Մեղրի-Նորդուզ․ հայ-իրանական աճող բեռնահոսքը նոր լուծումների պահանջ է առաջադրում

Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների ընթացքը, առկա խոչընդոտներն ու դրանց լուծման տարբերակներն են քննարկել Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը և Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամմադին։ Հարցերը հատկապես կարևորվել են Երևան-Թեհրան առևտրաշրջանառության աճի պայմաններում․ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետով անցնող բեռնատարների հոսքի ավելացմանը զուգահեռ օրակարգում են սահմանային ենթակառուցվածքների, մաքսային ընթացակարգերի և անցակետի թողունակության հարցերը։

Հայ-իրանական առևտրի հիմնական ցամաքային ճանապարհը Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետն է։ Մերձավոր Արևելքի իրավիճակով պայմանավորված՝ դրա նշանակությունն ավելի է մեծացել Իրանի համար։ Ըստ տարբեր տվյալների՝ սահմանային անցակետն օրական միջինը 500-600 բեռնատարի երկկողմանի հոսք է ապահովում։ Այս պահին ի՞նչ խնդիրների են հանդիպում բեռնափոխադրողները՝ Հայաստան-Իրան սահմանը հատելիս և որքա՞ն ժամանակ է սովորաբար տևում գործընթացը՝ հետաքրքրվեցինք հայկական բեռնափոխադրող կազմակերպություններից մեկից, որի ներկայացուցիչը փոխանցեց հետևյալը.

«Այսօր Հայաստանից դեպի իրան բեռնափոխադրումների, մասնավորապես՝ արտահանման դեպքում հիմնականում սահմանային հերթերի հետ կապված խնդիր չենք ունենում։ Գործընթացը սովորաբար իրականացվում է առանց էական խոչընդոտների՝ չհաշված ֆորսմաժորային իրավիճակները»։  

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ հիմնական խնդիրները միայն սահմանային անցակետով չեն պայմանավորվում։

«Իրանի հետ գնալով մեր առևտրային ծավալները աճում են։ Նախ՝ պետական մարմինները նաև այդ խնդիրը դրեցին՝ երկու տարի առաջ խոսվում էր, որ ընդհանուր ծավալները հասցնեն մինչև մեկ միլիարդ դոլարի»։

ԵԱՏՄ-ի հետ Իրանի գործակցությունը բերում է մաքսատուրքերի նվազեցմանը, որը հեշտացնում է հայկական ապրանքների մուտքն այդ երկիր՝ ասում է Մակարյանը։ Բեռնափոխադրումների ծավալների աճն իր հերթին մեծացնում է անցակետի թողունակության և գործընթացների արագացման անհրաժեշտությունը։

«Երկրորդ խնդիրը կարող է լինել վարորդների և մեքենաների թույլտվությունների խնդիրները, որ կարողանան ավելի ճկուն իրականացնել բեռնափոխադրումները»։  

ԱԳՄԱՆ-ի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 768 միլիոն դոլար։ 2026 թվականի առաջին կիսամյակում այն հասել է 371,4 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,4 տոկոսով։ Այս պայմաններում սահմանային ենթակառուցվածքների թողունակությունն ու մաքսային ընթացակարգերի արագությունը դառնում են առանցքային հարցեր։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը կարծում է, որ բեռնատարների ու մարդատարների համար պետք է մուտքեր առանձնացվեն։

«Ինչու եմ սա նշում, որովհետև իրանական կողմից շատ-շատ քաղաքացիներ նաև դեպի Հայաստան են գալիս՝ ապրելու, որպես միգրանտ, աշխատելու կամ տուրիստ, կամ նույնիսկ արդեն սովորելու համար։ Այդ քաղաքացիները հիմնականում մեքենաներով են հատում սահմանը, հետևաբար՝ քաղաքացիական մեքենաների քանակն էլ  բավականին շատ է և կարող են խոչընդոտել ու հերթեր առաջացնել բեռնափոխադրողների համար»։

Հայկական և իրանական կողմերը քննարկում են բեռնափոխադրումների պարզեցման մի քանի ուղղություն։ Դրանցից մեկը Մեղրի-Նորդուզ ուղղությամբ պարզեցված մաքսային միջանցքի ներդրումն է։ Նախատեսվում է բեռների և բեռնատարների վերաբերյալ տվյալների նախնական էլեկտրոնային փոխանակում, ինչը պետք է հնարավորություն տա նվազեցնելու մաքսային ձևակերպումների և սահմանը հատելու համար անհրաժեշտ ժամանակը։

Սահմանային անցակետի թողունակությունը մեծացնելու համար նախատեսվում է նաև Մեղրիի անցակետի վերակառուցում և նոր ենթակառուցվածքների ստեղծում։ Օրակարգում է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ սահմանային կամրջի կառուցումը, որը պետք է լրացուցիչ հնարավորություն տա մեծացնելու բեռնափոխադրումների կարողությունը։

Գագիկ Մակարյանը նկատում է՝ Իրանի համար տարանցիկությունը խիստ կարևոր է, քանի որ երկիրը միայն Հայաստանով մուտք ունի ԵԱՏՄ։

«Իրանը, քանի որ ունի բարեկամական հարաբերություններ ԵԱՏՄ երկրների հետ, մաքսային, առևտրային սահմանափակումներ իր վրա չկան։ Սանկցիաներ չկան ու ինքը կարող է ազատ փորձել դա անել.  օգտագործել, որպեսզի իր արտահանումը ընդլայնի, զարգացնի իր արտահանումը, որովհետև դեպի Եվրոպա գնալու համար ունի խիստ սահմանափակումներ։ Հետևաբար ԵԱՏՄ-ն իրեն հետաքրքիր է, իսկ Հայաստանը՝ այդ հարավ-հյուսիս ճանապարհը իր համար շատ ձեռնտու հնարավորություն է նաև դեպի Վրաստան մտնելու համար։ Այնպես որ այդ առավելությունը կա»։  

Տնտեսագետը պատահական չի համարում, որ Հայաստանի և Իրանի պաշտոնյաների քննարկումների առանցքում ոչ միայն այսօր առկա  խնդիրների լուծումն է, այլև բեռնափոխադրումների աճող հոսքին պատրաստվելը։ Մեղրի-Նորդուզ ուղղությամբ պարզեցված մաքսային ընթացակարգերը, անցակետի վերակառուցումն ու նոր ենթակառուցվածքները, կարծում է, միաժամանակ կլուծեն երեք հիմնական խնդիր՝ կրճատել սահմանային սպասման ժամանակը, մեծացնել անցակետի թողունակությունը և նվազեցնել բեռնափոխադրումների հետ կապված լրացուցիչ ծախսերը։

Leave a Comment