«Ծառայողական օգտագործման համար» տեղեկությունների հասանելիությունն ու շրջանառությունը կկարգավորվեն նոր կանոններով

Iravaban.net-ը ուսումնասիրել է ««Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարության կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, արտաքին հարաբերությունների, հասարակական կարգի պահպանության ոլորտներում լիազորված մարմինների համար էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից դուրս, այդ թվում՝ թղթային տարբերակով, «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության փաստաթղթաշրջանառության դեպքերը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով սահմանվում է «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարության միասնական կարգ և որոշվում են այն դեպքերը, երբ այդ տեղեկությունները կարող են շրջանառվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից դուրս, այդ թվում՝ թղթային տարբերակով։

Ինչո՞ւ է անհրաժեշտ միասնական կարգ

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախկին կարգավորմամբ «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության պահպանությունն ու գործավարությունը կազմակերպվում էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց ղեկավարների կողմից սահմանված կարգով։

Դրա հետևանքով տարբեր մարմիններ՝ իրենց գործունեության առանձնահատկություններից, ներքին կազմակերպչական լուծումներից և տեխնիկական հնարավորություններից ելնելով, սահմանել էին այդ տեղեկությունների ստեղծման, հաշվառման, մշակման, փոխանցման, կատարման, պահպանման և ոչնչացման տարբեր ընթացակարգեր։

Հիմնավորման համաձայն՝ նման իրավիճակը կարող էր հանգեցնել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության պաշտպանության ոչ միատեսակ պայմանների, չարտոնված առնչության կամ տարածման ռիսկերի, ինչպես նաև մարմինների միջև տեղեկության անվտանգ և արդյունավետ փոխանակման դժվարությունների։

Միաժամանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության լայն կիրառման, պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ծավալների աճի և կիբերանվտանգության ոլորտում առկա մարտահրավերների պայմաններում, ըստ հիմնավորման, անհրաժեշտ է միասնական անվտանգային կանոնների և միջոցների կիրառում։

Այդ պատճառով առաջարկվում է միասնական իրավական կարգավորում սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարության կազմակերպման և իրականացման համար։

Ո՞վ կարող է հասանելիություն ունենալ այդ տեղեկություններին

Նախագծով սահմանվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և իրավաբանական անձանց աշխատակիցները սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին հասանելիություն են ստանում միայն այն դեպքում, երբ դա բխում է իրենց անմիջական ծառայողական պարտականությունների կատարումից և միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է այդ պարտականությունները պատշաճ կատարելու համար։

Հասանելիությունը կարող է տրամադրվել միայն «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և նախատեսվող կարգի պահանջներին ծանոթանալուց հետո։

Հասանելիության տրամադրման, փոփոխման և դադարեցման, ինչպես նաև կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողության ընթացակարգը պետք է սահմանվի համապատասխան մարմնի ղեկավարի ներքին իրավական ակտով։

Կարգի պահանջների խախտման կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հրապարակման դեպքում իրավասու պաշտոնատար անձը նշանակում է ծառայողական քննություն՝ խախտման հանգամանքները, իրավախախտում թույլ տված անձանց շրջանակը և պատասխանատվության հարցը պարզելու նպատակով։

Փաստաթուղթ ստեղծելուց առաջ պետք է գնահատել՝ այն պարունակում է արդյոք սահմանափակ տարածման տեղեկություն

Նախքան փաստաթուղթ ստեղծելը համապատասխան մարմնի աշխատակիցը պարտավոր է գնահատել դրա բովանդակության մեջ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների հնարավոր առկայությունը։

Այդ գնահատումը պետք է իրականացվի՝ հիմք ընդունելով տվյալ մարմնի ղեկավարի կողմից սահմանված՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 31.2-րդ հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերի ցանկը։

Եթե անհրաժեշտ է, աշխատակիցը պետք է կիրառի նախագծով սահմանված համապատասխան պահանջները։

Հիմնական կանոնը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն

Նախագծով նախատեսվում է, որ համապատասխան տեխնիկական պայմանների առկայության դեպքում «Ծառայողական օգտագործման համար» նշումով փաստաթղթերը ստեղծվում են էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով։

Այդ փաստաթղթերի ստեղծումն ու հետագա մշակումը թույլատրվում է միայն այն համակարգչային տեղեկատվական համակարգերում, որոնցում մշակվող, պահվող և փոխանցվող տեղեկությունը պաշտպանված է պատահական կորստից, չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, փոփոխումից, ոչնչացումից, հարձակումից, կրկնօրինակումից, ձայնագրումից, տարածումից և այլ անօրինական ներթափանցումից կամ միջամտությունից։

Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը պետք է մշակվի միայն համապատասխան մարմնի վարչական շինություններում՝ այնպիսի պայմաններում, որոնք բացառում են այլ անձանց հասանելիությունը։

Բացառիկ դեպքերում՝ օրինակ արտակարգ իրավիճակների, անհետաձգելի գործողությունների, գործուղումների կամ բացասական հետևանքների կանխման անհրաժեշտության դեպքում, տեղեկությունը կարող է մշակվել նաև վարչական շինություններից դուրս կամ համապատասխան մարմնին չպատկանող համակարգչային տեղեկատվական համակարգերի միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է համապատասխան մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր թույլտվությունը, ինչպես նաև նախագծով սահմանված տեղեկատվական անվտանգության և հասանելիության սահմանափակման պահանջների պահպանումը։

Ի՞նչ պետք է նշվի «Ծառայողական օգտագործման համար» էլեկտրոնային փաստաթղթի վրա

Նախագծով սահմանվում է, որ փաստաթղթի առաջին էջի վերևի աջ անկյունում մեծատառով պետք է նշվի «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» կամ «ԾՕՀ»։

Դրա տակ պետք է լրացվեն՝

  • համապատասխան մարմնի անվանումը կամ անվանման հապավումը կամ կրճատ անվանումը,
  • «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 31.2-րդ հոդվածի 1-ին մասում նշված ցանկի համապատասխան կետին հղումը,
  • սահմանափակման գործողության վերջնական ժամկետը,
  • նշումը կատարելու ամսաթիվը։

Փաստաթղթի երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ էջի վերևի աջ անկյունում նույնպես պետք է լինի «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» նշումը կամ «ԾՕՀ» հապավումը, իսկ երկրորդ և հաջորդ էջերը պետք է համարակալված լինեն։

Փաստաթուղթը կարող է պարունակել նաև տեղեկության օգտագործման նպատակի, դրան ծանոթանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի կամ այլ մարմինների, այդ թվում՝ օտարերկրյա մարմինների փոխանցման արգելքի վերաբերյալ նշումներ։

Էլեկտրոնային համակարգի նկատմամբ սահմանվում են անվտանգության կոնկրետ պահանջներ

Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների փոխանցումը համապատասխան մարմինների միջև պետք է իրականացվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով։

Այդ համակարգում ԾՕՀ նշումով տեղեկության ստեղծումը, մշակումը, փոխանցումը և պահպանումը թույլատրվում է միայն մի շարք պայմանների միաժամանակյա առկայության դեպքում։

Մասնավորապես՝

  • համակարգում պետք է ներդրված լինեն «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված կազմակերպչական, տեխնիկական և ծրագրային միջոցները,
  • ազատ շրջանառության տեղեկությունների և ԾՕՀ նշումով փաստաթղթերի հոսքերը պետք է իրարից առանձնացված լինեն տրամաբանական և ծրագրային մակարդակներում,
  • պետք է կիրառվեն գաղտնագրման միջոցներ՝ տեղեկությունը փոխանցվելիս և պահպանվելիս պաշտպանելու համար,
  • համակարգ մուտքը պետք է թույլատրվի միայն երկգործոն նույնականացմամբ կամ անհատականացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ,
  • հասանելիությունը պետք է տրամադրվի միայն այն անձանց, որոնց տեղեկությունն անհրաժեշտ է ծառայողական պարտականությունների կատարման համար,
  • սերվերային համակարգերը պետք է մեկուսացված և առանձնացված, պահպանվող տարածքներում տեղակայված լինեն,
  • պետք է լինեն հիմնական և պահուստային ենթակառուցվածքներ, որոնք տեղակայված են միմյանցից առանձնացված տարածքներում,
  • համակարգը պետք է ավտոմատ կերպով արձանագրի տեղեկության հետ կատարված բոլոր գործողությունները՝ ներառյալ մուտք գործելու փորձերը, դիտումը, ստեղծումը, փոփոխումը, խմբագրումը, արտահանումը, փոխանցումը և ոչնչացումը,
  • պետք է արձանագրվեն նաև գործողությունը կատարած անձի նույնականացման տվյալները և գործողության կատարման ժամանակը՝ անփոփոխելի էլեկտրոնային մատյանում,
  • պետք է պաշտպանված լինի տեղեկությունը չարտոնված փոփոխումից կամ ջնջումից,
  • իրավասու պաշտոնատար անձը պետք է կարողանա տրամադրել, փոփոխել կամ դադարեցնել հասանելիությունը,
  • համակարգը պետք է հնարավորություն տա իրականացնել ԾՕՀ փաստաթղթի ստեղծման, մշակման, հաշվառման, որոնման, պահպանման, փոխանցման և ոչնչացման գործողությունները։

Ի՞նչ տեսակի փաստաթղթեր կարող են լինել ԾՕՀ համակարգում

Նախագծով նախատեսվում է, որ ԾՕՀ նշումով փաստաթղթերը համակարգում կարող են խմբավորվել, մասնավորապես, հետևյալ տեսակներով՝

  1. իրավական ակտեր,
  2. իրավական ակտերի նախագծեր,
  3. հանձնարարականներ,
  4. հարցումներ,
  5. միջնորդություններ,
  6. առաջարկություններ,
  7. արձանագրություններ,
  8. զեկուցագրեր,
  9. տեղեկանքներ,
  10. գրություններ և գրությունների պատասխաններ,
  11. այլ փաստաթղթեր։

Ինչպե՞ս է իրականացվելու էլեկտրոնային փաստաթղթի ներքին շրջանառությունը

Համակարգով ստացված ԾՕՀ նշումով փաստաթուղթը համապատասխան մարմնի ոչ գաղտնի գործավարության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցը պետք է հաշվառի համակարգում։

Փաստաթղթի ուղարկողի պայմանանիշը, համարը, ամսաթիվը, տեսակը, վերնագիրը, գրանցման համարը և ամսաթիվը, ինչպես նաև համառոտ բովանդակությունը համակարգը լրացնում է ինքնաշխատ եղանակով։ Սխալների կամ վրիպակների դեպքում պետք է հնարավոր լինի համապատասխան փոփոխություն կատարել։

Գրանցումից հետո փաստաթուղթը պետք է հնարավոր սեղմ ժամկետում ուղարկվի համապատասխան մարմնի ղեկավարին կամ իրավասու այլ պաշտոնատար անձին՝ դրա կատարման ընթացքը որոշելու համար։ Իրավասու պաշտոնատար անձը փաստաթուղթը հանձնարարություններով, կատարողի և կատարման վերջնաժամկետի նշմամբ փոխանցում է համապատասխան ստորաբաժանմանը կամ անհրաժեշտ պահանջներին համապատասխանող աշխատակցին։ Եթե նշանակված են մեկից ավելի կատարողներ, փաստաթուղթը փոխանցվում է բոլոր համակատարողներին, իսկ աշխատանքների համակարգումն իրականացնում է առաջին կատարող նշանակված ստորաբաժանումը կամ աշխատակիցը։

«Ի տնօրինություն» հանձնարարության դեպքում փաստաթղթի հետագա ընթացքը որոշում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը։

Թղթային փաստաթուղթը նույնպես պետք է մուտքագրվի համակարգ

Եթե ԾՕՀ նշումով փաստաթուղթը ստացվել է թղթային տարբերակով, դրա առաջին էջի ներքևի աջ անկյունում պետք է դրվի դրոշմակնիք՝ մուտքային հերթական համարով և ամսաթվով։ Այնուհետև փաստաթուղթը պետք է սկանավորվի և մուտքագրվի համակարգ, իսկ էլեկտրոնային տարբերակով ուղարկվի իրավասու պաշտոնատար անձին՝ կատարման ընթացքը որոշելու համար։

Թղթային տարբերակով ստացված փաստաթղթերը ստորաբաժանումներին հիմնականում տրամադրվում են էլեկտրոնային տարբերակով։ Բացառություն են այն փաստաթղթերը, որոնք իրենց բնույթով ենթակա չեն համակարգ մուտքագրման, օրինակ՝ ստորագրման ուղարկված պայմանագրերը, հանձնման-ընդունման ակտերը, ժողովածուները և այլն։ Այդպիսի փաստաթղթերը կարող են տրամադրվել թղթային տարբերակով՝ ստորագրությամբ։

Համակարգ մուտքագրված փաստաթղթի թղթային բնօրինակի պահպանման անհրաժեշտությունը որոշում է համապատասխան մարմնի ոչ գաղտնի գործավարության համար պատասխանատու ստորաբաժանումը՝ հաշվի առնելով փաստաթղթի բնույթը և օրենսդրական պահանջները։

Ի պատասխան ստացված փաստաթղթի կամ այլ մարմին փոխանցելու համար նոր ստեղծվող ԾՕՀ փաստաթուղթը նախապատրաստվում է էլեկտրոնային ձևաթղթի վրա և մուտքագրվում համակարգ։ Նոր փաստաթղթի համարը և ամսաթիվը համակարգը լրացնում է ինքնաշխատ եղանակով, իսկ փաստաթղթի տեսակը, վերնագիրը և համառոտ բովանդակությունը լրացնում է այն ստեղծող աշխատակիցը։ Անհրաժեշտության դեպքում փաստաթուղթը կարող է ուղարկվել համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց համաձայնեցմանը, իսկ համաձայնեցված փաստաթուղթը ներկայացվում է իրավասու պաշտոնատար անձի հաստատմանը։

Այն մարմինների համար, որոնց հետ փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի թղթային տարբերակով, ինչպես նաև համակարգով փաստաթղթի փոխանցման անհնարինության կամ հասանելիության բացակայության դեպքում, ելից փաստաթուղթը փոխանցվում է թղթային շրջանառության համար նախատեսված կարգով։

Ե՞րբ կարող է կիրառվել թղթային շրջանառությունը

Նախագծով սահմանվում է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից դուրս, այդ թվում՝ թղթային տարբերակով, ԾՕՀ տեղեկությունների շրջանառությունը թույլատրվում է նախագծով նախատեսված դեպքերում։

Այդ դեպքերն են՝

  1.  Երբ փոխանցվող տեղեկությունների համադրումն այլ ոչ գաղտնի տեղեկությունների հետ կարող է բացահայտել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
  2.  Երբ էլեկտրոնային համակարգով փոխանցումը չի ապահովում տվյալ տեղեկությանը հասանելիության իրավունք ունեցող անձանց շրջանակի անհրաժեշտ սահմանափակումը կամ կարող է հնարավորություն տալ իրավասություն չունեցող անձանց ծանոթանալու բովանդակությանը։
  3.  Երբ տեղեկությունը ստացվել է օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ միջազգային կազմակերպությունից, և դրա հետագա շրջանառությունն էլեկտրոնային համակարգից դուրս պայմանավորված է համապատասխան միջազգային պայմանագրով կամ տեղեկությունը փոխանցած կողմի անվտանգության պահանջներով։
  4.  Երբ տեղեկությունը փոխանցվում է բնօրինակ փաստաթղթով՝ ստորագրման, կնքման, վավերացման կամ այլ իրավական գործողության համար, և այդ գործողությունը հնարավոր չէ կամ նախատեսված չէ իրականացնել էլեկտրոնային եղանակով։
  5.  Երբ դատավարական, վարչական, ծառայողական կամ այլ իրավական գործընթացի շրջանակներում օրենքով կամ իրավասու մարմնի պահանջով անհրաժեշտ է ներկայացնել տեղեկությունն ամրագրող փաստաթղթի թղթային բնօրինակը կամ պատճենը։
  6.  Երբ տեղեկությունն ստացողը չունի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով փաստաթուղթ ստանալու տեխնիկական հնարավորություն։
  7.  Երբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը կամ դրա առանձին բաղադրիչները տեխնիկապես խափանվել են, և խափանումը հնարավոր չէ վերացնել տեղեկության փոխանցման համար նախատեսված ժամկետում։
  8.  Երբ տեղեկության փոխանցումն իրականացվում է ռազմական կամ արտակարգ դրության, ռազմական գործողությունների կամ կապի և տեղեկատվական համակարգերի լայնածավալ խափանման պայմաններում։

Թղթային փաստաթղթերի հաշվառումը

Թղթային տարբերակով փաստաթղթաշրջանառության դեպքում մուտքային, ելքային և ներքին շրջանառության փաստաթղթերը հաշվառվելու են թղթային եղանակով՝ համապատասխան մատյաններում։ ԾՕՀ փաստաթղթերի հաշվառումը պետք է առանձնացված լինի ազատ շրջանառության փաստաթղթերի հաշվառումից։ Մուտքային փաստաթղթերը հաշվառվում են մարմին մուտք գործելուց անմիջապես հետո, իսկ ելքային և ներքին շրջանառության փաստաթղթերը՝ հաստատումից կամ ստորագրելուց հետո՝ հնարավոր սեղմ ժամկետում։

Փաստաթղթին տրվում է մուտքային կամ ելքային հերթական հաշվառման համար։ Համարները յուրաքանչյուր օրացուցային տարվա սկզբից տրվում են հաջորդականությամբ՝ բացառելով նույն փաստաթղթի կրկնակի կամ անհամադրելի համարակալումը։ Ելքային փաստաթղթի համարը պետք է ներառի առնվազն փաստաթղթի հերթական համարը, կատարող ստորաբաժանման նույնականացման համարը և ԾՕՀ նշումը։

Ինչպե՞ս պետք է առաքվեն թղթային փաստաթղթերը

Ելից փաստաթղթի թղթային տարբերակը հանձնվում է համապատասխան մարմնի ոչ գաղտնի գործավարության համար պատասխանատու աշխատակցին՝ հասցեատիրոջը առաքելու համար։ Կից նյութերը կարող են փոխանցվել թղթային եղանակով կամ թվային հիշողության շարժական կրիչներով։ Փաստաթղթերը փոխանցելիս պետք է օգտագործվեն միայն համապատասխան մարմնի կողմից տրամադրված կրիչներ։ Բազմակի օգտագործման կրիչները նախապես պետք է ստուգվեն հավաստագրված ծրագրային միջոցներով՝ վնասակար ծրագրերի առկայությունը բացառելու նպատակով։

ԾՕՀ փաստաթղթի առաքումն իրականացվում է պետական սուրհանդակային կապի կամ «Հատուկ կապ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով։ Բացառություն է Արտաքին հետախուզության ծառայությունը, որտեղ առաքումն իրականացվում է ծառայության կողմից։

Եթե այդ ծառայությունները հասանելի չեն, առաքումը կարող է իրականացնել համապատասխան մարմնի ղեկավարի ներքին իրավական ակտով այդ նպատակով նշանակված և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող աշխատակիցը։

Փաստաթղթերն առաքելիս արգելվում է այցելել առաքման հետ կապ չունեցող այլ վայրեր։ ԾՕՀ փաստաթղթերը և կրիչները պետք է առաքվեն անթափանց ծրարներով։ Ծրարի վրա նշվում են ուղարկող և ստացող մարմինների անվանումները, հասցեները, փաստաթղթի համարը և ԾՕՀ նշումը։ Ծրարի վրա արգելվում է նշել դրա մեջ գտնվող փաստաթղթի բովանդակությունը։

Ծրարները տեղափոխվում են անթափանց փաթեթներում, թղթապանակներում կամ պայուսակներում, որոնց արտաքին կողմում չպետք է լինի որևէ նշում պարունակության բնույթի կամ դասակարգման վերաբերյալ։ Փաստաթուղթն ստացող անձը պետք է ստորագրի առաքման ցրիչ մատյանում՝ նշելով ստացված ծրարների քանակը, ընդունման օրը, ամիսը, տարին և ժամը։

Որտե՞ղ և որքան ժամանակ են պահպանվելու փաստաթղթերը

Էլեկտրոնային համակարգում ներառված ԾՕՀ փաստաթուղթը դրա կատարման ընթացքն ավարտվելուց հետո պահպանվում է՝ արխիվացվում է համակարգում, մինչև դրա հասանելիության սահմանափակման փոփոխումը կամ վերացումը։ Հասանելիության համապատասխան իրավունք ունեցող աշխատակիցը կարող է համակարգի որոնման գործիքներով գտնել տվյալ փաստաթուղթը՝ իրեն վերապահված հասանելիության շրջանակում։

Թղթային փաստաթղթերը կատարումից հետո պահվում են հատուկ այդ նպատակով բացված գործերում, որոնց մասին նշում է կատարվում հաշվառման մատյաններում։ Այդ գործերը վարվում են ըստ փաստաթղթերի տեսակների, բովանդակության, նշանակության, կարևորության, պահպանման ժամկետների և այլ հատկանիշների։

Թղթային ԾՕՀ փաստաթղթերը պետք է պահվեն համապատասխան մարմնի ծառայողական շինություններում՝ հուսալի փակվող պահարաններում կամ զետեղարաններում՝ բացառելով դրանց հասանելիությունն այն անձանց համար, ովքեր իրավունք չունեն առնչվելու այդ տեղեկություններին։

Ե՞րբ կարող է վերացվել տեղեկության սահմանափակումը

Տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների շարքին դասած պաշտոնատար անձը պարտավոր է վերացնել սահմանափակումը, եթե դրա դասակարգման հիմքերը վերացել են կամ լրացել է օրենքով սահմանված սահմանափակման ժամկետը, և ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն չկա։

Սահմանափակումը վերացնելու դեպքում փաստաթղթի վրա «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ» կամ «ԾՕՀ» նշման վերևում կամ ներքևում պետք է կատարվի «ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԱԾ Է» նշումը։

ԾՕՀ փաստաթղթերի ոչնչացումը կատարվում է սահմանափակումը վերացնելուց հետո՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Էլեկտրոնային կրկնօրինակներն ու սևագրերը պետք է ոչնչացվեն այնպիսի մեթոդներով և ծրագրային միջոցներով, որոնք բացառում կամ հնարավորինս բարդացնում են դրանց հետագա վերականգնումը։ Թղթային կրկնօրինակներն ու սևագրերը, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման կրիչները ոչնչացվում են այրման, մասնատման կամ մանրացման եղանակով։ Ընտրված եղանակը պետք է բացառի տեղեկության հետագա վերականգնումը։

Եթե օբյեկտիվ հանգամանքների կամ օրենսդրության փոփոխության հետևանքով անհրաժեշտություն առաջանա փոխել տեղեկության դասակարգումը և այն գաղտնագրել որպես պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, դրա հետագա գաղտնագրումը, փաստաթղթաշրջանառությունը, գործավարությունը, պաշտպանությունն ու պահպանումը իրականացվելու են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համապատասխան կարգավորումներով։

Տեղեկության սահմանափակումը վերացնելու, փոփոխելու կամ ոչնչացնելու մասին համապատասխան մարմնի պաշտոնատար անձինք պետք է գրավոր տեղեկացնեն բոլոր նրանց, ում փոխանցվել է տվյալ տեղեկությունը՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում։ ԾՕՀ փաստաթղթերի պահպանման ժամկետները և արխիվացման առանձնահատկությունները որոշվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և համապատասխան մարմնի փաստաթղթերի պահպանման ժամկետներին համապատասխան։

Ո՞վ է ապահովելու նոր էլեկտրոնային համակարգի ստեղծումը

Նախագծով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է՝ համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի հետ, մինչև 2027 թվականի առաջին կիսամյակի ավարտը ապահովել «Ծառայողական օգտագործման համար» տեղեկության գործավարության համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի տեխնիկական պահանջների ձևավորումը։

Անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորվել աշխատանքային խումբ՝ ներգրավելով շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների և համապատասխան ոլորտի մասնագետների։ Տեխնիկական պահանջների մշակմանը հաջորդելու են համակարգի մշակման, ձեռքբերման, փորձարկման և ներդրման աշխատանքները։

Մինչև անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումը «Ծառայողական օգտագործման համար» տեղեկության գործավարությունն իրականացվելու է նախագծի հավելված N 1-ի 3-րդ գլխով սահմանված՝ էլեկտրոնային համակարգից դուրս փաստաթղթաշրջանառության կարգով։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ նախատեսվում է ներդնել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների ստեղծման, հաշվառման, մշակման, փոխանցման, կատարման, պահպանման և ոչնչացման միասնական կառուցակարգ։

Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Իրավաբան.net

Leave a Comment