Ֆրանսիայում ավագ դպրոցների բողոքի ալիքը տարածվում է․ 180 ուսումնական հաստատություն շարժման մեջ

Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտների բողոքի շարժումը մի քանի օրում դուրս է եկել Փարիզից և տարածվել երկրի այլ քաղաքներ։ Դպրոցների շրջափակումներ, ոստիկանության հետ բախումներ, 160-ից ավելի ձերբակալություններ և սրվող քաղաքական բանավեճ․ այս ամենը տեղի է ունենում 2027-ի նախագահական ընտրություններից մոտ յոթ ամիս առաջ։

«Մենք նույնիսկ նվազագույն պայմանները չունենք։ Չգիտեմ՝ ինչպես են մարդիկ ուզում, որ մենք հաջողության հասնենք»,-ֆրանսիացի աշակերտի այս խոսքերով է ձևակերպվում այն դժգոհությունը, որը վերջին օրերին դուրս է եկել լիցեյների պատերից։ Շարժումը սկսվել է սեպտեմբերի 21-ին՝ Փարիզի արվարձանների Կրետեյ քաղաքի Սենտ-Էքզյուպերի լիցեյից, որի աշակերտները բարձրաձայնել են չլրացված ուսուցչական հաստիքների մասին։ Այնուհետև բողոքը տարածվել է Իլ դը Ֆրանսի այլ դպրոցներ, իսկ երկուշաբթի՝ արդեն երկրի տարբեր շրջաններ։

Աշակերտները դժգոհում են ուսուցիչների և այլ աշխատակիցների պակասից, գերբեռնված դասարաններից, դպրոցների վատթարացող պայմաններից, ծանրաբեռնված դասացուցակներից և համալսարան ընդունվելու Parcoursup համակարգի հետ կապված սթրեսից։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, աշակերտական արհմիությունը կոչ է արել շրջափակելու լիցեյները ողջ երկրում։

Երկուշաբթի բողոքի ակցիաներն ընդգրկել են շուրջ 180 ուսումնական հաստատություն։ Մի շարք վայրերում ցույցերը վերածվել են բախումների։ Իշխանությունների տվյալներով՝ կա ավելի քան 160 ձերբակալված, վիրավորվել է մոտ մեկ տասնյակ աշակերտ, կրթության ոլորտի 8 աշխատակից, այդ թվում՝ երեք դպրոցի ղեկավար և ուժային կառույցների 12 ներկայացուցիչ։ Որոշ դպրոցների մոտ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, իսկ ցուցարարներն օգտագործել են հրավառության միջոցներ և այլ առարկաներ։

Ֆրանսիայի իշխանությունները միաժամանակ հայտարարում են, որ աշակերտների բարձրաձայնած կրթական խնդիրները պետք է քննարկվեն, սակայն բռնությունն անընդունելի է։ Կրթության նախարար Էդուար Ժեֆրեյը հայտարարել է, որ բողոքի շարժմանը միացել են նաև բռնի գործողություններ կատարող խմբեր։ Վարչապետ Սեբաստիան Լեկոռնուն էլ քննադատել է շարժումը տարածելու քաղաքական կոչերը՝ միաժամանակ նշելով, որ լիցեյների խնդիրները պետք է լսվեն և լուծվեն։

Բողոքի շարժումը քաղաքական դաշտում ևս հակադրության պատճառ է դարձել։  

«Ձեռքերը հեռու մեր երիտասարդությունից»։

Բողոքի շարժմանը զուգահեռ՝ Ֆրանսիայում անցկացվում է նաև պետական հատվածի համազգային գործադուլը։ Խոշոր արհմիությունները կոչ են արել աշխատակիցներին մասնակցելու գործադուլին և ցույցերին՝ բարձրաձայնելով աշխատավարձերի, գնաճի և հանրային ծառայությունների ֆինանսավորման խնդիրները։

Գործադուլը ազդել է նաև ավիահաղորդակցության վրա։ Ֆրանսիայի քաղավիացիայի վարչությունը ավիաընկերություններին կարգադրել է սեպտեմբերի 29-ին Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանում չեղարկել թռիչքների 5 տոկոսը, իսկ Մարսելի օդանավակայանում՝ 25 տոկոսը։ Խափանումներ են սպասվում նաև այլ օդանավակայաններում։

Ստեղծված իրավիճակը քաղաքական նշանակություն է ստանում նաև 2027-ի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Ընտրություններին մնացել է շուրջ յոթ ամիս, իսկ նախագահ Էմանուել Մակրոնը սահմանադրորեն չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար։ Այդ պայմաններում քաղաքական ուժերը փորձում են իրենց օրակարգում ընդգծել կրթության, սոցիալական ծախսերի և պետական ծառայությունների ֆինանսավորման թեմաները։

Միաժամանակ Սեբաստիան Լեկոռնուի կառավարությունը փորձում է առաջ տանել եկող տարվա բյուջեն, որով նախատեսվում է շուրջ 54 միլիարդ եվրոյի խնայողություն։ Կառավարության բյուջետային ծրագրերը դարձել են արհմիությունների և ընդդիմադիր ուժերի քննադատության առարկա, իսկ աշակերտների բողոքը դրանց զուգահեռ նոր ճնշում է ստեղծում իշխանությունների վրա։

Leave a Comment