Վահրամ Սահակյանի գրառումը՝ քրեական հետապնդման հիմք․ որտե՞ղ է ատելության խոսքի սահմանը

Սոցիալական ցանցերում հրապարակումը կարող է ոչ միայն բուռն քննարկման, այլև իրավական գործընթացի պատճառ դառնալ։ Թատերագիր Վահրամ Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման հարուցումը կրկին ուշադրություն է հրավիրել ատելության խոսքի և խոսքի ազատության սահմանների վրա։ Որտեղով է անցնում այդ սահմանը, և ինչ է տեղի ունենում, երբ խոսքը վերածվում է իրավական խնդրի ։

Ֆեյսբուքյան հրապարակման համար, որը, ըստ փորձագիտական եզրակացության, պարունակում է ատելության խոսք, թատերագիր Վահրամ Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ խոսքը 2026-ի հունվարի 8-ին նրա ֆեյսբուքյան հրապարակման մասին է։ Սեպտեմբերի 29-ին Սահակյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյան․

«Դատարանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը, և Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ արգելելով կատարել հրապարակային գրառումներ սոցիալական կայքերով։ Բացառություն կարող են կազմել միայն աշխատանքային բնույթի գրառումները՝ հաշվի առնելով Սահակյանի թատերական ակտիվ գործունեությունը»։

Փաստաբանի գնահատմամբ՝ այդ սահմանափակումը, սակայն, էականորեն չի խոչընդոտի նրա հիմնական մասնագիտական գործունեությունը․

«Մարդը դրանով է իր հացը վաստակում և շարունակելու է հնարավորություն ունենալ իր թատերական գործունեությունը իրականացնել, իհարկե, սոցիալական ցանցերում հրապարակային խոսքի արգելքը պահպանելով»։

Սոցցանցերում վիրավորական, ագրեսիվ ու թշնամական վերաբերմունքի հայտարարությունների պակաս չկա։ Այնուամենայնիվ, միշտ չէ, որ հեշտ է միանգամից ասել՝ գործ ունենք ատելության խոսքի, թե պարզապես կոշտ, նույնիսկ վիրավորական քննադատության հետ։ Նախ պետք է տարբերակել ատելության խոսքը վիրավորանքից։ Սահմանադրագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում բացատրում է․

«Ատելության խոսքը վիրավորանքից տարբերվում է նրանով, որ էս խոսքը ասվում է ատելության շարժառիթով, բայց ատելությունը պայմանավորված է անձի, ասենք, ռասայական պատկանելությամբ, ազգությամբ, սեռային կողմնորոշմամբ, կրոնական համոզմունքներով։ Ուստի, ատելության խոսքի հիմնական հատկանիշը  ատելության շարժառիթն է՝ պայմանավորված մարդու որևէ հատկանիշով»։

Բայց խնդիրը միայն այն չէ, թե ինչն է մարդուն մղում նման խոսքի։ Կարևոր է նաև այն, որ նման խոսք տարածողը մտածում է՝ կգրի և կմնա անպատիժ։ Հոգեբան Ամալյա Սողոմոնյանը շեշտում է՝ խոսքի ազատությունը սահմաններ ունի․

«Անպատժելիության զգացումն ամենավտանգավոր երևույթներից է, և մեր բնակչությունը, հասարակությունը պիտի հասկանա, որ կա նաև իրավական դաշտ, որտեղ իրենք պիտի պատասխանատվություն կրեն իրենց յուրաքանչյուր արարքի և ասածի համար։ Պիտի գանք մի օր այն գիտակցությանը, որ կա խոսքի իրավունք իհարկե, բայց կա նաև խոսքի ազատության սահման, որը չի կարելի անցնել, որովհետև դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»։

Ատելության խոսքի համար պատասխանատվության ձևը, սահմանադրագետ Արա Ղազարյանի խոսքով, կախված է ոչ միայն արտահայտության բովանդակությունից, այլև դրա հանրային վտանգավորության աստիճանից․

«Ատելության խոսքը կարող է այն աստիճան հանրային վտանգավորություն ներկայացնել, որ դրան պետք է արձագանքել միայն քրեաիրավական եղանակով։ Ընդհանրապես, քրեականը միայն այն դեպքում, երբ այդ խոսքը հանրային լուրջ վտանգավորություն է ներկայացնում և ասվել է ուղղակի դիտավորությամբ»։

Մեկ այլ խնդիր էլ կա․ հրապարակումների հեղինակը միշտ չէ, որ հայտնի է։ Ֆեյք կամ անանուն էջերի դեպքում պատասխանատվության հարցը ավելի բարդ է, և այստեղ արդեն կարևորվում է սոցցանցի աջակցությունը։ Արա Ղազարյան․

«Եթե քաղաքացին ինքն է ուզում դրանով զբաղվել ,և եթե գործը քրեաիրավական բնույթի է,  այստեղ օպերատիվ-հետախուզական իրավապահ մարմինները կարող են համագործակցել սոցիալական ցանցերի ղեկավարության հետ, օրինակ՝ Ֆեյսբուքի և այլն։ Իրավապահ մարմինները կարող են օպերատիվ աշխատանքի միջոցով, ի վերջո, պարզել ֆեյք օգտատիրոջ գտնվելու վայրը կամ անձը և վարույթ հարուցել։ Բայց եթե սոցցանցը չի արձագանքում, և անհնար է պարզել օգտատիրոջը, ապա դա մնում է անարձագանք»։

Իրավաբանի խոսքով՝ Հայաստանում դեռ թույլ է զարգացած նաև այն մեխանիզմը, որով ատելության խոսքի դեպքում կարող են արձագանքել կայքերի և դոմեյնների գրանցման պատասխանատուները․

«Մենք ունենք ռեգիստրներ, որոնք դոմեյն հասցեներ են տալիս: Նրանք պայմանագիր են ստորագրում հասցեատիրոջ հետ, և այդ պայմանագրում պետք է լինի նաև ատելության խոսքի վերաբերյալ դրույթ, որ եթե քո էջից գնում է ատելության խոսք, ապա դա հիմք է, որ մենք հասցեն արգելափակենք։ Ռեգիստրարների մասին է խոսքը, բայց իրենք, որպես կանոն, դա չեն անում։ Այդ ոլորտը շատ թույլ է զարգացած»։

Այս խնդիրը նաև քաղաքական բանավեճի ծանր թեմա է։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները նման ձերբակալության հիմքում նաև քաղաքական դրդապատճառներ են տեսնում՝ պնդելով՝ իրավական հետապնդման են ենթարկվում ընտրովի՝ ատելության խոսքի ոչ բոլոր տարածողները։ Մինչդեռ  մասնագետները շեշտում են՝ խոսքի ազատությունը թույլ է տալիս քննադատել, վիճել և նույնիսկ կոշտ արտահայտվել։ Բայց երբ խոսքը վերածվում է ատելության կամ անհանդուրժողականության, գործում են այլ կանոններ։

Leave a Comment