Ռուսաստանը նվազեցնում է ԵԱՏՄ երկրներ կանխիկի արտահանման սահմանաչափը

Ռուսաստանում արգելվել է 1 մլն ռուբլին գերազանցող կանխիկ գումար տեղափոխել ԵՏՄ և նախկին խորհրդային որոշ երկրներ՝ ներառյալ Հայաստանը։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով նախկինում գործող  8,5 մլն ռուբլու սահմանաչափը իջեցվել է։ Ընդ որում՝ արգելքը վերաբերում է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց։

Ռուսաստանի նախագահի հրամանագրով՝  ֆիզիկական անձանց արգելվում է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար դուրս հանել երկրից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ինչպես նաև Ուզբեկստան, Տաջիկստան և Ադրբեջան:

Ֆիզիկական անձանց համար նախկին սահմանաչափը 100 հզր դոլարին համարժեք մոտ 8,5 մլն ռուբլի էր:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝  նշված երկրներ 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ գումար կարելի է տեղափոխել միայն միջազգային օդանավակայաններով՝ պայմանով, որ առկա լինեն գումարի ծագումը հաստատող բանկային քաղվածքներ և այլ փաստաթղթեր:

2022 թվականի մարտից՝ արգելվել էր մեկ անձի հաշվով 10․000 դոլարը գերազանցող գումար արտահանել։ Կանխիկ ռուբլին կարող է արտահանվել միայն այն երկրներ, որոնք նշված չեն հրամանագրում։

Վերլուծելով վերջին տարիների թվերը, տնտեսագետներն ընդգծում են, որ 2022-2025 թվականներին բազմապատկվել է գումարի թե՛ ներհոսքը, թե՛ արտահոսքը Հայաստան՝ 2021 թ. մոտ 2 մլրդ դոլարի համեմատ հասնելով մինչև 6 մլրդ դոլարի: Վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ընդհանուր ծավալը 2025 թվականին կազմել է առնվազն 4 մլրդ դոլար։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանն ընդգծում է, որ կարևոր են ոչ միայն վիճակագրական թվերը, այլև այն, թե այդ գումարները ինչ նպատակով են փոխանցվում․

«Այստեղ խնդիրն այն չէ, թե տնտեսության հետ կապված հոսքերը ինչպիսին են, այլ այն, թե որքանով են այդ հոսքերը դառնում անկանխատեսելի, տնտեսության համար, այսպես ասենք՝ ոչ այնքան պիտանի ցուցանիշ։ 2022–ից հետո է պատկերը փոխվել, կարևոր է՝ ինչի՛ հաշվին․ ֆիզիկական փոխանցումները կատարվող աշխատանքի՞, գործարար գործակցությա՛ն, թե՛ այլ նպատակով»։

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների մասին խոսելիս մասնագետներն առնաձնացնում են մինչև 2022 թ․ ու դրանից հետո ընկած ժամանակաշրջանը։ Կիսամյակային տվյալներով՝ Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքն ավելացել է ավելի քան երկու անգամ։ 2022–ից հետո կտրուկ ավելացել են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց դրամական փոխանցումները։ Այսինքն՝ տրանսֆերտները խառնվել են։ Սեզոնային աշխատողների հոսքին ու հարազատների միջև փոխանցումներին ավելացել են նաև այլ փոխանցումներ։ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը պարզաբանում է, որ գումարների էական մասը ներդրված է որպես խնայողություն․

«Մեկ էլ մի հսկայական ծավալ եկավ, որոնց մի մասը կամ այլ երկիրներ գնաց կամ վերադարձավ։ Դրանց էական մասը բանկերում ներդրվեցին խնայողությունների տեսքով, քիչ–քիչ ավանդի վերածվեցին, կամ անշարժ գույք ձեռք բերվեց»։

Ըստ տնտեսագետների՝ եթե անգամ նախորդ տարվա  համեմատ դրամական փոխանցումները ավելացել են երկու անգամ, միևնույն է, դրանք առևտրային փոխանցումներ չեն, այսինքն՝ երկրի ներքին տնտեսության վրա ազդեցություն չունեն։

Թվերը ցույց են տալիս, որ վերջին մեկ տարում դրամական փոխանցումները Հայաստան ավելացել են․ մասնագետները դա բացատրում են տնտեսության կայունացմամբ։

Դրամական փոխանցումների ավելացման պայմաններում ՌԴ-ից 1 մլն ռուբլուց ավելի կանխիկ դուրս տանելու արգելքը որոշ չափով զսպիչ գործոն է՝ կարծում են տնտեսագետները։ Արգելքը խախտելու դեպքում գումարը կբռնագանձվի, ֆիզիկական անձանցից կառգրավվի սահմանաչափը գերազանցող մասը, իսկ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ ամբողջ գումարը։

Leave a Comment