոդուլայինը մեզ մեծ հավանականությամբ այլևս չի հերիքելու»։
Այսինքն՝ հաշվարկը պետք է արվի ոչ միայն այսօրվա, այլև առաջիկա տարիների պահանջարկի համար․
«Մենք պետք է նայենք, թե 10 տարի հետո ի՞նչ է լինելու»։
Եվ հենց այստեղ է առաջ գալիս 1000 Մվտ հզորությամբ նոր ատոմային կայանի տարբերակը։ Վարչապետը չի ասում, որ նման որոշում արդեն ընդունված է։ Բայց առաջին անգամ չի բացառում, որ Հայաստանի համար մեծ հզորության կայանը կարող է դառնալ ամենահարմար լուծումը․
«Չի բացառվում, որ, ասենք, 1000 Մվտ հզորությամբ ատոմային կայանը ամենատրամաբանական լուծումը լինի։ Չի բացառվում, բայց չեմ կարող հիմա ասել, որպես հիմա փորձագիտական քննարկման տիրույթում հարց»։
1000 Մվտ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցելու առաջարկը Հայաստանին ներկայացրել է «Ռոսատոմ»–ը։ Ռուսական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո սեպտեմբերի 29-ին հայտարարեց, որ տեխնիկապես հնարավոր է Մեծամորի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2046 թվականը։ Բայց այստեղ ևս հիմնական հարցը միայն տեխնիկական հնարավորությունը չէ․
«Բացի տեխնիկական հնարավորություններից՝ պետք է խոսենք տնտեսական նպատակահարմարությունների մասին»։
Լիխաչովի խոսքով՝ գործող էներգաբլոկի ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ՝ անվտանգության համակարգերի արդիականացման, ավտոմատացման և տեխնիկական հուսալիության ապահովման համար։Այսպիսով, Հայաստանի առաջ դրված ընտրությունը միայն գործող ատոմակայանի ժամկետը երկարաձգելու և փոքր մոդուլային ռեակտորի միջև չէ։ Քննարկման մեջ արդեն հայտնվել է նաև մեծ հզորությամբ նոր կայանի տարբերակը։
Բայց Հայաստանի էներգետիկ անվտանգության հաշվարկը միայն ատոմային էներգիայով չի սահմանափակվում։ Ասուլիսում վարչապետին հարց ուղղվեց նաև ռուսական գազի թանկացման դեպքում հնարավոր այլընտրանքների մասին։ Փաշինյանի խոսքով՝ այս պահին նման խնդրի որևէ ազդակ չկա, և դրա շուրջ քննարկումն այս պահին նպատակահարմար չէ․
«Երբ որ ազդակ կլինի, երբ որ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք։ Մտածո՞ւմ ենք արդյոք, որ եթե այդպիսի իրավիճակ լինի, ինչպես ենք կառավարելու իրավիճակը. այո՛, մտածում ենք։ Մենք տարբեր սցենարներ ենք, բնականաբար, քննարկում, ոչ միայն դրա հետ կապված, ամեն ինչի հետ կապված»։
Այսպիսով, կառավարության առաջ միաժամանակ երկու կարևոր խնդիր է դրված՝ ապահովել Հայաստանի տնտեսության աճող էլեկտրաէներգիայի պահանջարկը և հաշվի առնել էներգակիրների մատակարարման ռիսկերը։ Իսկ ատոմային էներգիայի հարցում ժամանակը սահմանափակ է։ Փաշինյանի խոսքով՝ որոշումը որքան շուտ ընդունվի, այնքան լավ, քանի որ նոր կայանի կառուցումը և այն էլեկտրացանցին միացնելը տարիներ է պահանջում․
«Մինչև 27-ի ավարտը պիտի որոշում կայացնենք, բայց ինչքան շուտ կայացնենք, էնքան լավ, որովհետև, ի վերջո, ատոմակայանը … ժամանակ է տևում, տարիներ, 7, 8 տարի պետք է տևի, մինչև արդեն որ մտնի ցանց»։
Վարչապետի վերջին հայտարարություններից մեկ բան արդեն ակնհայտ է՝ Հայաստանի ատոմային էներգետիկայի վերաբերյալ հաշվարկը այլևս նախկինը չէ։ Էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը փոքր մոդուլային ռեակտորի տարբերակը դարձնում է վերանայման ենթակա, իսկ 1000 Մվտ հզորությամբ նոր կայանը՝ քննարկման իրական տարբերակ է։ Վերջնական ընտրությունը դեռ չկա, բայց առաջիկա ամիսներին քննարկումը պետք է տեղափոխվի արդեն կոնկրետ տեխնիկական և տնտեսական հաշվարկների դաշտ․ ի՞նչ հզորության կայան է պետք Հայաստանին, ի՞նչ գնով, ի՞նչ ժամկետում և ի՞նչ երաշխիքներով։