Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը «Կոմիտասի 300 ձայնը» խորագրի ներքո 300 կատարողներ Արմավիրի հրապարակում երգել են Կոմիտասի ստեղծագործութունները: Նախաձեռնությանը, որի հեղինակը ժողովրդական երգիչ Արսեն Զաքարյանն է, միացել են «Խազեր» երգչախումբը, երաժիշտներ Արմավիրից, Երևանից ու տարբեր մարզերից: «Կոմիտասի 300 ձայնը» վարդապետի հիմնած «Գուսան» երգչախմբի խորհրդանիշն է: 300 հոգանոց երգչախումբը ղեկավարել է «Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը՝ ակտիվ մասնակից դարձնելով նաև հանդիսատեսին:
Կոմիտասի ծննդյան օրն արմավիրյան երկինքը լցված էր կոմիտասյան շնչով․ հրապարակում հնչում էին Կոմիտասի մշակած հնագույն հայկական երգերը: 300 կատարող՝ դպրոցականներ, հոգևորականներ, մանկավարժներ, երգչախմբեր և Կոմիտասի երգն ու երաժշտությունը սիրող տարբեր մասնագիտության տեր մարդիկ հավաքվել էին մի բեմում: Նախաձեռնության հեղինակը ժողովրդական երգիչ Արսեն Զաքարյանն է:

«Կոմիտասը Պոլսում ստեղծել է երկսեռ «Գուսան» երգչախումբը, որը բացկացած էր 300 հոգուց։ Վերցնելով այդ 300 խորհրդանշական թիվը, որոշեցի այս նախագիծն անվանակոչել «Կոմիտասի 300 ձայնը», այսինքն՝ 300 մարդ, հավաքվելով նույն գաղափարի՝ կոմիտասյան երաժշտության, հայկականության շուրջ, դառնան մեկ երգչախումբ»:
1910թ Կոմիտաս վարդապետի հիմնած «Գուսանն» աշխարհի տարբեր երկրներում ճանաչելի է դարձրել հայկական հնագույն մշակույթը:


Կոմիտասը հայ ժողովրդի հավաքական կերպարն է՝ համոզված է երգահան, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Երգն ամենաընկալելի ու ամենահասկանալի լեզուն է, որը թափանցում է մարդու հոգու խորքն ու բացահայտում ինքնությունը, ասում է, պարզապես, Կոմիտասի թողած ժառանգությունը պետք է տարածել:

«Կոմիտաս ասելով՝ մենք հասկանում ենք հայ ժողովուրդ, հայ ժողովրդի հազարամյակների հոգու գանձեր, որը պետք է փոխանցել մեր նոր սերնդին: Կոմիտասը մեզ վերադարձրեց 6000 տարի առաջվա կորած մեր մշակույթը, որովհետև չէին գրառվել եւ պահպանվել: Մշակույթում մեծ կորուստներ ենք ունեցել, բայց երաժշտության լեզվով Կոմիրտասը վերադարձրեց մեր հին տեսակը»:
Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին Կոմիտասը գյուղից գյուղ շրջելով հավաքել, ուսումնասիրել և մշակել է հայկական ժողովրդական երգերը, բայց դրանց մի մասն է պահպանվել:

Մաքուր հնչողության երաժշտությունը չպետք է աղավաղել, ասում է ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, բայց դեմ չէ, որ այն համադրվի երաժշտության տարբեր ժանրերի հետ՝ չվնասելով երգի բուն էությունը: Նրա «Մրո» երգապնակում ընդգրկված են նաև Կոմիտասի երգերը:

««Առնեմ, էրթամ իմ յարը», «Խնկի ծառ», «Շախկր-շուխկր»: Այդ երգերը ես մշակել եմ՝ պահպանելով երգի երաժշտական գիծն ու հնչերանգը, որովհետև շատ կարևոր է, թե ինչ տեսակի հարմոնիա ես օգտագործում, որպեսզի չվնասես: Մեր ժողովրդական, գեղջկական երգերում երբեմն հանդիպում ենք ոչ տեմպերացված ձայների, իսկ եթե դու չես գիտակցում դա, ուրեմն հաստատ կվնասես»:
Նրա գնահատմամբ՝ կոմիտասյան երաժշտութունը վնասելը հավասարազոր է հանցագործության: Ասում է՝ հանուն մեր արվեստի ու մշակույթի փրկության պետք է գիտակցել ու արժեվորել մեր ազգային մշակույթի երախտավորների անձնազոհությունը:

«Կոմիտասի 300 ձայնը» նախաձեռնությանը միացել էին ոչ միայն արմավիրցիներ, այլև տարբեր մարզերի երգչախմբեր, անհատ կատարողներ, բազմազգ «Բարի» երգչախումբը: Արմավիրի հրապարակում 300 հոգանոց երգչախումբը ղեկավարում էր «Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը՝ ներգրավելով նաև հանդիսատեսին: Հրապարակում հնչում էին ոչ միայն Կոմիտասի երգերը, այլև նրա գրառած պարերը: Արմավիրի մշակույթի տան պարային համույթի սան Էլեն Չվչյան.
«Կոմիտասի ծննդյան առթիվ այսօր պարելու ենք Կոմիտասի «Շորորը» , «Վաղարշապատ» պարը, ինչպես նաև ազգագրական պարեր»:


Նախաձեռնության հեղինակ Արսեն Զաքարյանը փորձել է պահոցներից հանել նաև Կոմիտասի այնպիսի երգեր, որոնք քիչ են կատարվում: Իր երգացանկում ընդգրկել ու ներկայացնում է կիթառահար Անուշ Միրզախանյանի հետ: