Բնակլիմայական ի՞ նչ ռիսկեր կան Հայաստանի այս կամ այն բնակավայրում, որտեղ է բարձր հեղեղման վտանգը, որտե՞ղ՝ երաշտի․ այս հարցերի պատասխանները կարելի է գտնել «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ»։ Գործիքը մշակել է Կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
Այդ քարտեզներով կարելի է գնահատել Հայաստանի տարբեր բնակավայրերում և տարածքներում կլիմայական վտանգների ազդեցությունը։ Դրանք կարող են ծառայել որպես տեղեկատվական կարևոր հիմք պետական քաղաքականության մշակման, ոլորտային և տարածքային պլանավորման, ռիսկերի կառավարման, ներդրումային որոշումների և կլիմայական դիմակայունության բարձրացման համար։
Հայաստանում վերջին տարիների ամենածանր ու վտանգավոր բնակլիմայական աղետը 2024-ի մայիսին Տավուշի և Լոռու մարզերում Դեբեդ գետի վարարումն էր։ Այս գնահատականը Ասիական զարգացման բանկինն է։ Մասնագիտական թիմը ոչ միայն արձանագրում է մի շարք բնակավայրերի հեղեղման հետևանքը, այլև ընդգծում բնակլիմայական 10 ռիսկերը՝ առանձնացնելով, թե հատկապես որտեղ ինչ վտանգ կարող է լինել։ Այդ ամենը հաշվի առնելով էլ կազմվել է Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզը։ Ի՞ նչ կտա այն ՀՀ տարբեր կառույցներին և, հատկապես, բանկերին։ Մանրամասնում է ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը․
«Ոչ միայն բանկերը, բայց երևի առաջին պահին առավելապես բանկերը կարող են օգտագործել իրենց ներդրումային և ինչու չէ, նաև վարկային որոշումները իրականացնելիս։ Այսինքն՝ սա նպաստող գործոն է, որպեսզի նրանք էլ ավելի շատ փաստահեն, տվյալահեն որոշումներ իրականացնեն։ Այսինքն, օրինակ, պայմանական դիտարկենք, որ մի բնակավայրը առավելապես մեծ հակվածություն ունի ֆիզիկական ռիսկերի՝ երաշտը, և այդտեղ գյուղատնտեսական վարկի կամ նմանատիպ հայտեր են լինում։ Բանկը կկարողանա նաև ավելի կանխատատեսելի դարձնի որոշակի ռիսկերը, դրանք դիտարկել ապահովագրական մեխանիզմներում»։
Կլիմայական ռիսկերը նաև տնտեսական ռիսկեր են։ Եվ եթե դրանք կանխատեսելի են, ապա հնարավոր է նաև կանխել վտանգները։ Քարտեզում ներկայացված են Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերը։ Գյուղատնտեսական նշանակության հող գնելիս, գյուղվարկեր վերցնելիս, անշարժ գույք գնելիս կամ տուն կառուցելիս, կարելի է օգտվել այդ տվյալներից։
ԱԶԲ հայաստանյան առաքելության ղեկավար Լյազիզա Սաբիրովա․ «Կլիմայի փոփոխությունը կարևոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից. մենք արդեն հասկանում ենք, որ այն էական նշանակություն ունի տնտեսական զարգացման, երկրի բարգավաճման, առողջապահության և, իհարկե, ֆինանսական կայունության ու ֆինանսական շուկաների համար։ Մենք նաև հասկանում ենք, որ կլիմայական ռիսկերը միատարր չեն. դրանց բնույթն ու հնարավոր ազդեցությունը տարբերվում են՝ կախված ոլորտից և աշխարհագրական դիրքից»։
ԱԶԲ թիմը 750 բնակավայր է առանձնացրել։ Վտանգներին տրվել են փաստացի կշիռներ՝ ֆինանսական գնահատման նպատակով։ Կլիմայական ռիսկերի քարտեզն ունի նաև բջջային հավելված, որն առաջիկա օրերին հասանելի կլինի բոլորին։
ԱԶԲ կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի նվազեցման փորձագետ Լիլիթ Մինասյան․ «Սկզբնական շրջանում մենք որոշել էինք, որ պետք է ներառենք միայն կլիմայական ռիսկերը, բայց պլատֆորմը զարգացրեցինք և այնտեղ ներառեցինք նաև ֆիզիկական բոլոր վտանգները։ Կատարել ենք հաշվարկները` սողանք, հեղեղում։ Ավելացրել ենք ջրի հասանելիության ինդեքսը։ Յուրաքանչյուր բնակավայրի վրա սեղմելիս տեսնում ենք, թե այդ բնակավայրում որքանով է ջուրը հասանելի, ինչ ոռոգման համակարգեր կան էդտեղ դրենաժային ցանցից սկսված մակերևութային ջրեր, հորեր»։
Կլիմայական քարտեզները հնարավորություն են տալիս գնահատելու կլիմայական վտանգների ազդեցությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում և տարածքներում։ Դրանք կարող են կարող են կարևոր տեղեկատվական հիմք դառնալ պետական քաղաքականության մշակման, ոլորտային և տարածքային պլանավորման, ռիսկերի կառավարման, ներդրումային որոշումների և կլիմայական դիմակայունության բարձրացման համար։