Շիրակի մարզում՝ Ամասիայի մանկական արվեստի դպրոցի սաներն այսպես են մտնում հայկական մանրանկարչության աշխարհ։ Նրանք փորձում են կրկնօրինակել դարեր առաջ ստեղծված աշխատանքները՝ սովորելով ոչ միայն նկարել, այլև հասկանալ գույների, զարդանախշերի ու ամենափոքր դետալների նշանակությունը։ Ամասիայի պատանի նկարիչների աշխատանքները մեկտեղվել են ցուցահանդես-սեմինարում։
Փոքրիկ վրձին, մի քանի վառ գույն ու շատ համբերություն։ Ամասիայի մանկական արվեստի դպրոցի սաները մանրանկարչության դասին սովորում են աշխատել ոչ միայն ձեռքով, այլև աչքով՝ նկատել ամենափոքր դետալն անգամ և այն հնարավորինս ճշգրիտ վերարտադրել։ Նրանց առջև միջնադարյան ձեռագրերից վերցված պատկերներ են։ Պատանի նկարիչները փորձում են կրկնօրինակել հայտնի մանրանկարները՝ պահպանելով պատկերների կառուցվածքը, զարդանախշերն ու գունային լուծումները։ Բայց մանրանկարչության տեխնիկան միայն պատկերն արտագրելը չէ․ ամեն գույն ու մանրուք իր դերն ունի։


Մանրանկարչության գունային լեզուն հատկապես նկատելի է կրոնական թեմաներում։ Հին հայկական ձեռագրերում վառ երանգները ոչ միայն պատկերն էին ամբողջացնում, այլև իրենց խորհուրդն ունեին։ Հիմնականում օգտագործվում էր յոթ գույն։ Նկարչուհի Վիկտորիա Սարգսյանը դրանց խորհուրդն է ներկայացնում։
«Հին ժամանակներում մանրանկարչության մեջ օգտագործել են հիմնականում կարմիր, կապույտ և դեղին գույները։ Դեղինը Աստծո լույսն էր, կապույտ գույնի նշանակությունը՝ երկնքի գույնը, իսկ կարմիր գույնը՝ Հիսուս Քրիստոսի արյան գույնը։ Եվ այդ գույները օգտագործվել են, քանի որ ունեին բնական ծագում»։


Սևը, շագանակագույնն ու մոխրագույնը նույնպես իրենց խորհուրդն ունեն։ Ամասիայի մանկական արվեստի դպրոցի դասատու Էլմիրա Հարությունյան․
«Տեսել եք, հոգևորականները հիմնականում սև են հագնվում։ Դա ոչ միայն դժոխքի գույնն է, այլ նաև աշխարհականից հրաժարվելու գույնն է, իսկ մոխրագույնը ոչ թե հողի գույնն է, այլ հոգևոր հարստության, սակայն նյութական աղքատության մասին է վկայում։ Երեխաները մեծ սիրով աշխատեցին»։
Մանրանկարչությունը ձևավորվել է ձեռագիր գրքի մշակույթի հետ և զարգացել հատկապես քրիստոնեության տարածումից հետո։ Հայկական ձեռագրերում պատկերազարդվել են Ավետարանները, Աստվածաշունչը և կրոնական ժողովածուներ։ Դարերի ընթացքում ձևավորվել են հայկական մանրանկարչության տարբեր դպրոցներ ու ոճեր։


Ամասիայի պատանի նկարիչները փորձում են հին ձեռագրերը վերարտադրել սեփական ձեռքով։ Պատանի նկարիչ Մանե Մաթևոսյան․
«Նկարչության տարբեր ճյուղերից ես հենց նախընտրում եմ մանրանկարչությունը, որովհետև ինքը մեր պատմության ամենակարևոր մասն է։ Երբ մենք գրեր չունեինք, երբ գրերը ստեղծվեցին, արդեն մենք սկսեցինք դա պատկերել մանրանկարչությունով, զարդարել, և դա Հայաստանի պատմության ամենագլխավոր փուլերից մեկն է»։
Իսկ Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ միջնադարյան նկարիչները իրենց աշխատանքներով փոխանցել են այն, ինչ հնարավոր չէր միշտ բառերով ասել։


«Մանրանկարչությունը գրերի պահպանման, հայ լինելու ու մեր պատմությունը պահպանող միակ ձեռագիր, իրեղեն ապացույցն է, որը կարող ենք դարեր շարունակ պահպանել և մեր հայ ինքնությունը ցույց տալ։ Այն ժամանակահատվածում, երբ որ չեն թողել անգամ ասել «Հայաստան» անունը, այդ ժամանակ նկարիչները՝ Մոմիկը, Սարգիս Պիծակը, ցույց են տվել իրենց նկարներով, որ հայ ազգը միշտ եղել է, հայկական մշակույթը պահպանել են՝ անգամ չօգտագործելով «Հայաստան» անունը»։


Փոքրիկ մանրանկարիչները խմբով են աշխատում, մեկը մյուսից սովորում։ Նրանց աշխատանքները մեկտեղվել էին ցուցահանդեսում։
«Բնականաբար, իրենք բոլորը նկարիչներ չեն դառնալու, բայց ամեն դասին իրենք որ իմանում են հայկականի մասին, արդեն բավարար է»։


Դպրոցի սաների աշխատանքները մայիսին ներկայացվել են նաև Երևանում անցկացված «Նոր ձեռքեր» միջազգային մրցույթին։
«Ներկայացրել եմ 22 աշակերտի 29 աշխատանք, և այդ 29 աշխատանքն էլ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մեդալներ են վերցրել»։


Հիմա արդեն պատանի նկարիչները մանրանկարչության նոր շերտեր են ուսումնասիրում։ Հաջորդ աշխատանքներում փորձելու են գտնել ու վերարտադրել հայկական ճարտարապետության և տարազների մանրանկարչական տարրերը, ինչպես նաև հայկական զարդանախշերով բնանկարներ։
Ամասիայի գրեթե 70 տարեկան արվեստի դպրոցում այդպես շարունակում են երեխաներին փոխանցել ոչ միայն նկարչական հմտություն, այլև հայկական մշակույթը սեփական ձեռքով ճանաչելու ու վերարտադրելու փորձը։