Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում կընդգրկվեն նաև որոշ խմբերում չընդգրկված անձանց տվյալները

Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում ընդգրկված նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգում։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-135-Ն օրենքի ընդունմամբ։

Ի՞նչ փոփոխություն է նախատեսվում ռեգիստրում

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 25-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ։

Նախատեսվում է, որ ռեգիստրում կներառվեն նաև առողջության համընդհանուր ապահովագրություն ունեցող բնակչության խմբերում չընդգրկված այն անձանց անձնական և ոչ անձնական տվյալները, որոնք օրենսդրությանը համապատասխան ունեն համապատասխան վիճակ կամ կարգավիճակ և ստացել են օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայություններ։

«Առևտրային գաղտնիք» հասկացությունը կհանվի

Նախագծով առաջարկվում է նաև որոշման հավելվածի 14-րդ կետից հանել «առևտրային գաղտնիքի» բառերը։

Այս փոփոխությունը նախատեսվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համապատասխան դրույթներին որոշումը համապատասխանեցնելու նպատակով։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 25-Ն որոշումը կհամապատասխանեցվի «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներին։

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագիծը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի աշխատակիցների կողմից։

Նախագիծը բխում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված կառավարության ծրագրային և ռազմավարական փաստաթղթերից։

Նախագծով սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Leave a Comment