Իշխանամետ բլոգեր Georgх-ին տարել են Պարեկային ծառայություն – armeniatoday.am

Իշխանամետ բլոգեր Գևորգ Թարջումանյանին, որը հայտնի է Georgх կեղծանունով, տարել են Պարեկային ծառայություն այն բանից հետո, երբ կանգնեցրել են առանց վարորդական իրավունքի և պետական համարանիշերի մեքենա վարելու համար։ Ավելի ուշ նրան բաց են թողել։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ոստիկանությունից ճշտել են, որ Թարջումանյանի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ, իսկ նյութերը նախատեսվում է ուղարկել Քննչական կոմիտե։

Բլոգերին կանգնեցրել են առավոտյան Ավան վարչական շրջանում։

Թարջումանյանին ավելի վաղ արդեն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ նրա նկատմամբ նախկինում ստացվել է նմանատիպ խախտման մասին երկու հաղորդում՝ ապրիլի 24-ին և օգոստոսի 21-ին։

Դրվագներից մեկով գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ բլոգերի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկրից դուրս գալու արգելք։

Մայիսին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել նախագծի, որով առաջին անգամ վարորդական իրավունքից զրկվածները կկարողանան զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնել այն առանց քննություն հանձնելու։ Դրա համար առաջարկվում է վճարել 50 հազար դրամ պետական տուրք և անցնել մեկամյա փորձաշրջան՝ տուգանային միավորների նվազեցված քանակով։

Leave a Comment