Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու նախագիծը

Իրանի խորհրդարանը դիտարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) երկրի դուրս գալու նախագիծը, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը։

Օրինագծին տրվել է «արտակարգ հրատապության» կարգավիճակ: Երբ փաստաթուղթը պաշտոնապես մուտք գործի նախագահություն, իրանցի պատգամավորները ծրագրում են այն քննարկել նույն օրը։

Մեջլիսի ղեկավարությունը խորը անվստահություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) և դրա գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ Իրանական կողմը գործակալությանը մեղադրում է «մակերեսային» ստուգումներ անցկացնելու և կանխակալ բացասական զեկույցներ հրապարակելու մեջ։

Խորհրդարանում խոստացել են մանրակրկիտ ուսումնասիրել նման քայլի բոլոր միջազգային հետևանքները։ Ըստ փորձագիտական գնահատականների՝ Իրանում փաստաթղթի հաստատումը դեռևս չի նշանակում պայմանագրի ավտոմատ խզում. ՄԶՉՊ-ի X հոդվածը պահանջում է դուրս գալուց երեք ամիս առաջ պաշտոնական ծանուցում ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Մեջլիսի այս նախաձեռնությունը հնչում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և երկրի ԱԳՆ հայտարարությունների ֆոնին, ըստ որոնց՝ Թեհրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը և ուրանի հարստացումն իրականացնում է բացառապես խաղաղ նպատակներով։

Leave a Comment