ՄԻՊ-ը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ Քոչարյանի և Խաչատրյանի պահման պայմանների խնդիրներ են արձանագրվել

Նոր հարուցված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը օգոստոսին և սեպտեմբերին կալանավորվեցին։ Նրանց փաստաբանական թիմերը պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով՝ անդրադառնալով նաև իրենց պաշտպանյալների առողջական վիճակին և պահման պայմաններին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված վերջին արձագանքը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից է։ Օրերս նա այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են նաև Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Խաչատրյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին մտահոգել են հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանավորված անձանց պահման պայմանները։ Օրերս նա այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ մի շարք խնդիրներ ստացել են լուծում, իսկ մյուս հարցերի առնչությամբ Պաշտպանի մանդատի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր ։

Անահիտ Մանասյանը մշտապես ընդգծել է ազատազրկված անձանց նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ անկախ քրեական գործի հանրային հնչեղությունից։ Իսկ առողջական խնդիրներ ունեցող անձանց դեպքում խնդրահարույց է համարում նաև կալանքը՝ որպես խափանման միջոց։

«Շատ լուրջ բեռ է քրեակատարողական հաստատությունների համար ազատությունից զրկված նման անձանց պայմանները երաշխավորելը՝ սկսած ՔԿ բժշկության կենտրոնի այդ ամբողջ անձնակազմից և բժշկական համակարգից, ավարտած ՔԿ ծառայության ամբողջ համակարգով և այստեղ, օրինակ, անձի խնամքի հետ կապված հարցերը պետք է պատշաճ կարգավորվեն։ Անձը պետք է պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն ունենա, պայմանները պետք է անձանց համար բավարար լինեն։ Շատերը երբեմն չեն էլ պատկերացնում, թե օրինակ, ինչը կարող է վատ վերաբերմունքի դրսևորում լինել։ Բոլորովին վերջերս մի կարևոր հարց եմ բարձրացրել, այդ թվում՝ հանրային հնչեղություն ունեցող գործերից մեկի հետ կապված, որ անձի համար խցում պետք է բավարար պայմաններ երաշխավորված լինեն, օրինակ՝ ընթացքում զբաղվածություն ունենալու, եթե խուցը այնքան փոքր է, որ ոչ հնարավոր է քայլել, ոչ հնարավոր է պատշաճ նստել և այլն։ Սա նույնիսկ որոշակի դեպքերում կարող է վատ վերաբերմունքի դրսևորումների հանգեցնի»։

Այս հարցերով Հայաստանն այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ուշադրության կենտրոնում է։ Կոնկրետ Գագիկ Խաչատրյանի գործով վերջինիս փաստաբանական թիմը հրատապ միջոց կիրառելու մասին 4 հայց է ուղարկել, որոնցից երեքը միայն՝ այս տարի։ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյան․

«Ես երբ գնացի ՔԿՀ, որպեսզի տեսակցեմ Գագիկ Խաչատրյանին, նրան չկարողացան ինձ մոտ բերել, բայց ես տեսա, որ նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն էին այնտեղ, որոնց հետ ես հանդիպում ունեցա։ Նրանք նշեցին, որ իրենք նույն վիճակում տեսել են Գագիկ Խաչատրյանին՝ պառկած, ըստ էության սնունդ չէր ընդունել, կատետրը և պարկը գրեթե լցված վիճակում, հնարավորություն չուներ սանհանգույցից օգտվելու, խնամքի հնարավորություն չուներ և այլն։ «Երևան Կենտրոն» ՔԿՀ–ն, որպես այդպիսին, հնարավորություն չունի այդ ամենը ապահովելու։ Այնպես չէ, որ ունեն՝ չեն անում։ Չունեն, նման հնարավորություն չկա։ Հետևաբար այստեղ պետք է այլ լուծում գտնել, և ՄԻՊ աշխատակիցների հետ իմ շփումը բավականին արդյունավետ եմ գնահատում, որովհետև այն ինչ տեսա այդ պահին՝ այդ անհանգստությունը, այդ պահի դրությամբ ինձ բավարար էր»։

Փաստաբանների ներկայացմամբ՝ Գագիկ Խաչատրյանն ունի մի շարք  հիվանդություններ և ֆունկցիոնալության 66%–ի կորուստ։ Փաստաբան Արա Ղազարյանը մեջբերում է երկու տարի առաջ քրեակատարողական հիմնարկների և դատարանների մոնիտորինգի արդյունքները․

«Կան նաև բազմաթիվ հրապարակումներ ՄԻՊ–ի կողմից, որ մեր կալանավայրը և դատարանի շենքերը չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց պահման պայմաններին։ Օրինակ՝ սանհանգույցներն ադապտացված չեն, և սա ինքնին խտրականություն է՝ անկախ նրանից ՝դրա մտադրությունը կա՞ր, թե՞ ոչ»։

Քրեակատարողական հիմնարկների պայմաններից վերջին շրջանում դժգոհել են հատկապես նախկին երկու պաշտոնյաների՝ Քոչարյանի և Խաչատրյանի փաստաբանները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ՝ հայտարարել էր փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

«Տեսա բժշկական փաստաթղթերը, էպիկրիզները ու հասկացա, որ այստեղ խնդիր կա։ Նախագահ Քոչարյանին ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ, երկու ստենտավորումից հետո ձերբակալման օրը ունենալ հիպերտոնիկ կրիզ և այլն։ Չեմ ուզում շատ մանրամասների մեջ մտնել՝ հաշվի առնելով պարոն նախագահի դիրքորոշումը»։

ՄԻՊ գրասենյակը մանրամասներ չի հայտնում, թե կոնկրետ որ խնդիրներն են լուծված համարվում, և որ հարցերի ուղղությամբ է աշխատանքը շարունակվում։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմանների խնդիրներին՝ ընդգծելով դրանց համակարգային բնույթը և պահանջելով պայմանների բարելավման համակարգային լուծումներ։

Leave a Comment