Ո՞վ է իրականացնելու բնակելի շենքերի կառուցման հողային աշխատանքները․ պայմանագրի արժեքը՝ 61.6 մլն դրամ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ բնակելի շենքերի կառուցման հողային աշխատանքների ծրագիրը բարեգործական է որակվել։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 61 մլն 651 հազար 148 դրամ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է e-gov.am էլեկտրոնային հարթակից։

Համապատասխան որոշմամբ՝ բարեգործական է որակվել «Բնակելի շենքերի կառուցման հողային աշխատանքների իրականացում» ծրագիրը։

Ո՞ւմ հետ է կնքվել պայմանագիրը

Ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը պայմանագիր է կնքել «Ախուրյան Կոոպշին» ՍՊԸ-ի հետ։

2026 թվականի օգոստոսի 3-ին կնքված՝ ՀՀ/ԳՇՀ-01/26 պայմանագրով նախատեսվում է իրականացնել բնակելի շենքերի կառուցման համար անհրաժեշտ հողային աշխատանքներ։

Պայմանագրի արժեքը կազմում է 61 մլն 651 հազար 148 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

Կառավարության որոշմամբ այդ գործարքը ճանաչվել է ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար էական նշանակություն ունեցող գործարք։

Ի՞նչ է նախատեսվում ծրագրով

Որոշման մեջ նշվում է, որ ծրագիրը վերաբերում է բնակելի շենքերի կառուցման հողային աշխատանքների իրականացմանը։ Միաժամանակ որոշման հավելվածում ներկայացվում են ծրագրի իրականացման վերաբերյալ մանրամասները։

Հիմնադրամը հաշվետվություն պետք է ներկայացնի

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակում ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների, ինչպես նաև մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ։

Ծրագրի ավարտից հետո հիմնադրամը պետք է մեկամսյա ժամկետում ներկայացնի նաև դրա կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկություններ։

Որոշումն ընդունվել է «Բարեգործության մասին»  օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը։

Leave a Comment