Հայաստանում է «Ռոսատոմ»-ի ղեկավարը

Երևանում է Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը, ով այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ռոսատոմ»-ի ղեկավարի սպասվող այցի մասին սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում հայտնել էր Հայաստանի վարչապետը:

«Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ», – ասել էր Փաշինյանը՝ հավելելով. – ««Ատոմակայանի հարցը, ես նախկինում էլ եմ ասել, որ մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»:

Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։

Երեկ Լիխաչյովին ընդունել է Ռուսաստանի նախագահը: «Ռոսատոմ»-ի ղեկավարը, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ կորպորացիան Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. խոսքը սինթետիկ կաուչուկի արտադրության գործարանի աշխատանքի հետևանքները վերացնելու մասին է:

Լիխաչյովը նշել է նաև, որ «Ռոսատոմ»-ը շարունակում է աշխատանքները Հայկական ատոմային էլեկտրակայանում՝ դրա շահագործման ժամկետը երկարաձգելու շրջանակում:

Leave a Comment