ԵԽԽՎ զեկույցում երկու էական խնդիր կա․ Հովհաննիսյանը՝ ընտրությունների մասին

Ընդդիմությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի, հայտարարել է արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ թեև զեկույցում արձանագրվել են ընդդիմության բարձրաձայնած մի շարք խնդիրներ, առավել էական են երկու շեշտադրումներ։

Առաջինը, ըստ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ներկայացվածություն չունենալու հարցն է։ Նա ընդգծել է, որ զեկույցում այն դիտարկվում է ոչ թե ընտրությունների արդյունքների կեղծման, այլ կայացված որոշումների բավարար հիմնավորվածության և արդյունավետ դատական պաշտպանության համատեքստում։

Երկրորդ էական հանգամանքը Հովհաննիսյանը համարել է ընտրովի արդարադատության վերաբերյալ մտահոգությունները՝ հատկապես հոգևորականների և հիմնականում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ու կալանավորումների համատեքստում։

«Վարչական ռեսուրսի, անհավասար պայմանների, ընտրական վարչարարության թերությունների, քարոզարշավի ծախսերի թափանցիկության և նման հարցերի վերաբերյալ քննադատությունները նման զեկույցների համար բավական բնորոշ, գրեթե «պարտադիր» ուղեկցող քննադատություններ են։ Հետևաբար՝ ես դրանք չէի գերագնահատի»,- գրել է Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ զեկույցի մյուս արձանագրումները հիմնականում համահունչ են իշխանությունների դիրքորոշումներին՝ արտաքին ճնշումների և ընտրակաշառքի վերաբերյալ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցում ընտրությունների ընդհանուր դրական գնահատականին զուգահեռ՝ մատնանշել էր մի շարք խնդիրներ, այդ թվում՝ վարչական ռեսուրսի օգտագործումը, ընդդիմության քրեական հետապնդումը, քարոզարշավի լուսաբանման և խախտումների բողոքարկման թերությունները։

Սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ԵԽԽՎ վերջնական զեկույցն անվանել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) և Սահմանադրական դատարանին ընդդիմության կողմից ներկայացված  մի շարք բողոքների հաստատում։

Leave a Comment