
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից ի վեր, Եվրոմիությունը հանածո վառելիքի վրա ծախսել է 100 միլիարդ եվրո ավելի, քան նախկինում, միևնույն ծավալի ներկրման պարագայում։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դեն Յորգենսենը:
ԵՄ անդամ պետությունները կքննարկեն, թե ինչպես պատրաստվել ձմռանը՝ էներգիայի բարձր գների պայմաններում։ Յորգենսենը կոչ է արել անդամ պետություններին առաջարկել պահանջարկը նվազեցնելու միջոցներ, շարունակել գազի պահեստարանների լիցքավորումը մինչև առնվազն 80 տոկոս և իրականացնել «նպատակային և ժամանակավոր» միջոցառումներ՝ բարձր գների դեմ պայքարելու համար։
«Այս տարի մենք գերավճարեցինք 100 միլիարդ եվրո էներգիայի համար՝ առանց էներգիայի մեկ լրացուցիչ միավոր ստանալու»,- ասել է ԵՄ հանձնակատարը։
Յորգենսենը վերահաստատել է Եվրոպայում էլեկտրաֆիկացման տեմպը արագացնելու անհրաժեշտությունը. «Մենք պետք է կոտրենք այս կախվածությունը, մենք պետք է փոխարինենք հանածո վառելիքը՝ ներմուծված, շրջակա միջավայրի համար վնասակար և թանկարժեք մոլեկուլները՝ տեղական արտադրության էներգիայով»։
«Ձմռանը պատրաստվածության առումով մենք չենք տեսնում Եվրոպայի էներգամատակարարման համար անմիջական ռիսկեր»,- ասել է Յորգենսենը։
«Այնուամենայնիվ, երբ շատ եվրոպացի քաղաքացիներ դժվարանում են վճարել իրենց հաշիվները, իսկ աշխատանքի գնացող մարդիկ ստիպված են այդքան բարձր գներ վճարել բենզալցակայանում, ակնհայտ է դառնում, որ իրավիճակը հեռու է իդեալական լինելուց», – հավելեց եվրահանձնակատարը։