Թրամփը մտադիր է ԱԲ-ն վերանվանել «սուպերբանականություն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր կստորագրի՝ արհեստական բանականությունը (ԱԲ) «սուպերբանականություն» վերանվանելու մասին։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ երեքշաբթի ավելի ուշ ինքը կստորագրի «արհեստական բանականության վերանվանման մասին փաստաթուղթը»։ «Այն արհեստական չէ, և մենք բոլորս համաձայն ենք դրա հետ։ Մենք պաշտոնապես այն կվերանվանենք «սուպերբանականություն»»,– Սպիտակ տանը տեխնոլոգիական կորպորացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը։

Պատասխանելով ԱԲ տեխնոլոգիաների կարգավորման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը հայտարարել է, որ այս ոլորտում «պետք է ինքնակարգավորում լինի»։ «Մենք ինքնաբերաբար կարգավորում ենք այս ոլորտը՝ Արդարադատության նախարարության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և նմանատիպ կառույցների միջոցով։ Բայց ինքնակարգավորումը շատ կարևոր է»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «արհեստական բանականություն» անվանումը համարում է «անհաջող և ոչ ճշգրիտ»։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ նման մշակումները պետք է անվանել «սուպերբանականություն»։

Սպիտակ տան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերի 23-25-ը Վաշինգտոն կատարած պետական այցի և ԱՄՆ նախագահի հետ նրա հանդիպումների արդյունքներով հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները «համաձայնել են համապատասխան նոր տեխնոլոգիաները նշելու համար օգտագործել «սուպերբանականություն» եզրույթը՝ «արհեստական բանականության» փոխարեն»։

Leave a Comment