ՆԱՏՕ-ն քննադատել է Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին զգուշացրել է, որ պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, եթե դաշինքի երկրները փորձեն Կալինինգրադի մարզը մեկուսացնել Ռուսաստանի մնացած տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ին ուղարկված ռուսական դիվանագիտական գրությանը։

Մոսկվան պնդում է, որ Կալինինգրադի շուրջ ՆԱՏՕ-ի գործողություններն ու զորավարժությունները մեծացնում են ուղիղ ռազմական բախման վտանգը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, թե Ռուսաստանը եվրոպական մայրաքաղաքներից Կալինինգրադի հնարավոր շրջափակման մասին հայտարարություններ է արձանագրում։

ՆԱՏՕ-ն դատապարտել է Մոսկվայի սպառնալիքները։ Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել միջուկային սպառնալիքները՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, և նրա գործողությունները Ռուսաստանի տարածքի համար վտանգ չեն ներկայացնում։

«Դադարեցրեք միջուկային սպառնալիքները։ Դրանք բացարձակապես անտեղի են և ոչնչով չեն օգնում», – հայտարարել է Ռյուտեն։

Կալինինգրադը գտնվում է Բալթիկ ծովի ափին՝ Լեհաստանի և Լիտվայի միջև, որը ցամաքային սահման չունի Ռուսաստանի հիմնական տարածքի հետ։

Leave a Comment