Հարավային Կարոլինայում մայրը դանակահարել է իր երկու երեխաներին․ փոքրիկներից մեկի թևը կարող են անդամահատել



Հարավային Կարոլինայի բնակչուհին մեղադրվում է իր երկու մանկահասակ երեխաների վրա դաժանորեն հարձակվելու, նրանց ավելի քան 50 անգամ դանակահարելու և բութ առարկայով հարվածելու մեջ։ Հարձակման հետևանքով երեխաներից մեկի մոտ առկա է բազկի անդամահատման  վտանգ։

35-ամյա Թեյլոր Գոսնելին (Taylor Gosnell) մեղադրանք է առաջադրվել սպանության երկու փորձի և հանցագործության ընթացքում մահաբեր զենք կրելու համար, երբ ոստիկանությունը Սպարտանբուրգ շրջանի (Spartanburg County) նրա տանը հայտնաբերել է 3 և 6 տարեկան երեխաներին։

Իշխանությունների փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել երեխաների բարեկեցությունը ստուգելու նպատակով, որտեղ հայտնաբերել են դաժան բռնության հետքեր։ Տան ներսում ջարդված են եղել մի քանի հեռուստացույցներ և հայելիներ։

Քննիչները պարզել են, որ Գոսնելը երեխաներին հարվածել է դանակով և բութ առարկայով։ Երկու երեխաները միասին ստացել են շուրջ 50 դանակահարություն և այլ մարմնական վնասվածքներ։

6-ամյա երեխան ստացել է բազկի ծանր վնասվածք, որը, ըստ դատախազության, կարող է հանգեցնել անդամահատման: Երկու երեխաներն էլ տեղափոխվել են Spartanburg Regional Medical Center բժշկական կենտրոն. նրանց վիճակը գնահատվում է կայուն, և բժիշկները կանխատեսում են, որ նրանք ողջ կմնան։

Գոսնելը ձերբակալվել է և տեղափոխվել Սպարտանբուրգ շրջանի ձերբակալվածների պահման վայր։ Դատարանը մերժել է նրան գրավով ազատ արձակելու խնդրանքը։ Երեխաները վերցվել են պետական պաշտպանության տակ, իսկ գործի քննությունը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment