ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձավ Հայաստանի ընտրություններին՝ իր բնորոշմամբ՝ «Հայաստանի ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում»։
«Այն աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է և այսօր աննախադեպ սպառնալիքի է բախվում՝ ոչ թե արտաքին զավթիչի, այլ հենց կառավարության կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս վարչակազմը, ըստ էության, վերացրել է եկեղեցու և պետության միջև սահմանները և նախաձեռնել է եկեղեցու ազատությունների դեմ աննախադեպ արշավ։ Եվրոպայի խորհուրդը, ամենից առաջ, պետք է մտահոգված լինի մեր եկեղեցիների ազատությամբ»,- հայտարարեց նա։
Բրիտանացի պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցողը քաղաքական անհամաձայնություն չէ, այլ «հաշվարկված հարձակում կրոնական ինքնավարության դեմ»։ Նա անդրադարձավ նաև հոգևորականների կալանավորումներին՝ շեշտելով. «Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ենթարկվում է ճնշումների»։
Ըստ պատգամավորի՝ հունիսին անցկացված ընտրությունների ընթացքում Հայաստանի արդի պատմության մեջ առաջին անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու ինքնավարության վերացման դրույթներ. «Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրում իշխող կուսակցությունը միտումնավոր հարձակվում է տեղական եկեղեցու՝ աշխարհի ամենահին եկեղեցու վրա»,- ասաց նա։
Էդվարդ Լինը նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում կառավարությունը հրապարակել է պետական պատվերով զեկույց, որը «քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, ինչպես նաև սպառնացել է խորհրդարանական քննություն սկսել՝ եկեղեցու կանոնադրությունը հարկադրաբար փոխելու նպատակով»։ «Պետական մեխանիզմների օգտագործումը՝ հնագույն եկեղեցական օրենքները վերացնելու համար, մարդու իրավունքների և կրոնի ազատության կոպիտ խախտում է»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ընտրություններն օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ «սրբազան հաստատությունը պետության լիակատար վերահսկողության տակ դնելու համար»։
«Եվրոպայի խորհուրդը պետք է պաշտպանի կրոնի ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը»,- եզրափակեց պատգամավորը։