Եկեղեցու հետ կապված ճգնաժամը մենք չենք ստեղծել, իրենք են ստեղծել։ Ճգնաժամի հեղինակները մենք չենք, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել. ասյն գոյություն ունի մեզանից անկախ, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ զեկույցի նպատակն է ցույց տալ ՀԱԵ որոշ մարմինների ոչ լեգիտիմությունը, քանի որ եկեղեցին բռնազավթված է։ Եկեղեցին, ըստ նրա, Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները չեն, այլ հավատավոր ժողովուրդը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց՝ անհրաժեշտ է կատարել օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք կվերացնեն եկեղեցու բռնազավթումը, որպեսզի հավատավոր հոտը լիարժեքորեն մասնակցի եկեղեցու կառավարմանը։
«Կտրիճ Ներսիսյանը չի որոշում, համայնքն է որոշում։ ԿԳԲ-ի գործակալները չպետք է որոշումներ կայացնեն։ Եվ մենք կգնանք այդ լուծումներին՝ հիմնվելով նաև Սահմանադրության վրա։
Նաև Հայաստանում չպետք է լինեն աշխատավարձ չստացող քահանաներ, և համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի, որքանը ծախսվեց։ Քահանաները պետք է օգտվեն սոցիալական երաշխիքներից։
Էլ չեմ խոսում այն մասին, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, և պետությունը դրա համար կօգտագործի բոլոր լծակները։ Ո՞վ է նա, որ նստի մեր Սրբություն սրբոցում։ Ինքը ոչ մեկն է, ինքը պետք է հեռանա, և ես, որպես վարչապետ, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու եմ »,- հայտարարեց Փաշինյանը։
Հարցին՝ նախկինում հանդիպելով Կաթողիկոսին և նրա աջը համբուրելով ու սելֆիներ անելով, չգիտե՞ր, որ նա «սրբապիղծ է»՝ հիմա ի՞նչ սև կատու է անցել իրենց միջով, Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականին չէին ցանկանում միջամտել՝ համարելով, որ պետք չէ խառնվել եկեղեցու գործերին, սակայն սահմաններ կան:
«Իրենք իրենց ձեռքով բացեցին դուռը, և մենք կմտնենք իրենց իսկ բացած դռնով», – ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ օրենսդրությամբ կրոնական կազմակերպություններին արգելված է քաղաքական քարոզչությունը, մինչդեռ եկեղեցին շեղվել է այդ կանոնից, իսկ պատասխանատուն Կտրիճ Ներսիսյանն է:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ գործելու են «քայլ առ քայլ, համակարգված ու անշեղորեն՝ առաջ շարժվելով միլիմետր առ միլիմետր»: