Տարիներով չեք վճարել ձեր բնակարանի կամ տան գույքահարկը. քանի՞ տարվա պարտք կարող են գանձել ձեզանից

Անշարժ գույքի, այդ թվում բնակարանի և տան գույքահարկը տարիներով չվճարելու դեպքում կանոնները խիստ տարբերվում են աղբահանության և համատիրության պարտքերից։ Այստեղ հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը չի գործում. Հարկային օրենսգիրքն անշարժ գույքի հարկի մասով սահմանում է մինչև տասներորդ հարկային տարվա ժամկետ։ Միաժամանակ օրենսգիրքը նախատեսում է դեպք, երբ պարտավորությունը հինգ տարի հետո ընդհանրապես դադարում է։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Հարկային օրենսգրքով, որի գույքահարկին վերաբերող 11-րդ բաժինը գործում է անշարժ գույքի հարկ անվանմամբ։

Մինչև ո՞ր ամսաթիվը պետք է վճարել

Օրենսգրքի 236-րդ հոդվածով հարկը վճարվում է անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե՝ ֆիզիկական անձանց կողմից մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ կազմակերպությունների կողմից՝ կիսամյակային կտրվածքով՝ առաջին կիսամյակի համար մինչև հունիսի 1-ը, երկրորդի համար՝ մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ։

Քանի՞ տարվա պարտք կարող են պահանջել

Այստեղ գործում է Հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը։ Ընդհանուր կանոնով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո։

Սակայն նույն մասով անշարժ գույքի հարկին և փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների խախտումների դեպքում գործում է առանձին կանոն. պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո։

Այսինքն՝ գույքահարկի մասով հնարավոր ժամկետը երեք անգամ ավելի երկար է, քան մյուս հարկերի դեպքում, և ավելի քան երեք անգամ, քան աղբահանության կամ համատիրության պարտքերի դեպքում։

Ե՞րբ է պարտավորությունն ամբողջովին դադարում

Օրենսգրքի 45-րդ հոդվածով հարկային պարտավորությունը դադարում է, երբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի՝ երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետից անցել է հինգ տարի։

Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար նույն՝ երկու միլիոն դրամի շեմի դեպքում ժամկետը յոթ տարի է։

Պարտավորությունը դադարում է նաև սնանկության վարույթի ավարտով՝ օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև երբ մահացած անձը ժառանգ չունի կամ ժառանգը հրաժարվել է ժառանգությունից, և մահվանից անցել է հինգ տարի։

Որքա՞ն է տույժը

Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասով հարկը սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ՝ չմուծված գումարի 0,075 տոկոսի չափով։ Նույն հոդվածի 2-րդ մասով տույժը հաշվարկվում է ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար։

Պատկերացման համար՝ 30 000 դրամ հարկը մեկ տարի ուշացնելը կավելացնի մոտ 8200 դրամ տույժ։

Կարևոր բացառություն. 401-րդ հոդվածի 4-րդ մասով, եթե հարկման բազայի ճշգրտման հետևանքով առաջանում են անշարժ գույքի հարկի լրացուցիչ գումարներ, դրանց նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև փոփոխությունների ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար, պայմանով, որ մինչ այդ պարտավորությունները ժամկետներում ամբողջությամբ կատարված են եղել։

Ծանուցագիր չեմ ստացել. կարո՞ղ եմ չվճարել

Ոչ։ Օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ մասով հաշվառող մարմինները հաշվարկված հարկի վերաբերյալ տեղեկությունները մինչև նոյեմբերի 1-ը փակցնում են համայնքի վարչական շենքում կամ տեղադրում իրենց կայքերում, իսկ 4-րդ մասով տեղեկություն չփակցնելը կամ ծանուցագիր չներկայացնելը չի ազատում հարկ վճարողին պարտավորությունն ամբողջությամբ կատարելուց։

Ձեր հարկի չափը կարելի է ստուգել Կադաստրի կոմիտեի հաշվիչով՝ e-cadastre.am/ratedEstate, կամ դիմելով հաշվառող մարմնին, որը տեղեկանքը տրամադրում է երեք աշխատանքային օրում։

Ի՞նչ է լինում սեփականատիրոջ մահվան դեպքում

Օրենսգրքի 51-րդ հոդվածով ֆիզիկական անձի մահվան դեպքում նրա չկատարված հարկային պարտավորությունները կատարում է ժառանգը, իսկ մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգված գույքի շուկայական արժեքին համամասնորեն։

Ժառանգը կարող է դիմել հարկային մարմնին կամ համայնքին և հինգ աշխատանքային օրումստանալ տեղեկատվություն իրեն փոխանցվող պարտավորության մեծության մասին։ Վճարման ժամկետը՝ մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ։

Ընդ որում, նոտարները պարտավոր են եռամսյակային կտրվածքով հարկային մարմնին տեղեկատվություն ներկայացնել ժառանգված գույքի և ժառանգների կողմից պարտավորություններ ստանձնելու մասին։

Պարտքով բնակարան վաճառել հնարավո՞ր է

Ոչ։ Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով անշարժ գույքն օտարելուց առաջ սեփականատերը պարտավոր է ամբողջությամբ մարել տվյալ գույքի հարկային պարտավորությունները, իսկ Կադաստրի կոմիտեն սեփականության իրավունքի փոխանցման գրանցումն իրականացնում է հաշվառող մարմնի տված՝ պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքի հիման վրա։

Համաձայն չե՞ք հաշվարկի հետ

233-րդ հոդվածի 6-րդ մասով հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում կարելի է դիմել հաշվառող մարմնին՝ հաշվարկի ճշգրտման համար, իսկ հարկման բազայի ճշգրտման համար անհրաժեշտ տվյալների մասով՝ Կադաստրի կոմիտե։ Պատասխանը տրամադրվում է երեք աշխատանքային օրում։

Ամփոփելով՝ գույքահարկը ֆիզիկական անձինք վճարում են մինչև դեկտեմբերի 1-ը, ուշացման դեպքում հաշվարկվում է օրական 0,075 տոկոս տույժ՝ առավելագույնը 730 օրվա համար, անշարժ գույքի հարկի մասով խախտումը կարող է հայտնաբերվել մինչև տասներորդ հարկային տարին, մինչև երկու միլիոն դրամի պարտավորությունը ֆիզիկական անձի համար դադարում է վերջնաժամկետից հինգ տարի հետո, ծանուցագիր չստանալը չի ազատում վճարելուց, սեփականատիրոջ մահվան դեպքում պարտքն անցնում է ժառանգներին՝ ժառանգված գույքի արժեքին համամասնորեն, իսկ հարկային պարտք ունեցող գույքը վաճառել հնարավոր չէ, քանի որ գրանցումն իրականացվում է պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Գույքահարկի հաշվարկի, դրույքաչափերի և արտոնությունների մասին կարդացեք այս նյութում, իսկ համատիրության պարտքի վաղեմության ժամկետների մասին՝ այստեղ։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։






Կարդացեք նաև՝

Leave a Comment