Ո՞ր խախտումների դեպքում վարորդը չի տուգանվում և միավոր չի կորցնում

Ճանապարհային երթևեկության որոշ խախտումների դեպքում օրենսգիրքը թույլ է տալիս տուգանք չնշանակել։ Դա տեղի է ունենում, երբ խախտումը ճանաչվում է նվազ նշանակություն ունեցող. այդ դեպքում անձը համարվում է նախազգուշացված, և վարչական պատասխանատվության միջոց չի կիրառվում։ Օրենսգիրքը հստակ թվարկում է, թե որ խախտումների վրա է տարածվում այս կանոնը և ինչ պայմաններում։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 34-39-րդ մասերով։

Ի՞նչ է նշանակում նվազ նշանակություն

Օրենսգրքի 124-րդ հոդվածի 34-րդ մասով, եթե հոդվածի որոշակի մասերով նախատեսված իրավախախտումն ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը կամ պաշտոնատար անձը վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում։

Կարևոր է հասկանալ, որ խախտումն ինքնին չի վերանում. պարզապես տույժ չի նշանակվում։

Ո՞ր խախտումների վրա է տարածվում կանոնը

34-րդ մասով ցանկը փակ է և ներառում է 124-րդ հոդվածի հետևյալ մասերը՝

  • 1-ին- ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները չկատարելը,
  • 2-րդ- հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը,
  • 5-րդ- խաչմերուկների անցման կանոնները խախտելը,
  • 7-րդ- ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետերի անցման կանոնները խախտելը,
  • 9-րդ- երթևեկությունն սկսելու, մանևր կատարելու կամ հետընթաց վարման կանոնները խախտելը,
  • 12-րդ- արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը,
  • 13-րդ- հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով վարելը,
  • 19-րդ- ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը,
  • 21-րդ- կանգառի և կայանման կանոնները խախտելը,
  • 25-րդ- կանգառի կետում կանգառ կատարելը, միայն կանգառի մասով,
  • 30-րդ- բեռների փոխադրման կանոնները խախտելը։

Այս ցանկում չեն մտնում, օրինակ, արագությունը գերազանցելը, լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելը, հեռախոսակապից օգտվելը, հանդիպակաց գոտի դուրս գալը կամ ոչ սթափ վիճակում վարելը։

Ե՞րբ է հոծ գիծը հատելը համարվում նվազ նշանակության

35-րդ մասով համընթաց հոսքերն իրարից բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջները չկատարելը նվազ նշանակություն ունի, եթե տրանսպորտային միջոցի առջևի երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել։

Նույն մասով կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով։

Ուշադրություն. խոսքը համընթաց, այսինքն՝ նույն ուղղությամբ շարժվող հոսքերն իրարից բաժանող գծի մասին է։ Հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների դեպքում գործում է 37-րդ մասը՝ ավելի խիստ պայմանով։

Իսկ կանգ-գի՞ծը

37-րդ մասով «Կանգ-գիծ» գծանշման պահանջները չկատարելը, ինչպես նաև հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը նվազ նշանակություն ունեն, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, և վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև, երբ խախտումն անխուսափելի է եղել այլ մասնակցի պատճառով։

Տարբերությունը կարևոր է. համընթաց հոսքերի հոծ գծի դեպքում խոսքը առջևի երկու անիվիմասին է, կանգ-գծի և հակադիր հոսքերի գծանշումների դեպքում՝ բոլոր անիվների։

Ճանապարհային նշանների դեպքում ի՞նչ պայման է գործում

36-րդ մասով ճանապարհային նշանների պահանջները չկատարելը նվազ նշանակություն ունի միայն մեկ դեպքում՝ երբ խախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով։

Այսինքն՝ նշանի դեպքում «անիվների» կանոնը չի գործում։

Խաչմերուկ, մանևր, լույս, ձայնային ազդանշան

38-րդ մասով հոդվածի 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ և 30-րդ մասերով նախատեսված խախտումները նվազ նշանակություն ունեն, եթե դրանց հետևանքով խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև, եթե խախտումն անխուսափելիորեն կատարվել է այլ մասնակցի պատճառով։

Կարելի՞ է կանգնել մեկ րոպեով՝ ուղևոր իջեցնելու համար

Սա ամենագործնական դրույթն է։ 39-րդ մասով 21-րդ և 25-րդ մասերով, վերջինը՝ միայն կանգառ կատարելու մասով, խախտումը նվազ նշանակություն ունի, եթե միաժամանակ պահպանվում են երեք պայման՝

  • կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով,
  • չի գերազանցել մեկ րոպեժամանակահատվածը,
  • դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել։

Երեքից մեկի բացակայության դեպքում կանոնը չի գործում, և կիրառվում է 21-րդ մասով նախատեսված տուգանքը՝ 5000 դրամ և 0,25 տուգանային միավոր։

Ի՞նչ է սպասվում այս կանոնում

Քննարկվող նախագծով 124-րդ հոդվածին ավելանում է նոր 21.1-ին մաս՝ երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում կանգնելը, 10 000 դրամ և 1 տուգանային միավոր։ Ընդ որում, նախագծով այդ նոր մասը ներառվում է նաև 34-րդ և 39-րդ մասերի ցանկերում, այսինքն՝ դրա վրա ևս կտարածվի մեկ րոպեի կանոնը։ Մանրամասները՝ այս նյութում։

Ամփոփում

Ամփոփելով՝ նվազ նշանակության դեպքում անձը համարվում է նախազգուշացված, և տույժ չի նշանակվում, կանոնը տարածվում է 124-րդ հոդվածի թվարկված մասերի վրա, համընթաց հոսքերի հոծ գիծը հատելը նվազ նշանակություն ունի, եթե առջևի երկու անիվն ամբողջությամբ չեն հատել գծանշումը և վտանգ չի ստեղծվել, կանգ-գծի և հակադիր հոսքերի գծանշումների դեպքում պահանջվում է, որ անիվներից ոչ մեկը չհատի, ճանապարհային նշանների դեպքում կանոնը գործում է միայն, երբ խախտումն անխուսափելի է եղել այլ մասնակցի պատճառով, իսկ կանգառը նվազ նշանակություն ունի, եթե տևել է մինչև մեկ րոպե՝ միայն ուղևոր նստեցնելու կամ իջեցնելու համար և առանց խոչընդոտ ստեղծելու, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։






Կարդացեք նաև՝

Leave a Comment