ԱՄՆ քաղաքացիների կացության կարգավիճակի պետական տուրքի կարգավորումները կփոխվեն․ ինչ է նախատեսվում

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 300-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ 

Գործող որոշմամբ՝ փոխադարձության սկզբունքից ելնելով, ԱՄՆ քաղաքացիների համար Հայաստանում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակների հետ կապված սահմանվել են պետական տուրքի՝ ընդհանուր դրույքաչափերից տարբերվող հատուկ դրույքաչափեր։

2026 թվականի մայիսի 11-ի ՀՕ-215-Ն օրենքով, սակայն, փոխվել է օտարերկրացիների կացության կարգավիճակների հետ կապված պետական տուրքի գանձման կառուցակարգը։ Այժմ առանձին պետական տուրքի օբյեկտ է համարվում կացության կարգավիճակ տալու դիմումի քննարկումը, իսկ կացության քարտ տրամադրելու համար նախատեսվում է առանձին պետական տուրք։

Ի՞նչ է փոխվելու ԱՄՆ քաղաքացիների համար

Նախագծով առաջարկվում է գործող որոշման ձևակերպումները համապատասխանեցնել օրենքի նոր պահանջներին։ Մասնավորապես՝

1. Ժամանակավոր կացության կարգավիճակ

Գործող «կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար» ձևակերպումը կփոխարինվի՝

«ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար» ձևակերպմամբ։

Այսինքն՝ հատուկ դրույքաչափի կիրառման հիմքը կկապվի ոչ թե միաժամանակ կացության կարգավիճակ, քարտ և հաշվառում տրամադրելու, այլ համապատասխան դիմումի քննարկման հետ։

2. Ժամանակավոր կացության կարգավիճակի կրկին տրամադրում

Եթե ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը հինգ տարվա ընթացքում կրկին ներկայացվի, գործող ձևակերպումը նույնպես կփոխվի։

Այն կսահմանվի որպես՝ «ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմում հինգ տարվա ընթացքում կրկին տալու դեպքում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար»։

3. Մշտական կացության կարգավիճակ

Մշտական կացության դեպքում «մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար» ձևակերպումը կփոխարինվի՝ «մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար» ձևակերպմամբ։

Դրույքաչափերը կփոխվե՞ն

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների համար գործող հատուկ պետական տուրքի դրույքաչափերը չեն փոփոխվելու։

Փոփոխության նպատակը դրանց կիրառման հիմքերը «Պետական տուրքի մասին» օրենքի նոր կարգավորումներին համապատասխանեցնելն է։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է պահպանել ԱՄՆ քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքով սահմանված հատուկ դրույքաչափերը, սակայն դրանք կիրառել պետական տուրքի գանձման նոր կառուցակարգի շրջանակում։

Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը

Կառավարության հիմնավորման համաձայն՝ 2019 թվականի N 300-Ն որոշման գործող ձևակերպումները այլևս չեն համապատասխանում «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններին։

Ուստի անհրաժեշտ է գործող որոշումը համապատասխանեցնել նոր օրենսդրական կարգավորումներին, որպեսզի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ հատուկ պետական տուրքի դրույքաչափերի կիրառումը շարունակվի նույն տրամաբանությամբ և առանց իրավական անհամապատասխանությունների։

Ե՞րբ կգործի փոփոխությունը

Նախագծի ընդունման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի նոյեմբերի 1-ից։

Ընդ որում, նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեներում լրացուցիչ ծախսեր կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment