
Երեկ ձերբակալված գրող Վահրամ Սահակյանին մեղադրում են 2025 թվականի հունվարին արած մի գրառման համար, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ վարույթը նախաձեռնված է եղել դեռ մեկուկես տարի առաջ և այդ ընթացքում իրականացվել են լեզվաբանական և հոգեբանական փորձաքննություններ՝ պարզելու գրառման բովանդակությունն ու բնույթը, ինչից հետո էլ մեղադրանք էր առաջադրվել Սահակյանին։
Ինքը՝ Մելիքյանը, համաձայն չէ մեղադրանքի հետ և ընդգծել է՝ իրավապահները զբաղված են միայն ընդդիմադիրների գրառումներին հետևելով և մեղադրանքներ են առաջադրում միայն նրանց։ Հիշեցրեց դեռ մեկ տարի առաջ «կաթողիկոսին սատկացնելու» կոչ արած գառնեցի տղամարդու դեպքը, որին որևէ մեղադրանք այդպես էլ չառաջադրվեց։
Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ատելություն հրահրելու և թշնամանք քարոզելու հոդվածով։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացրել էր ոստիկանությունը։
Փաստաբանը խտրական է որակում իրավապահների գործելաոճը, պնդում է, որ միայն հետևում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների խոսքին ու նրանց են կանչում պատասխանատվության։
Մելիքյանը նշեց, որ Սահակյանի քննադատական գրառման մեջ վարչապետին ուղղված խոսք չկա։ Երեկ դատարանը վարչական հսկողություն սահմանեց Սահակյանի նկատմամբ՝ արգելելով նրան հրապարակային գրառումներ անել։